«ԱՄՆ-ի կողմից այս քայլն ուղղված է Իրանին «երես չտալուն»». Վարդան Ոսկանյան

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ը Իրանին չի հրավիրել մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին: Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը հայտարարել էր, թե գագաթաժողովի նպատակը հարթակ լինելն է տարբեր մոտեցումներ ու հեռանկարներ ունեցող երկրների պատասխանատու քննարկումների համար, այլ ոչ թե՝ համաշխարհային քննարկման համար թատերաբեմ:

«Մենք ակնկալում ենք, որ երկրները կառուցողական դեր կխաղան: Այդ պատճառով Իրանը չի ստացել հրավեր»,- հավելել է Հոլգեյթը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանից փորձեցինք պարզել, թե ինչ է այս քայլով ուզում ցույց տալ ԱՄՆ-ը:

«Ընդհանուր առմամբ, պետք է նշել մի կարևոր հանգամանք՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեև ընթանում են որոշակի նորմալացման ուղեծրով կամ այդ հեռանկարին համապատասխան, բայց երկու երկրների միջև անվստահության մթնոլորտն այնքան մեծ է, որ շատ խնդիրներում Իրանն է անտեսում ԱՄՆ-ի որևէ ներկայություն, և՝ ընդհակառակը: Այս համատեքստում ամենևին զարմանալի չէ, որ Իրանին չեն հրավիրել այդ կարևորագույն միջոցառմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Ըստ նրա՝ սա կարելի է համարել քայլ, որն ուղղված է Իրանին «երես չտալուն». «Բայց ակնհայտ է, որ իրանցիները նման դիրքորոշումների սովոր են, և համապատասխան քայլեր իրենք կձեռնարկեն: Պատասխանը կլինի դիվանագիտական առումով շատ զուսպ, բայց համարժեք»:

Իսկ Հոլգեյթի հայտարարության մասով նշեց, որ դա հռետորաբանական պատերազմի տարրերից մեկն է. «Բնական է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը նման մակարդակի տարբեր պաշտոնյաների բերանով, իրենց դիրքերն ուժեղացնելու նպատակով՝ անում են կոշտ հայտարարություններ, որոնք ներքին բանակցային փուլում կողմերի դիրքերն ավելի ուժեղացնելու նպատակ են հետապնդում, ոչ ավելին: Ակնհայտ է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում առանց Իրանի հետ հաշվի նստելու որևէ կառուցողական քայլ իրականացնել անհնարին է»:

Տեսանյութեր

Լրահոս