Կանաչեղենի գները կրկնակի բարձրացել են
Տոներից առաջ պահանջարկ ունեցող ապրանքների գների բարձրացման հետ բախվում ենք բոլորս: 168.am-ը փորձեց պարզել, թե Սուրբ Հարության տոնից առաջ պահանջարկ ունեցող տարբեր ապրանքներն այսօր ինչ գներ ունեն: Նշենք, որ թանկացումներն ակնհայտ են: Երկու-երեք օր առաջ նույն ապրանքը կարելի էր գնել կես գնով:
Մենք եղանք մայրաքաղաքի տարբեր շուկաներում, խանութներում ու սուպերմարկետներում, որտեղ կանաչեղենի տեսակներն ունեին հետևյալ գները.
Մալաթիայի շուկա.
Կանաչ սոխ-250 դրամ
Համեմ- 200 դրամ
Կոտեմ- 200 դրամ
Մաղադանոս- 200 դրամ
Թարխուն- 100 դրամ
Կենտրոնի խանութներ.
Կանաչ սոխ-250 դրամ
Համեմ- 300 դրամ
Կոտեմ- 300 դրամ
Մաղադանոս- 300 դրամ
Թարխուն- 100-150 դրամ:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով կանաչեղենի գների բարձրացմանը՝ նշեց. «Մեր մի քանի տարվա փորձից ասեմ, երբ Նոր տարուց առաջ սպառողներին մի քիչ հորդորեցինք, որ չի կարելի շատ-շատ վերցնել, քանի որ վաճառողներն առիթից օգտվում ու թանկացնում են։ Ամբողջ աշխարհում շուկան թելադրում է սպառողը, այսինքն՝ սպառողն ինչպես կատարի իր առևտուրը և օգտվի շուկայից, այնպես էլ շուկան պետք է իր հետ տատանվի: Մեր սպառողները՝ ելնելով նրանից, որ Նոր տարի կամ Զատիկ է, սկսում են ավելի շատ գնել ու անպայման ուզում են այսինչ բանը լինի իրենց սեղանին, բայց չի կարելի ամեն բան դնել սեղանին ու փչացնել: Կարելի է քիչ-քիչ գնել, որպեսզի այդ առևտրականները, որոնք բուն գյուղացիները չեն, այլ վերավաճառողներ են, չբարձրացնեն գները»:
Նա հավելեց, որ գլոբալ մասշտաբով գները կարգավորում է Կենտրոնական բանկը: Դա սպառողական կազմակերպությունների գործը չէ:
Ի տարբերություն կանաչեղենի, այս տարի Զատկի տոնից առաջ ձվի թանկացում կարծես չի գրանցվում: Շուկայում ձուն արժե 70-80 դրամ, և միայն որոշ տեղերում տնական ձուն արժե 90-100 դրամ, իսկ առանձին խանութներում՝ նույնիսկ 120 դրամ:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ ձվերի թանկացումն ու դիֆիցիտը որոշում է շուկան, իսկ շուկան միայն իրենց ֆաբրիկան չի կառավարում. «Գինը որոշում են սպառողները, իրենք ինչպես կորոշեն՝ այնպես էլ կլինի»։ Սակայն հավելեց՝ որպեսզի ձուն չթանկանա, պետք է սպառողների կենսամակարդակը բարձրանա: Այստեղ կա մի քրեորեն պատժելի արարք, երբ արտադրողները պայմանավորվում են. դա ոչ հարիր երևույթ է։ Ես նման քաղաքականություն չեմ վարել, չեմ վարում ու չեմ վարի»: