«Մամ, ներիր ինձ, որ դրեցի ձեզ անհարմար դրության մեջ, խայտառակեցի ձեզ», «Աստված տա՝ կհանդիպեք մի օր». ինչ է գրել Պերմյակովը ծնողներին
Ռուսական 102-րդ ռազմական բազայում այսօր շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Այս փուլում դատարանում հրապարակում են քրեական գործի նյութերը:
Ռուսական կողմում քննության ընթացքում ձեռք բերված, ապա հայկական կողմից փոխանցված նյութերի հրապարակումից պարզ դարձավ, որ փորձաքննության արդյունքում Վալերի Պերմյակովի մոտ վնասվածքներ կամ դրանց ապաքինման հետքեր: Հրապարակվեցին Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, բնութագրեր դպրոցից, որտեղ սովորել է. ըստ այդ փաստաթղթերից մեկի՝ նա նշել էր, թե վերջին անգամ «ծխել է» ծառայությունից առաջ: Բնութագրերում հաճախ էր նշվում դեմքին անտեղի ժպիտի առկայության մասին:
Հրապարակվեց փորձաքննության եզրակացություն, որում նշված էր, որ տրամադրված քրեական գործերից և փորձաքննվողի խոսքերից հայտնի է, որ նա ծնվել է 1996թ. հայրը և մայրը դաստիարակվել են մանկատանը, դպրոցում Պերմյակովը սովորել է բավարար, սիրելի առարկաներն են եղել մաթեմատիկան, գծագրությունը, ֆիզկուլտուրան, սիրել է շաշկի խաղալ, դասարանները չի կրկնել: Նրա հարազատների ցուցմունքներից հայտնի է, որ նա բնութագրվել է՝ որպես շփվող, ուրախ, ընկերասեր, մեղմ, հարգալից, դաստիարակված, ավելի հանգիստ, քան բռնկվող, կարող է բռնկվել, բայց շուտ հանգստանում էր: Կարող էր համառ լինել, հասնել իր ուզածին, եթե ցանկանար: Նա մեծացել է քնքշալի, շատ է սիրել երեխաների, մասնավորապես՝ իր զարմիկներին, նրանց հետ միշտ ժամերով խաղացել է, սիրառատ է, աղջիկներ է բերել տուն՝ ծանոթացնելու նրանց մոր հետ, որպեսզի նա ասի՝ իրեն դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:
Ըստ այդ բնութագրերի՝ Պերմյակովի մոտ սուր զարգացած է արդարացիության զգացումը: Հայրը նկարագրել է դեպք, երբ Պերմյակովը 16 տարեկան է եղել և տեսել ամուսնու կողմից քրոջը ծեծելու հետևանքները, գնացել է Ոստիկանություն և փեսայի վերաբերյալ հայտարարություն գրել: Ըստ նկարագրության՝ նա չընդհարվող, կենսուրախ և զվարթ մարդ է, այդ պատճառով՝ ո՛չ ընտանիքում, ո՛չ ընկերների, ո՛չ համադասարանցիների հետ ընդհարումներ չի ունեցել: Հասունացող ընդհարման ժամանակ պարզապես հեռացել է այլ սենյակ և ետ վերադարձել, երբ ամենն արդեն հանգիստ է եղել, այսինքն՝ խուսափել է նման իրավճակներից: Պերմյակովի մոտ երևակայելու հակվածություն չկա, բայց կատակել կամ ձեռք առնել սիրում էր, կարող էր նաև խաբել: Ազատ ժամանակ օգնել է հորը՝ տեխնիկայի վերականգնման հետ կապված խնդիրներում, ընտանիքում գումարային խնդիրներ չեն եղել: Շփման շրջանակը հարազատներին հայտնի չէ: Պերմյակովի ընկերների մեջ չկային դատապարտված անձինք, բայց քաղաք Բալեյում առկա է հանցավոր ռոմանտիզմ, քանի որ քաղաքում բազմաթիվ դատվածներ կան, և երիտասարդները, չգիտես՝ ինչու, կարծում են, որ դա զիլ է, և փորձում են կրկնօրինակել նրանց: Պերմյակովը ծառայության առումով չի բողոքել, ցանկացել է մնալ պայմանագրային ծառայության: Կրոնին վերաբերվում էր հանգիստ, հատուկ գրականությամբ չէր հետաքրքրվում: Պերմյակովի կողմից ծառայակիցների մոտ մոր մահվան վերաբերյալ հայրն ասել է, որ որդին կարող էր կատակել, բայց ոչ այդ աստիճանի: Ըստ փաստաթղթերի՝ մի անգամ Պերմյակովն իր ընկերոջը հայտնել է, թե մասնակցում են զինված ընդհարմանը, ծախսում 40 հազարական փամփուշտ: Ծառայակիցներից մեկը, ըստ փաստաթղթերի, Պերմյակովին բնութագրել է՝ որպես անբարեխիղճ զինծառայող, ով հրամանատարության կողմից հատուկ վերահսկողության կարիք է պահանջում: Ընկերներից մեկն էլ ասել է, որ սկսել են ալկոհոլ օգտագործել: Իրեն ասել է, որ Աստծուն չի հավատում, և կարծում է, որ ինքն աթեիստ է: Մեղադրողը հրապարակեց նաև ծառայողական բնութագիրը, որի համաձայն՝ առաջադրված խնդիրների կատարմանն անբարեխղճորեն էր վերաբերվում, պահանջում էր մշտական հսկողություն, մշտապես բողոքներ էր ներկայացնում հոգեկան տագնապի վերաբերյալ, ոչ միշտ է հետևում անձնական հիգիենայի կանոններին, հակված է ստելու: Բնավորությամբ անհավասարակշիռ է, չշփվող, զինակիցների մոտ հարգանք չի վայելում:
Փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մոտ նկատելի են պաշտպանական ռեակցիաներ, մշտապես ժպտում է, շփմանը զուգահեռ՝ բղավում է, սկսում պատմել, իրեն հանգիստ է պահում, բավականաչափ վստահ: Շփման ժամանակ բարեհամբույր է, բարեկիրթ, կոռեկտ, պատասխանում է բոլոր հարցերին, դուրս չի հալիս հարցի սահմաններից: Իրեն նկարագրել է՝ որպես բարի, ուրախ և վճռական մարդ, ֆիզիկապես և հոգեպես առողջ մարդ: Սիրում է շանսոն լսել: Փորձագիտական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ Վալերի Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի ընթացքում չէր գտնվում ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, ինչը հաստատվում է իր հաջորդական և նպատակաուղղված գործողությունների բնույթով, որոնք բաշխված են եղել ժամանակի մեջ, չեն ուղեկցվել գիտակցության խավարումով, բացակայում են կատարվածի վերաբերյալ ցնորացնդաբանական մեկնաբանությունները: Նա կարող էր ամբողջությամբ գիտակցել իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը և ղեկավարել դրանք: Ներկայումս կարող է գիտակցել իր գործողությունների բնույթը, ղեկավարել դրանք, ինքնուրույն իրականացնել իր պաշտպանությունը: Նա չի տառապում հոգեներգործուն նյութերից կախվածության ախտանիշով, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կարիք չունի, իր հոգեկան վիճակով պիտանի է հոգեկան ծառայության համար: Հիշողության և տեսողական ընկալման խանգարումներ չեն հայտնաբերվել: Իրեն մեղսագրվող արարքի կատարման ընթացքում նա չի գտնվել աֆեկտի կամ այլ հոգեկան վիճակում, որն էական ազդեցություն է ունեցել գիտակցության վրա: Մեղսագրվող արարքը գործելու ընթացքում նրա գործողությունները կրել են հետևողական և նպատակաուղղված բնույթ, վարքագիծը կառուցվել է՝ հաշվի առնելով կոնկրետ իրադարձություններ:
Հրապարակվեց 2015թ. փետվարին առգրավված և զննված տետրը, որում Վալերի Պերմյակովը գրել էր. «Բարև իմ հարազատ և սիրված ծնողներ, ուզում եմ խնդրել ներողություն իմ կատարածի համար: Ցանկանում եմ բացատրել այդ ամենը կամ գոնե կփորձեմ, քանի որ գիտեմ, որ դուք այդ պահին տարակուսանքի մեջ եք, չեք կարողանում հավատալ այդ ամենին՝ թեև ես էլ ի վերջո չեմ հասկանում, թե ինչպես է դա ստացվել և ինչու հենց ինձ հետ: Ես չգիտեմ, թե ինչու եմ գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար, քանի որ ես չկարողացա ինձ զսպել այն ժամանակ, պահել ինքս ինձ և դիմեցի փախուստի, ոտքերս էին ինձ տանում ինքս չգիտեմ, թե ուր: Երբ ես մտա և տեսա մարդկանց, ձեռքերս ինքնին սկսեցին կրակել: Ամենայն հավանականությամբ, վախից կամ չգիտեմ ինչից: Մամ, ներիր ինձ, որ դրեցի ձեզ անհարմար դրության մեջ, խայտառակեցի ձեզ, չէ՞ որ դրա համար դուք չեք ինձ ծնել և դաստիարակել, մեծացրել ինձ, որպեսզի ես միանգամից ամեն ինչ փչացնեմ: Չեմ արդարացրել ձեր հույսերը և գիտեմ, թե ինչպես եք ինձ սիրում, և հայրս ինձանով հպարտանում է և իմ հաջողություններով, իսկ ես ամենը փչացրի առաջին հերթին ինձ համար, բայց ձեզ էլ խայտառակեցի: Գիտեմ՝ ձեզ այս պահին հանգիստ չեն թողնում այդ քննություններով և հարցաքննություններով: Համացանցում ինչ հիմարություն ասես գրում են, ոչ միայն այնտեղ: Մամ, ներիր ինձ դրա համար, ես չէի ուզում դա: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց այնուամենայնիվ դա պատահել է՝ հակասելով իմ դաստիարակությանը: Ես հիմա կալանատանն եմ, այստեղ կլինեմ երևի մինչև դատը: Ինձ համար մի անհանգստացեք, ես ողջ եմ, առողջ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, ձեզ խնայեք, մի հիվանդացեք այդտեղ, մի տխրեք, Աստված տա՝ կհանդիպեք մի օր: Կարոտում եմ ձեզ և միշտ եմ կարոտելու ձեզ»: Պերմյակովը խնդրել էր հարազատներին, որ նրանք լավ լինեն: Գրվածքներից մեկն ուղղված էր քրոջը: Ծնողներին ուղղված ևս մեկ գրություն էր առկա, որում նա նշել էր, որ նրանք հավանաբար գիտեն, թե ինչ է պատահել իր հետ հունվարի 12-ին. «Ցանկանում եմ ասել, որ դա ես չեմ եղել, բայց դա եղել է այն, ինչը որ իմ ներսում է: Ոտքերս տանում էին ինձ, ներսում ամեն ինչ եռում էր և մոխրանում: Ես լսում էի իմ սրտի թակոցը, այդ պահին այն թակում էր 1000 անգամ մեկ րոպեում»: Նա նշել էր, որ իրեն կառավարում էին՝ ինչպես խաղալիքի, չէր կարողանում դիմակայել դրան: Պերմյակովը խնդրել էր ներել իրեն, գրել է, որ հասկանում է՝ իրեն դաժան պատիժ է սպասվում, բայց հույս ունի, որ կտեսնի ծնողներին, կկարողանա կամ կփորձի բացատրել ամենը նրանց: