Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Էդուարդո Էռնեկյանին
Մենք` Հայաստանի ճարտարապետներս ու մտավորականության ներկայացուցիչներս, օրերս տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013-ի դեկտեմբերի 26-ի նիստում վավերացրած որոշումը, որով հաստատվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հեռանկարային զարգացման աղմկահարույց ծրագիրը, ի հեճուկս հանրային ու մասնագիտական բազմաթիվ բողոքարկումների և ուղղորդվելով օդանավակայանի շինության իբր համատարած վթարայնության ու սեյսմաանկայունության փորձագիտական ուռՃացված եզրակածություններով, 2015- ի տարեվերջին պաշտոնապես թույլատրել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ հացկատակի ջանասիրությամբ ու պաշտոնապես սուն թվականի փետրվարի 26-ին արդեն իսկ հայտարարել է քանդման աշխատանքների իրականացման մրցույթ, ձեռքի տակ չունենալով օդանավակայանի ընդարձակման քննարկված և հաստատված պատշաճ նախագիծ:
Որպես ազգային մշակույթի պահպանման ու զարգացման ջատագովներ, հերթական անգամ բարձրաձայնում ենք դասական այն դրույթը, որ ազգային մշակույթի, այն էլ միջազգային ճանաչման արժանացած ճարտարապետական հորինվածքների աղավաղումը, ուր մնաց՝ քանդումն ու վերացումը՝ ոչ այլ ինչ է, քան ազգային արժանապատվության նսեմացում: Նորից ու նորից մատնանշում ենք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի 1980-ականներին կառուցված մայր մասնաշենքը միջազգային ճանաչում ստացած ճարտարապետական կառույց է և ոչ շարքային շինություն: Հետևաբար նրա ոչնչացման բոթը չի կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից և, բնականաբար, այն բարձրաձայնվելու է նաև քաղաքական հարթակներում և ամենևին ոչ ի նպաստ մեր քաղաքակթական համբավի ու պետականության վարկանիշի:
Շուրջ երեք տարի է ինչ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման խնդիրը, դառնալով համազգային և միջազգային մտավորականության մտահոգության հարց, բոլոր հնարավոր միջոցներով ու շարունակաբար ներկայացվել է Ձեր ուշադրությանը: Համոզված ենք նաև, որ մեր այդ բողոքները, հավուր պատշաճի, վերահասցեագրվել են պատկան մարմիններին՝ մասնագիտական կողմնորոշում ձևավորելու համար: Սակայն մտահոգիչ է այն իրողությունը, որ ոչ ՀՀ մշակույթի նախարարության, ոչ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ոչ էլ Երևանի քաղաքապետարանի օրակարգային քննարկումներում մեր բողոքները երբեվիցե չընդգրկվեցին: ՀՀ Նախագահին առընթեր
Հանրային խորհուրդը միակ ատյանն էր, որ անդրադարձներ ունեցավ խնդրին, սակայն նրա կառուցողական եզրահանգումները ՀՀ կառավարության կողմից զարմանալիորեն անտեսվեցին: Արգենտինացի «Ճարտարապետներն» էլ, սառնասրտորեն ունկնդրելով և «ըմբռնելով» հանդիպակած կողմի հորդորները, հարկ չհամարեցին բանավիճելու, առավել ևս՝ համագործակցելու հայ ճարտարապետների հետ:
Մեծարգո պարոնայք.
Երևանի Ճարտարապետության բնագավառի 20-րդ դարի երևելի հուշարձանների ոչնչացման վերջին տասը տարիների անկառավարելի ընթացքը խորը մտորումների տեղիք է տալիս: Տպավորությունն այնպիսին է, կարծես հայտնվել ենք հայատյաց արշավանքի ճիրաններում, որի հիմնական նպատակը մեր ճարտարապետության ժառանգության ոչնչացումն ու ազգային ինքնության անէացումն է: Պետական պատկան մարմիններն էլ կարծես հաշտվել ու երես են թեքել խնդրի հանգուցալուծմանը միտված որևէ քայլ կատարելուց: Եթե դա անհաղթահարելի իրողություն է ապա մեր ազգային ինքնության պահպանման հեռանկարը ավելի քան տագնապալի է:
Խաղասեղանին դրված է մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը: Կամ ուժ և կորով կդրսեվորենք ու կհեռանանք պատվով, կամ հավերժ կխարազանվենք գալիք սերունդների կողմից: Հույսով ենք՝ Դուք դեռ ի վիճակի եք քայլեր ձեռնարկելու՝ փարատելու համար մեզ տիրող հոգեկան այդ տագնապը:
Ողջամտության ակնկալիքով՝ Անահիտ Թարխանյան