Արփինե Հովհաննիսյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ընդդիմադիրների առաջարկում

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծին:

Վերջիններս առաջարկում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարել: Կառավարության նիստի ընթացքում եզրակացությունը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով պահամավորներն առաջարկում են մարտի 1-ն օրենքում նշվի որպես «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչություն ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»:

«Ակնհայտ է, որ սա քաղաքական հարցադրում է և ակնհայտ է նաև, որ այդ քաղաքական հարցադրումը հնչեցվում է ընդդիմության կոնկրետ որոշակի հատվածի կողմից: Խնդիրն այն է, որ քաղաքական հարցադրումների ակնհայտությունն անգամ շատ պարզ երևում է նախագծի հիմնավորումից, որտեղ մասնավորապես նշվում է՝ օրինակ, ֆորմալ առումով թեև շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է, և հանցագործների բացահայտմանն ուղղված քննաչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում: Այս և նմանատիպ այլ բնույթի ձևակերպումները ցույց են տալիս, որ այստեղ հնչեցվում է քաղաքական գնահատական տարբեր պետական մարմինների աշխատանքին:

Եվ այդուհետ՝ հիմնված այդ քաղաքական գնահատականի վրա, առաջարկվում է որոշակի իրավական լուծում: Իրավական լուծում, որը նաև չի տեղավորվում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»օ րենքի կարգավորման առարկայի մեջ, որովհետև այստեղ ամրագրված են այնպիսի իրադարձություններ, որոնք որևէ մեկի մոտ հարցադրում չեն առաջացնում, օրինակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, հաղթանակի օր և այլն: Ելնելով այս և մի շարք իրավական հարցադրումներից, օրինակ, պետական ահաբեկչության կամ բռնաճնշումների հասկացությունների բացակայությունից՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունումը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս