«Իրական պատմություն». Արթուր Աղաբեկյան
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1991 թ. հունիսին, երբ դեպարտացիայի էին ենթարկում Հադրութի շրջանի գյուղերը, տեղահանում էին խաղաղ բնակչությանը, ես՝ որպես Հադրութի ընդհատակի հրամանատար, ունեի ընդամենը 27 ավտոմատ և 2 գնդացիր: Հունիս ամսվա վերջին ընդհատակում զինված տղաների մի մասը զենքերը հանձնեցին և սկսեցին համոզել, որ կռիվը անիմաստ է:
Այդ օրերին ողջ Արցախում պարտվողական տրամադրություն էր, որի հետ չէին հաշտվում ընդհատակում գործող հարյուրավոր տղաներ, որոնք համախմբվել էին մեկ հրամանատարության ներքո և փորձում էին փոքրաթիվ զենքով դիմակայել հազարավոր օմոնականներին և Խորհրդային Միության ներքին զորքերին, որոնք գործում էին միասին՝ նպատակ ունենալով Արցախը հայաթափել՝ գործելով հարավից և հյուսիսից:
Այդ օրերին ես փորձում էի գտնել տղաներ, որոնք զենք կվերցնեն: Հադրութում հանդիպեցի իմ ուսանողական ընկերոջը՝ սկսելով ներկայացնել, թե որն է ելքը՝ հեռվից մոտիկանալով հիմնական նպատակին:
Նա խոսքս կտրեց ու ասաց՝ ելքը մեկն է, պետք է մեր շարժման լիդերներին՝ Հարդութում, Մարտունիում, Ստեփանակերտում և ամենուր բռնենք և մեր ձեռքով հանձնենք Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի հանգիստ ապրենք մեր հողի վրա:
Չեմ շարունակում պատմությունս, բայց ցավով և հպարությամբ նշեմ, որ իմ ընկերը 1994 թ. հերոսաբար զոհվեց, զոհվեց՝ փրկելով Կապանի բրիգադի տասնյակ զինվորների ու արժանացավ մարտական խաչի:
Այնպես որ, ներողամիտ կլինեմ բոլոր չարախոսների նկատմամբ՝ ճանաչելով ու չճանաչելով նրանց: Գիտեմ, որ ընդամենը ժամանակի խնդիր է և նրանք դարձի են գալու, ինչու չէ՝ նաև վստահ եմ, որ նրանց մի մասը իմ ընկեոջ պես հերոսնալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը»: