Բաժիններ՝

Մեղադրողը Վարդգես Գասպարիի համար 400 հազար դրամ տուգանք պահանջեց. Գասպարին ներկա չէր

Վարդգես Գասպարիի բացակայությամբ նրա գործով մեղադրողն այսօր միջնորդեց նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: Մեղադրողն ասաց, որ Վարդգես Գասպարիի արարքները հիմնավորվել են վկաների ցուցմունքներով, վարչական դատարանում նիստի ձայնագրությամբ: Մեղադրողն ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չարձանագրեց:

Մինչ այդ դատավորը հայտարարեց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը 3 դատական նիստի անընդմեջ չեն ներկայացել դատարան, իսկ Տիգրան Եգորյանը, ներկայանալով դատական նիստերին, առանց նախագահողի թույլտվության՝ լքում էր դատական նիստերի դահլիճը, դատարանը որոշում է կայացել հանրային պաշտպան նշանակելու մասին՝ արդարադատության շահերից ելնելով:

Դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը, ով նշեց, որ նշանակվել է Վարդես Գասպարիին իրավական օգնություն ցույց տալու նպատակով՝ վերջինիս համաձայնությունից հետո: Դատարանը որոշեց նրան ներգրավել՝ որպես Վարդգես Գասպարիի շահերի պաշտպան՝ նշելով, որ ամբաստանյալն ուներ պաշտպաններ, ովքեր խոչընդոտում են դատական նիստի բնականոն ընթացքին, ձախողում դատական նիստերը և դատարանին հնարավորություն չեն տալիս արդարադատություն իրականացնելու: Դատարանն այս որոշումը կայացրեց՝ առանց Վարդգես Գասպարիի կարծիքը հարցնելու:

Լիաննա Գասպարյանն ասաց, որ նման պայմաններում ինքը չի կարող ներգրավվել՝ որպես պաշտպան, քանի որ Վարդգես Գասպարին օրենքով նախատեսված համապատասխան ընթացակարգով իր   համաձայնությունը չի տվել, որ ինքը մասնակցի՝ որպես պաշտպան: Դատավորն ասաց, թե դատարանի որոշումը չի քննարկվում, ինչից հետո Լիաննա Գասպարյանը մեջբերեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը նախատեսում է, որ պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում` նշանակել նոր պաշտպան:

Նա նշեց, որ Վարդգես Գասպարին ունի նշանակված պաշտպան՝ Տիգրան Եգորյանը, ով մեկ դատական նիստի ընթացքում լքել է դատական նիստերի դահլիճը, ինչը նշանակում է, որ բացակայում են մեջբերված հոդվածով նախատեսված հիմքերը: «Վարդգես Գասպարին ունի իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրով երաշխավորված իրավունք»,- ասաց հանրային պաշտպանը՝ նշելով, որ իր կողմից դատական նիստերին մասնակցելը կլինի ձևական, ինչին դատավորն արձագանքեց. «Բնականաբար»: Դատավորը նշեց նաև, որ Գասպարիին նման իրավունք տրվել է, քանի որ նա ծանոթ չէ գործի նյութերին, նրան հայտնի չեն այդ տվյալները. «Քանի որ ծանոթ չեք, հայտնի չեն, և Դուք պարտավոր եք ներկա գտնվել, մասնակցել դատական նիստին, քանի որ դատարանը նման որոշում է կայացրել»: Վարդգես Գասպարին էլ ասաց, որ չի ցանկանում՝ նա պաշտպանի իր շահերը: «Հեռացեք այստեղից»,- բղավելով՝ ասաց նա: Լիաննա Գասպարյանը լքեց նիստերի դահլիճը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց իր որոշումը՝ Լիաննա Գասպարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմել Փաստաբանների պալատ:

Վարդգես Գասպարին հայտարարեց, որ իր պաշտպաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը ծանուցագիր չեն ստացել՝ դատական նիստին մասնակցելու համար: Նա պահանջեց իր պաշտպաններին ծանուցագրեր ուղարկել: Գասպարին ասաց նաև, որ դատավորը նշել է, թե իր պաշտպանները երեք դատական նիստի չեն մասնակցել և այդ հիմքով հեռացվել վարույթից: Սակայն իր համար դա անհասկանալի է, քանի որ իր պաշտպաններից Լուսինե Հակոբյանը, թեև բացակայել է, բայց այդ պատճառով դատական նիստը չի հետաձգվել. հետևաբար՝ եթե ինքը երեք պաշտպան ունի, պարտադիր չէ, որ բոլորը ներկայանան բոլոր դատական նիստերին: «Դա կարող է հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ իմ պաշտպանների՝ ներկա չլինելու պատճառով դատական նիստը հետաձգվի, իսկ այդպիսիք՝ երեք անընդմեջ դատական նիստեր, չեն եղել»,- ասաց Գասպարին: Նա խոսեց նաև այն մասին, որ դատարանը որոշում է կայացրել իրեն 6 ժամով հեռացնել նիստերի դահլիճից, սակայն ծանուցագիր են ուղարկել, որ ինքը պետք է ներկա գտնվի դատարանում: Նա նշեց, որ դատական համակարգի «փնթի, անբարեխիղճ և անօրինական» գործողությունների պատճառով ինքն արդեն 700 հազար եվրո տուգանք է վճարել: Դատավորն ընդհատեց Գասպարիին՝ նշելով, որ հայտարարությունը մեղադրանքի ծավալի հետ կապված չէ: Գասպարին փորձեց շարունակել, պահանջեց չընդհատել իրեն և նշեց, որ, եթե դատարանն իրեն թույլ չի տալիս խոսել, ինքն այլ բան չունի անելու, քան պառկել դատարանում: Դատավորը խնդրեց պատշաճ դիրք զբաղեցնել, որպեսզի հնարավոր լինի նիստը շարունակել: Դատավորը մի քանի հարց հնչեցրեց, այդ թվում՝ արդյո՞ք ցանկանում է ցուցմունք տալ: Գասպարին դուրս եկավ նիստերի դահլիճից: Դատավորը համարեց, որ Գասպարին ըստ էության հրաժարվեց ցուցմունքներ տալուց, նշեց, որ առանց դատավորի թույլտվության Գասպարին լքեց դատական նիստերի դահլիճը, և որոշեց շարունակել գործի քննությունը:

Հրապարակվեցին նախաքննության ընթացքում Վարդգես Գասպարիի ցուցմունքը, ինչպես նաև գործով ապացույցները, փաստաթղթերը: Դատարանն ավարտված համարեց դատաքննությունը և անցավ դատական վիճաբանություններին:

Մեղադրողի կողմից ճառով հանդես գալուց հետո նիստն ընդհատվեց, վերսկսելուց հետո նիստերի քարտուղարն ասաց, որ ամբաստանյալի հետ հեռախոսով կապ են հաստատել, նա նշել է, որ այս պահին դատարան չի կարող ներկայանալ, սակայն պատշաճ ծանուցվելու դեպքում կներկայանա հաջորդ դատական նիստին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 21-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս