«Մինչև «Գեոթիմում» աշխատելը ես էլ էի համարյա համոզված, որ պետք է լքեմ հայրենիքը»
Երիտասարդ մասնագետները՝ «Գեոթիմում» անցած իրենց փորձառության մասին
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու պատրաստվող «Գեոթիմ» ընկերությունը բազմաթիվ երիտասարդ մասնագետների հնարավորություն է ընձեռել աշխատել ընկերությունում և ավելի մասնագիտանալ իրենց ոլորտներում: Ընկերության բնապահպանական մասնագետների թիմում արդեն 6 տարի աշխատող 29-ամյա Արթուր Պեպանյանը մաթեմատիկական կրթություն ունի: Առանց բնապահպանության ոլորտում որևէ փորձ ունենալու, որակավորված մասնագետների մոտ վերապատրաստվելով՝ դարձել է այս թիմի անդամը: Մեզ հետ զրույցում Արթուր պատմեց, որ 6 ամիս փորձաշրջան է անցել ընկերությունում, ծանոթացել է աշխատանքի բնույթին, այնուհետև անցել է աշխատանքի:
«Այս տարիների ընթացքում մեծ փորձ եմ ձեռք բերել, մշտապես անցել եմ մասնագիտական վերապատրաստումներ: «Գեոթիմի» բնապահպանական բաժնում շատ հետաքրքիր է աշխատելը: Մեզ հնարավորություն է ընձեռվում աշխատել արտերկրյա և տեղի լավագույն մասնագետների հետ՝ տարբեր կազմակերպություններից: Մինչ այժմ արդեն երևի թե մոտ 50 արտասահմանյան տարբեր ոլորտների մասնագետների հետ եմ աշխատել: Բնապահպանությունը կոնկրետ հիմնված է չափումների վրա, սարքավորումներն օգտագործելու վրա, որը սերտորեն կապված է մաթեմատիկայի հետ: Իսկ մնացածը սովորել եմ տեղում տարբեր մասնագետների հետ աշխատելուց ու դասընթացներ անցնելով»,- պատմում է Արթուրը:
Նա նկատեց, որ Հայաստանում լավ գործ գտնելը շատ դժվար է, ու ինքը շատ ուրախ է, որ «Գեոթիմի» հետ սկսել է աշխատել, այլապես, կարծում է, որ շատ դժվար կլիներ իր համար: ««Գեոթիմը», «Լիդիան Ինթերնեյշնլը» նոր կուլտուրա է, որի պակասը Հայաստանում կա հանքարդյունաբերության ոլորտում, մենք աշխատանքները կատարելիս ոչ միայն Հայաստանի օրենսդրության ստանդարտներին, այլև միջազգային լավագույն փորձի ստանդարտներին ենք համապատասխանեցնում մեր աշխատանքը»,- նշեց մեր զրուցակիցը:
Երկրաբանի և երկրաֆիզիկոսի մասնագիտացմամբ 32-ամյա Հովհաննես Կարապետյանը նույնպես իր աշխատանքային առաջին փորձն ունեցել է «Գեոթիմում»: Արդեն 8 տարի այս ընկերությունում աշխատող Հովհաննեսը պատմում է, որ այստեղ շատ պատահական է հայտնվել՝ ռեզյումե է ուղարկել, աշխատանքային փորձ չի ունեցել, բայց ի սկզբանե ընդգրկվել է Ամուլսարի ծրագրի աշխատանքներին:
«Ես և իմ նման շատ երկրաբաններ ստացել են մեծ փորձ, ու կոնկրետ ես, բացի Ամուլսարի ծրագրից, մասնակցել եմ նաև Հայաստանից դուրս նախագծերի, որը նույնպես մեծ փորձ է»,- պատմեց Հովհաննեսը:
Նշենք, որ Հովհաննեսը Գյումրիից է, համալսարանն ավարտել է ու մնացել Երևանում, որովհետև կարողացել է աշխատանքի տեղավորվել «Գեոթիմում». «Այդ ժամանակ շատ մեծ խնդիր էր՝ գործազրկություն կար, աշխատանքի պակաս կար, ու իմ շատ ընկերներ ստիպված թողնում էին Հայաստանը ու գնում էին արտագնա աշխատանքի, ու ես շատ ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին դիմեցի «Գեոթիմ» ընկերությանը, հիմա կարող եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մինչև այստեղ աշխատելը ես էլ էի համարյա համոզված, որ պետք է լքեմ հայրենիքս ու բռնեմ արտագաղթի ճամփան, սա միակ լուսավոր կետն էր, որ եկա, հավատացի, որ կարելի է իմ երկրում գործ գտնել, ամենակարևորը՝ իմ մասնագիտությամբ, որը մեծ փորձ տվեց ինձ»:
Հովհաննեսի կարծիքով՝ այս ծրագիրը ոչ միայն «Գեոթիմ» ընկերության աշխատողների համար է արդյունավետ, այլև տնտեսական մեծ հեռանկարներ է բացում և՛ Ամուլսարի շրջակա համայնքների, և՛ առհասարակ երկրի համար:
«Գեոթիմ» ընկերությունում այժմ որպես բնապահպան աշխատող 28-ամյա Ռուբեն Վարդանյանը մինչև վերջերս այդ ընկերությունում աշխատում էր՝ որպես երկրաբան: Որոշել է փոխել աշխատանքի ոլորտը, քանի որ հասկացել է, որ բնապահպանության ոլորտն իրեն ավելի է հետաքրքրում. «Մինչև ոլորտս փոխելը մեկ տարի աշխատեցի կենսաբազմազանության հետազոտման ծրագրում, որը կատարվում էր «Գեոթիմի» և արտասահմանյան ընկերությունների, ինչպես նաև՝ մեր Կենդանաբանության ինստիտուտի մասնագետների կողմից: Աշխատեցի ու ցանկացա շարունակել այդ ոլորտում»:
Նշենք, որ Ռուբենն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետը, այնուհետև մագիստրատուրան անցել է Պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում. «Համալսարանն ավարտել եմ, գնացել բանակ, հետո հետ եմ եկել, ընդունվել եմ աշխատանքի ու, մագիստրատուրային համատեղ, աշխատել եմ: Այստեղ աշխատում եմ արտասահմանցի մասնագետների հետ, փորձի փոխանակում, նոր մեթոդիկա, նոր աշխատաոճ, տալիս է հնարավորություն մասնագետին ոչ թե՝ միայն տեսականորեն իմանալ, այլ՝ պրակտիկորեն կիրառել գիտելիքները, տալիս է անձին զարգանալու, աճելու, ավելի մասնագիտանալու հնարավորություն»:
Ռուբենը կարծում է նաև, որ «Գեոթիմը» Հայաստանում այն եզակի ընկերություններից է, որի աշխատողները ոչ մի բանից չեն կարող դժգոհել: «Դուք չեք կարող գտնել մի մարդ այստեղ, որ աշխատում է, ու դժգոհ է այս կամ այն հարցից»,- ասաց մեր զրուցակիցը, որը գոհ է այս ընկերության աշխատելու, ղեկավարման ոճից, նաև մասնագետների ընտրությունից, որի ընթացքում, ըստ նրա, ոչ միայն կարևորվում են մասնագիտական, այլև՝ մարդկային բարձր հատկանիշները:
Գորայք համայնքի բնակիչ, 38-ամյա Մկրտիչ Կարապետյանը, ով եղել է ընկերության առաջին բանվորը, հիմա մասնագիտությամբ երկրաբան է, ու ընկերությունում աշխատում է հենց երկրաբանության ոլորտում: «Առաջին հանդիպումը եղել է Հայկ Ալոյանի («Գեոթիմ» ընկերության տնօրենն է.- Ա. Ք.) հետ՝ դաշտում, պատահական, հետո ինքն առաջարկեց՝ որպես բանվոր աշխատել, հետո լաբորատորիայում աշխատել եմ՝ որպես նմուշարկու, զուգահեռ գործերս տվեցի, ընդունվեցի Համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, սովորել եմ, աշխատել եմ որպես երկրաբան: Ես ասել եմ իմ մտադրության մասին, իրենք աջակցել են, ասել են՝ դու ընդունվի, մենք ֆինանսավորումը կանենք»,- պատմում է Հովհաննեսը:
Նա նշեց, որ այս համագործակցության արդյունքում ինքը ձեռք է բերել աշխատանք, ինչի շնորհիվ չի բռնել արտագաղթի ճամփան. «Գաղթի ճամփան չենք բռնում, մնում ենք Հայաստանում, աշխատում ենք, ընտանիք ենք ունենում, ապահովված ենք լինում ամեն ինչով: Մինչև իրենց հետ աշխատելը՝ ես աշխատել եմ նաև Արփա-Սևան թունելում՝ որպես բանվոր, այս գործն ավարտելուց հետո պատահական հանդիպել եմ Ալոյանին, ու մինչև հիմա աշխատում եմ իրենց հետ»:
Ծրագրի ավարտից հետո, եթե իր բնակավայրին մոտ աշխատանք լինի այս ոլորտում, Հովհաննեսը պատրաստ է շարունակել աշխատել:
Գնդեվազ գյուղի բնակիչ Գարիկ Եղյանը նույնպես երկար տարիներ աշխատում է «Գեոթիմում»: 2011 թվականից էլ արդեն տեղափոխվել է ընկերության բնապահպանական բաժին, օգնում է մասնագետներին նմուշարկումների և այլ ոլորտներում: Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ինքը մեծ աշխատանքային փորձ է ձեռք բերել իր համար նոր ոլորտում:
«Ինձ այս ընկերության հետ համագործակցելը տվել է մասնագիտություն, որը ես եթե փորձեմ, ուրիշ հանքերում էլ կարող եմ օգտագործել: Այն, որ ես Գնդեվազի բնակիչ եմ ու հենց ես եմ աշխատում այնտեղ, ինձ համար շատ կարևոր է, ու ավելի հետևողական եմ, որ ավելի լավ լինի, որովհետև այն կոնկրետ մեզ է վերաբերում»,- ասաց մեր զրուցակիցը, ըստ որի՝ ընկերությունը շատ բարձր մակարդակով է աշխատել: Նրա խոսքով՝ այդ աշխատանքներին ինքն էլ է ընդգրկված եղել ու տեսել է, որ ամեն ինչ արվում է, որ ճիշտ լինի:
26-ամյա Գարիկը հույս ունի, որ ծրագրի ավարտից հետո կկարողանա այս նոր բնագավառում էլի շարունակել աշխատել:
Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված «Լիդիան ինթերնեյշնլի» դուստր ընկերությունն է: Հիմնադրվել է 2005թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` վերջին 20 տարիների ընթացքում՝ առաջինը Հայաստանում: «Գեոթիմ» ՓԲԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում: Ամուլսարը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմանին՝ մայրաքաղաք Երևանից 170կմ հեռավորության վրա: Ամուլսարի հանքի շինարարությունը սկսվելու է այս տարի: