«Զենքի վաճառքը ավելի շուտ տնտեսական, քան քաղաքական հարց է». Ռուսները շարունակում են կրկնել նույնը

«Զենքի վաճառքը միջազգային ընդունված պրակտիկա է, դա ավելի շուտ տնտեսական, քան քաղաքական հարց է: Բացի ռուսական զենքից, այն կողմն ունի բավարար չափով իսրայելական, թուրքական զենք: Եթե ՌԴ-ն հրաժարվի այդ պետության հետ զենքի վաճառքից, հաջորդ օրն արդեն այն կփոխարինվի ՆԱՏՕ անդամ երկրի ավելի մահաբեր զենքով: Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: Դրա համար պետք է աշխատել ոչ թե զենքի, այլ մարդկանց հետ, այդ դեպքում ոչ մի զենք` ո´չ ռուսական, ո´չ մյուս, չի կրակի»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ և ՌԴ պաշտպանության ոլորտի խորհրդարանականների նիստից հետո հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք բիզնես շահը ավելի կարևո՞ր է Ռուսաստանի համար, քան զոհված հայ զինվորների արյունը: Ա. Չեկալինը մոլորություն անվանեց տեսակետը, որ եթե Ադրբեջանի զենքը ռուսական չլինի, ապա այլ արտադրության զենքը չի կրակի:

Ըստ նրա` այլ երկրների զենքն ավելի շատ կկրակի: «Այս լարվածության չեզոքացումը, մարդկանց կյանքերի փրկությունը միայն խաղաղ գործընթացում է: Միայն ռազմական գործընթացի վրա հույս դնելն անուղղելի սխալ կլինի: Դա մեր տեսակետն է, որ երկար ժամանակ պատերազմում ենք»,- ասաց Չեկալինը: Կոմիտեի նախագահի տեղակալ Բայիր Ժամսուևը հայտարարեց, թե քաղաքական կամքն այն կլինի, որ բոլոր կողմերին ստիպեն հրաժարվել ուժի կիրառումից, իսկ զենքի վաճառքն իրակացնվում է պայմանագրերի համաձայն: Նա ասաց, թե պատերազմը շատ ավելի լայն կարող էր լինել, սակայն այն դադարեցվեց ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ: Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միայն ՌԴ-ն է զբաղվում կողմերին զենքի վաճառքով, ՌԴ խորհրդարանի կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատևը հակադարձեց, թե ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը.

«Մեր գլխավոր խնդիրն է` ամեն ինչ անել դիվանագիատական խաղաղ ճանապարհով կանխել մեծագույն դժբախտությունը, և բոլոր քննարկումները զենքի վաճառքի մասին հաճախ պրովոկացիոն են»:

Տեսանյութեր

Լրահոս