«Օբաման կարող է թարմ շունչ հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին»

168.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ մի քանի ուշագրավ իրադարձություն և հայտարարություններ եղան. Հայաստանին տրվելիք ռուսական զինացանկի հրապարակումը, ՌուսաստանԱդրբեջան բանակցություններ զենքի շուրջ, Արազ Ազիմովի հայտարարությունը ՄԽ ձևաչափն ընդլայնելու մասին, ապա՝ ՀՀ նախագահի այցը ՌԴ, որտեղ չբացահայտվեց, թե ինչ է քննարկվել հակամարտության մասին, դրան հաջորդեց ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը, և այս ամենը՝ տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին: Ըստ Ձեզ` փոխվե՞լ է արդյոք իրավիճակը ԼՂ հակամարտությունում:

– Հասունացել է ոչ թե՝ Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխության, այլ՝ բանակցային գործընթացի բովանդակային վերանայման և նոր գաղափարների, անգամ՝ կարգավորման նոր հայեցակարգի գործարկման անհրաժեշտությունը, ինչը, ըստ էության, հետևանքն է այն բանի, որ տևական, կայուն խաղաղության հաստատման իրական նախադրյալներ այդպես էլ չհաջողվեց ստեղծել: Մադրիդյան սկզբունքները պետք է փոխարինվեն իրապես արդյունավետ՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ թարմ բանակցային օրակարգով, որը կբացառի կողմերի շահերի և իրավունքների թերընկալման վկայությունը հանդիսացող՝ միջնորդների կողմից առ այսօր կիրառվող ասիմետրիկ մոտեցումը:

Ինչո՞վ կարելի է բացատրել համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին և շփման գծում: Որքանո՞վ դա տևական կլինի:

– Այդ դադարը շատ հարաբերական է ու ժամանակավոր, և, հավանաբար, իրավիճակը կրկին կսրվի տասը-տասներկու օրից՝ Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի նախօրեին և ընթացքում:

Ձեր կարծիքով` ի՞նչ շահեր են հետապնդում այսօր Մոսկվան և Բաքուն Ղարաբաղում:

– Բաքվին անհրաժեշտ է ստանալ Արցախի հանդեպ լիակատար վերահսկողություն, իսկ Մոսկվային էլ անհրաժեշտ է լիակատար վերահսկողության տակ առնել Ադրբեջանը:

Հայաստանի առջև ի՞նչ մարտահրավերներ են ծառացած:

– Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակը պետք է լինի երկրի զարգացման և պաշտպանունակության ապահովման խնդիրը, իսկ այդ խնդրի կարևորագույն բաղադրյալն այն է, որ ոչ մեկին չպետք է թույլ տրվի՝ մեր կենսական շահերը անտեսելու և ոտնահարելու միջոցով՝ անխափան առաջ մղել սեփական շահերը:

Պարոն Մելիքյան, Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում: Ըստ Ձեզ` Օբաման հանդես կգա՞ արդյոք դիվանագիտական նախաձեռնությամբ: Ի՞նչ պետք է սպասել Վաշինգտոնում նախատեսվող նախագահական հանդիպումից:

– Այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը նպատակահարմար կլինի այն դեպքում, եթե Վաշինգտոնում եկել են այն եզրահանգման, որ բանակցային գործընթացը բովանդակային լուրջ վերանայումների պետք է ենթարկվի: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցնի պարոնայք Ալիևի ու Սարգսյանի հետ համատեղ մի եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը և շրջանառության մեջ նոր գաղափարներ դնի, ապա դա կարող է թարմ շունչ հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս