Դավիթն առհասարակ լույսին չի կարողանում նայել, շարունակում են անհանգստացնել գլխացավերն ու գլխապտույտը. Վարդուհի Էլբակյան

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սադրանքից հետո 2 ամսով կալանավորված և այժմ հիվանդանոցում գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբականի խոսքով՝ րոպեներ առաջ է Դավիթին տեսել, նրան շարունակում են անհանգստացնել գլխացավերն ու գլխապտույտը, բժիշկները ցավազրկող են ներարկել ցավերի դեմ։

«Դավիթն առհասարակ լույսին չի կարողանում նայել, մի պահ լույս ընկավ դեմքին, արագ աչքերը փակեց։ Մշտապես գնում ենք Դավիթի մոտ, բայց մենք աշխատում ենք իրեն շատ չխոսեցնել, որպեսզի լրացուցիչ էներգիա խոսելու վրա չծախսի։ Ես և մյուս փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը, գնում ենք, որպեսզի հասկանանք՝ արդյոք մի բան կերե՞լ է, թե՞ ոչ։ Որքան էլ մայրապետները փորձում են նրան կերակրել, չի ուտում, երեկ ես ու Լուսինեն ենք համոզել, որ մի փոքր ուտի»,- 168.am հետ զրույցում ասաց Վարդուհի Էլբակյանը։

Հարցին՝ այս իրավիճակի վերաբերյալ Դավիթը որևէ բան խոսո՞ւմ է, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ չի խոսում՝ ո՛չ Դավիթն է խոսում, ո՛չ փաստաբանները։

Կարդացեք նաև

«Մենք այստեղ հոգեբանական խնդիր էլ ունենք, այս հարցում մենք իրեն շատ նուրբ ենք մոտենում։ Պատկերացրեք, 18 տարեկանում՝ քննչական վարչություն, քրեական վարչություն, ձերբակալվածների պահպանման վայր, հետո՝ մեկուսարան, հիվանդանոց, հետո՝ կրկին մեկուսարան, նորից մեկուսարան։ Պատկերացնո՞ւմ եք՝ 6 օրվա ընթացքում Դավիթի կյանքը 360 աստիճանի տակ փոխվեց, ես չգիտեմ՝ ի՞նչ եղավ այս երեխայի հետ»,- հավելեց Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանը նաև փոխանցեց, որ այս պահին Դավիթին կարող են տեսակցել միայն նրա փաստաբանները։

«Երեկ երեկոյան Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանն են այցելել, դրանից հետո արդեն՝ ես ու Արմեն Մելքոնյանը, դե, ես ու Լուսինեն օրվա ընթացքում երևի 6-7 անգամ այցելում ենք։ Մեր բոլորի տեսակցությունները երևի 10 րոպե են տևում, բացառությամբ Ռուբեն Մելիքյանի, որովհետև իրենք հոգևոր զրույցներ են ունենում, ինչը ես չեմ կարողանում անել»,- շեշտեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ են ասում բժիշկները Դավիթի առողջական վիճակի մասին, վիճակը դեպի կայունացո՞ւմ է գնում, փաստաբանը պատասխանեց, որ դեռ բժիշկների հետ չեն խոսել, թեպետ բժիշկներն ամեն օր այնտեղ են։

«Մենք բժիշկներին այս հարցը չենք տալիս, իհարկե, պաշտոնապես հարցում կատարել ենք, վախենում ենք իրենց խանգարել։ Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն մեզ դեռևս տրամադրված չէ»,- ընդգծեց Վարդուհի Էլբակյանը։

Նշենք, որ Դավիթ Մինասյանը կալանավորվել էր ապրիլի 1-ին՝ 2 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթն իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրյալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930