Բաժիններ՝

Ազդեցության լծակնե՞ր, թե՞ կարգավորումներ. Ինչ կտա «Դեղերի մասին» օրենքը

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու դրա հետևանքներն այս օրերին լայն քննարկման առարկա են դարձել հանրության շրջանում: Թեև այս փոփոխությունների արդյունքում գործադիրն ակնկալում է, ինչպես պաշտոնապես է ներկայացվում, դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովում, սակայն մեծ է մտավախությունը, որ դեղերի թանկացման համար նոր հիմքեր են ստեղծվում: Օրինագծի հեղինակները նշում են, թե առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորման քաղաքականություն, ինչպես նաև՝ դեղերի շրջանառության բոլոր փուլերը՝ սկսած դեղի ստեղծումից մինչև գովազդ և իրացում: Այս ամենից բացի, նախատեսվում է դեղերը դեղատներից վաճառել դեղատոմսերով և հայերեն ներդիրով:

Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց օրենքի ընդունումը: Ըստ նրա՝ օրենքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին, և շատ դրույթներ, որ նախկինում ֆիքսված չէին կամ անհասկանալի էին, այս օրինագծում ներառված են: «Օրենքը համահունչ է միջազգային ստանդարտներին, և դրա կարիքը վաղուց կար: 7 տարի է՝ մասնավոր հատվածը կառավարության հետ աշխատում և մշակում է այն: Պարզապես կան տարբեր խնդրահարույց հարցեր, հիմնականում՝ կապված կարգավորումների հետ: Օրենքն ինքը լավն է, բայց թե ինչպես կկարգավորվի, այդ խնդիրն է, որ մեզ անհանգստացնում է»,- ասաց Ս.Զաքարյանը:

Նրա խոսքով՝ անհանգստությունները կապված են տույժերի, գրանցումների համար պահանջվող գումարների, ինչպես նաև այն խնդիրների հետ, թե ինչպես կլինեն տեղական արտադրողի օժանդակության հարցերը, և այլն:

Թե ինչո՞վ են պայմանավորված թանկացումների վերաբերյալ մտահոգությունները, Ս.Զաքարյանը նշեց, որ, օրինակ, ավելացվում են տեխնիկական սխալների համար տույժերը. «Հասկանալի է, որ բոլորս էլ մարդ ենք, և աշխատանքի մեջ փոքր խախտումներ կարող են լինել: Եվ ենթադրվում է, որ եթե մի քանի միլիոնի հասնող տույժերը լինեն, փոքր դեղատները կամ կփակվեն, կամ կփորձեն սպառողներից հետ բերել այդ գումարները: Կամ՝ մեծածախ ներմուծողների դեպքում դեղերի պահպանման և բաշխման հարցերը նոր օրենքի պահանջներով պետք է լիցենզավորվեն, և դա էլ բերելու է հավելյալ ծախսերի՝ համապատասխան ջերմաստիճանով ու պայմաններով նոր պահեստներ ապահովելու պատճառով: Ամենահիմնական խնդիրը, որի պատճառով կարող են թանկանալ դեղերը,այն է, որ կառավարությունը որոշել է կարգավորման մեխանիզմներ ներդնել օրենքում, որը խնդրահարույց է այն իմաստով, որ տարբեր կարծիքներ կան, օրինակ, պետությունն իրավունք ունի՞ կարգավորելու ինքնարժեքի վրա հավելումների տոկոսային վերին շեմը: Նման քայլ անում են այն պետությունները, որոնք առաջին հերթին՝ իրենք են գնում դեղամիջոցները, իսկ մեր պետությունում դա այնքան էլ մեծ գումարներ չի կազմում, և պետության քայլը լծակի է նմանվում, քան թե կարգավորման մեխանիզմի: Մասնավոր հատվածը գտնում է, որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում շուկան ինքը պետք է կարգավորի նմանատիպ գնային քաղաքականությունը, բայց կառավարությունն ուզում է ինքը նշանակել վերին շեմ»:

Ս.Զաքարյանը նշեց, որ, օրինակ, խոսվում է շահույթի համար 20% վերին շեմի մասին, երբ շատ տնտեսվարող սուբյեկտներ աշխատում են 7-9%-ով, և, երբ սահմանվի այդ 20% վերին շեմը, որոշ բիզնեսներ այդ չափով կավելացնեն դեղի արժեքը, իսկ մյուսները, որ քիչ տոկոսով են աշխատում, իրենք էլ ստիպված կձգտեն շահույթը հասցնել 20%-ի, արդյունքում՝ խախտվելու է շուկայական հարաբերությունների հիմնական թեզը, որ բիզնեսն ինքն է որոշում իր տոկոսային հավելումները շահույթների համար. «Այսինքն՝ քիչ տոկոսով աշխատողներին դրդելու են ավելացնել տոկոսները, քան հակառակը, իսկ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում դա անթույլատրելի է»:

Թե ի՞նչ իրավիճակում կհայտնվի դեղերի հայկական շուկան, որն առանց այդ էլ՝ զիջում է Վրաստանի դեղերի շուկային, ըստ միության ղեկավարի՝ դժվար է հիմա կանխատեսել, հարկավոր է սպասել՝ մինչ կարգավորումները սահմանվեն: Թեև, նրա խոսքով, որոշ հարցեր արդեն պարզ են, և տույժերն արդեն տասնապատիկ կամ հարյուրապատիկ ավելի ֆիքսված են, բայց շատ գումարային հարցեր որոշվելու են ավելի ուշ:

Նա նշեց, որ Վրաստանում դեղերի մատչելիությունը պայմանավորված է առաջին հերթին՝ 20% ԱԱՀ-ի բացակայությամբ, Վրաստանում գործում է նաև զուգահեռ ներմուծման մեխանիզմը, այսինքն՝ այլընտրանքային մեթոդներ կան տարբեր տնտեսվարողների համար այլ երկրներից նմանատիպ դեղ բերելու, օրինակ, եթե Բուլղարիայում գտել են աղբյուր, որտեղից դեղը Վրաստան բերելն ավելի էժան է ստացվում, քան արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցչի կամ մատակարարի կողմից: Այսինքն, Ս.Զաքարյանի խոսքով՝ ներմուծողների քանակը կարող է շատ լինել, և շուկան է որոշում գինը, ոչ թե կառավարությունը, նաև ամբողջ տնտեսական ու հարկային օրենսդրությունն է նպաստում, որպեսզի դեղերն ավելի էժան լինեն այնտեղ:

«Ես չեմ գտնում, որ մեզ մոտ այս օրենքն ինքը կարող է պատճառ հանդիսանալ գների թանկացման համար: Կարծում եմ, որ այն պայմանները, որ կարգավորումները որոշելու ժամանակ կարող են սահմանվել, այդ աշխատանքի բեռը կարող է ազդել գների վրա: Թե չէ օրենքն ինքը չի ազդում այնպես, ինչպես հիմա խոսում են»,- ասաց նա:

Ս.Զաքարյանը համաձայնեց, որ ամեն դեպքում հնարավոր է՝ հետևանքը թանկացումը լինի, օրինակ, եթե մի սխալի համար տույժ սահմանվի 5 մլն, ոչ թե 200 հազար դրամ. «Բայց այդ տույժերի չափը դեռ պետք է որոշվի օրենքի ընդունումից հետո: Օրինակ՝ տեղական արտադրողին գրանցումների գումարը 75% չափով հետ էին վերադարձնում, իսկ հիմա որոշվել է, որ այլևս չպետք է վերադարձվի: Գրանցման ժամանակ դեղի փորձագիտական փորձարկումների գումարը սահմանվելու է 900 հազար, իսկ յուրաքանչյուր 5 տարին մեկ դեղերը վերագրանցվում են, բայց եթե դեղի ցուցումներում, ներդիրում ոչինչ չի փոխվել, ինչո՞ւ պետք է վերագրանցման համար նորից 900 հազար վճարվի, պարզապես թղթաբանական աշխատանք պետք է արվի, ոչ մի քիմիական փորձարկում չպետք է արվի երկրորդ անգամ: Էլ չեմ ասում, որ մեր հարևան կամ ԵՏՄ երկրների համեմատ՝ դեղերը շատ թանկ են ստացվում մեզ մոտ, իսկ վերագրանցման գումարը ևս ինքնարժեքի մեջ է մտնում: Դա նշանակում է, որ դեղն ավելի թանկ պետք է վաճառվի: Այսինքն՝ թանկացումների կարող է բերել ֆինանսական համակարգը, որ կդրվի օրենքի տակ»:

«Մի բան հստակ է, որ մեր երկրում կան շատ լավ օրենքներ, բայց այն ճեղքերը, որ այդ օրենքները կարող են ունենալ, օրենքների չկատարումը թույլ է տալիս տարբեր տեսակի կոռուպցիոն ռիսկերի և գումարային թանկացումների»,- հավելեց Ս.Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս