Սաուդյան Արաբիան հայտնել է մի քանի ժամվա ընթացքում 18 իրանական ԱԹՍ ոչնչացնելու մասին
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում որսացել է Իրանի կողմից արձակված 18 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է Իրանից թագավորության Արևելյան նահանգի ուղղությամբ արձակված յոթ հրթիռ։
Հայտարարության համաձայն՝ Իրանից արձակված հրթիռների բեկորներն ընկել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա՝ պատճառելով վնասներ։
Նշվում է, որ այժմ վնասի գնահատում է իրականացվում, սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ որ օբյեկտներն են վնասվել։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։



