«Հաղթանակն ուժեղներին է շնորհվում, վախկոտներն ի վերջո խճճվում են վախի սարդոստայնում». դերասան Զոհրապ Բեկ-Գասպարենց
«168 Ժամի» զրուցակիցն է ամերիկաբնակ բեմադրիչ («44 աստիճանի վրա»), դերասան (վերջին շրջանում հանդիսատեսին ծանոթ է՝ որպես «Էմիգրանտները» սերիալի գլխավոր դերակատար), ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը:
– Զոհրապ, կինոյի աշխարհն այսօր առաջ է գնում մղոնանոց քայլերով: Ըստ Ձեզ՝ ո՞վ է դարձել այսօրվա կինոյի հերոսը:
– Չեմ զլանա կրկնել, որ կինոարվեստը զենք է, զենք՝ ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու համար: Կինոյի հերոսը միշտ էլ եղել է մարդը՝ մի պարզ պատճառով, որ մարդն է Տիրոջ առաջին բանական ստեղծագործությունը:
– Ասում են՝ կինոն հարուստ ու զարգացած երկրների մենաշնորհն է: Ի՞նչ է մեզ պետք դրա համար՝ գումա՞ր, տաղանդավոր ռեժիսո՞ր, ասելի՞ք:
– Առաջնայինն ասելիքն է, մնացածը միջոցներ են, որոնք ծառայում են ասելիքին, բնականաբար, միջոցները որքան գունեղ են և առատ, այնքան ասելիքը ցայտուն է: Վստահ եմ՝ երբ մեր ֆիլմերում համամարդկային հարցեր բարձրացնենք, այն կհուզի թե՛ ճապոնացուն, թե՛ իտալացուն: Իրականում գերմանացուն չի էլ հետաքրքրում՝ հայ գյուղացին տրեխ ունի՞, թե՞ ոչ:
– Ինչպիսի՞ն է այսօր Ձեզ ներկայանում հայ կինոն օվկիանոսից այն կողմ: Հետևո՞ւմ եք՝ ինչ է նկարվում այստեղ:
– Զարմանալի հրաշք է կինոն, նրա մասին չեմ կարող խոսել անցյալով, ներկայով կամ ապագայով… Եթե կինո է, ապա այն հավերժական է, ժամանակի փորձությունը ցույց կտա, թե ներկայիս հայկական ֆիլմերից որն է մնայուն:
– Գրականության մասին ժամանակին ասում էին, թե պետք է ունենա դաստիարակիչ, կրթող նշանակություն: Դա կարելի՞ է տարածել նաև ֆիլմի կամ բեմադրության վրա:
– Ամեն անձ իրենն է վերցնում՝ թե՛ ընթերցելիս, թե՛ ֆիլմ կամ բեմադրություն նայելիս: Կարևորը՝ մարդը փնտրող հոգի լինի, իսկ փնտրողը հաստատ գտնող է:
– Մեր նախորդ հարցազրույցում, սերիալների մասին խոսելիս, ասել էիք, թե «Սերիալները լուրջ ֆիլմերի են վերածվելու: Այս շրջանն անցնել է պետք»: Մենք անցե՞լ ենք այդ ժամանակը, թե՞ դեռ անցնելու ճանապարհին ենք, եթե հաշվի առնենք այն, որ հիմա հայկական սերիալները մեծ թափով նկարահանվում են թե՛ ԱՄՆ–ում, թե՛ Հայաստանում:
– Դեռ անցնում ենք, սակայն որոշ փորձեր կատարեցին՝ սերիալները ֆիլմ դարձնելու, թեև այդ ամենը, իհա՛րկե, կրում էր նաև կոմերցիոն բնույթ: Սակայն կուզեմ նշել, որ մեծ կտավի նկարիչները սերիալներից կինո դեռ չեն ստեղծել: Կգա այդ օրը, ես հավատում եմ, որ համաշխարհային հսկաների կողքին, ինչպիսիք են Ֆելլինին, Սփիլբերգը, Փարաջանովը, կլինի ևս նոր՝ մեծ հայի անուն:
– Ինչո՞վ եք զբաղվում ներկայումս: Մեր նախորդ հարցազրույցում ասել էիք, թե նոր գեղարվեստական ֆիլմ եք նկարահանելու, որը «Ռուզան» է կոչվելու:
– Իմ ֆիլմի՝ «Ռուզանի» սցենարը պատրաստ է, նախապատրաստական աշխատանքները մոտ 60 տոկոսով ավարտված են, կամաց-կամաց առաջ է քայլում նախագիծը: Նաև Dim Media-ի ու US Armenia-ի հետ միասին՝ վերսկսում ենք «Էմիգրանտներ» բազմասերիանոց ֆիլմի շարունակության նկարահանումները: Այնտեղ կմարմնավորեմ նույն Դեյվի կերպարը՝ 7 տարի անց:
– Ո՞րն է Ձեզ համար լավ ֆիլմը, լավ բեմադրությունը:
– Դեռ չգիտեմ, բայց հենց իմանամ, հաստատ կնկարեմ կամ կբեմադրեմ, և դուք ականատես կլինեք:
– Ո՞րն է վերջին շրջանում Ձեզ վրա ամենից խորը ու վառ տպավորություն թողած ֆիլմը:
– Ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հոթել «Գրանդ Բուդապեշտը»»:
– Հայկական ֆիլմերից ո՞րն է ամենից շատ Ձեզ գոհացրել որակով ու ասելիքով:
– Ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմը:
– Կա՞ մի բան, որ ափսոսում եք, որ դեռ չեք հասցրել անել:
– Չկա նման բան, ամեն ինչ լինում է իր ճիշտ ժամանակին:
– Ամերիկան Ձեզ ավելի շատ բան տվե՞ց, թե՞ վերցրեց ձեզնից: Եթե տվել է՝ ի՞նչ: Երբևէ պատկերացնո՞ւմ եք, որ նորից հետ կգաք Հայաստան՝ ապրելու:
– Եթե Ֆրանսիան ֆրանսիացիներինն է, ապա Ամերիկան Մարդունն է՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից կամ հավատից: Ամենակարևորը՝ այնտեղ պաշտպանված են մարդու բոլոր իրավունքները: Ես հիմա Ամերիկայում եմ ապրում, և ճակատագիրն է ինձ բերել այստեղ, իսկ վաղվա օրն իմը չէ, չեմ կարող ասել, թե վաղը որտեղ կլինեմ:
– Հետևո՞ւմ եք հայաստանյան կյանքին՝ հասարակական, քաղաքական: Ի՞նչն է Ձեզ մտահոգում հեռվից:
– Ժամանակին մի խելոք մարդ ասել էր՝ հեղափոխությունը հորինում են հանճարները, իրագործում են հիմարները, օգտվում են սրիկաները: Քաղաքական դաշտում ես ուզում եմ ո՛չ հանճար լինել, ո՛չ հիմար, ո՛չ էլ, առավել ևս՝ սրիկա:
– Ամեն անգամ, երբ գալիս եք Երևան, ինչպիսի՞ն է Ձեզ ներկայանում քաղաքը: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մասնավորապես՝ ճարտարապետության մեջ:
– Աշխարհի բոլոր քաղաքներն ունեն իրենց դեմքը, մեր վարդագույն Երևանն ուներ դեմք՝ և շատ հրապուրիչ, և շատ հմայիչ: Ավաղ, այսօր ես իմ Երևանը չեմ ճանաչում: Կարճ ասած՝ պաշտպանելով հինը՝ պետք է նորը ստեղծել:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ենք մենք անխնա ոչնչացնում մեր պատմությունը:
– Անհնար է ոչնչացնել անցյալը, առավել ևս՝ անխնա: Այդտեղի իրականությունից հեռու լինելով՝ չեմ կարող ստույգ պատասխանել, սակայն հավատում եմ, որ դեռ մեզ՝ բոլորիս համար հաղթանակի գարուններ կան, որոնք գալու են: Իսկ հաղթանակն ուժեղներին է շնորհվում, վախկոտներն ի վերջո խճճվում են վախի սարդոստայնում: Բան չմնաց… Գարուն է գալիս: