Խանութ-սրահում երիտասարդ տղամարդը վնասել է վերնաշապիկները
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բրենդային խանութ-սրահում վերնաշապիկներ վնասած անձի ինքնությունը:
ՓԲԸ-ի ներկայացուցչից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի մարտի 17-ին մի երիտասարդ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող բրենդային խանութ-սրահներից մեկում դիտավորությամբ վնասել է 4 վերնաշապիկ՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութ-սրահում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ երևում է վերնաշապիկները վնասող երիտասարդը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: