ԵՄ-ն կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամրապնդելով ՀՀ անվտանգությունը. լեհ վերլուծաբան

«Այս փուլում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լուրջ բովանդակություն չի կարող ունենալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վարշավայի «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի» Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժնի ավագ վերլուծաբան, քաղաքագետ Արկադյուշ Սառնան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միության հնարավոր դերակատարությանը և ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի կարևորությանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ընթացքում կողմերը քննարկել էին ոչ միայն՝ ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը, այլև՝ ԼՂ հակամարտությունը: ԵՄ-ն ներկայացնող Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարը նշել էր, որ ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոն անընդունելի է, ավելին, հակամարտության կարգավորումը ԵՄ-ի համար առաջնահերթություն է: Իր հերթին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել է, որ առաջիկայում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ իշխանությունների հետ քննարկելու է ԵՄ հնարավոր դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Լեհ վերլուծաբանն ասաց, որ Հայաստան-Եվրոպական Միություն բանակցությունները վերսկսվել են ԵՄ Արևելյան գործընկերություն ձևաչափը չկորցնելու նպատակով, քանի որ, նրա համոզմամբ, ակնհայտ է, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմաններում՝ ՌԴ-ից անկախ փաստաթուղթ դժվար է կազմել:

Ըստ Սառնայի, ԵՄ պաշտոնյաները շատ լավ հասկանում են նաև, որ այն, ինչ մշակվում է ԵՄ-ի հետ, համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Սա, լեհ փորձագետի կարծիքով, ներկայումս ձեռնտու է կողմերին նոր սեպտեմբերի երեքից խուսափելու նպատակով: «Կարծում եմ, որ շատ լավ պետք է հասկանալ, որ այս պայմաններում չի կարող կազմվել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն է: Նոր համաձայնագիրը ժամանակավոր փաստաթուղթ կարող է լինել Հայաստանի և Եվրոպական Միության համար, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ունի: Այս փաստաթուղթն ապագայում կարող է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանն այլընտրանք դառնալ, քանի որ անորոշ են ԵՏՄ հեռանկարները»,- մեկնաբանեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ, եթե Ռուսաստանի հետ չհամաձայնեցված քայլեր լինեն Հայաստանի և Եվրոպական Միության կողմից, ապա բարձր է հավանականությունը, որ կկրկնվի նախկին բացասական փորձը, և Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել:

«Այս փուլում Հայաստանն ու Եվրոպական Միությունը կշարունակեն իրենց համագործակցությունն արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի շուրջ, այսինքն՝ ավարտին կհասցնեն այդ ծրագրերը, Հայաստանի ցանկությամբ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ ինստիտուտների, անվտանգության համակարգի ժողովրդավարականացմանը, սակայն տնտեսության և լուրջ բարեփոխումների ոլորտում բեկում սպասել պետք չէ: Ռուսաստանի համար անակնկալներ չեն կարող լինել»,- ընդգծեց Սառնան: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վերլուծաբանն ասաց, որ ԵՄ դերակատարությունը հակամարտությունում տեսնում է միայն Հայաստանի անվտանգության մարմիններում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու տեսքով:

«Ըստ իս, հայաստանյան իր այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կքննարկի հենց այս հարցը, թե ինչպես ԵՄ-ն կարող է բարձրացնել ՀՀ անվտանգությունը, և դրան վերաբերող ինչ կետեր կարող են ընդգրկվել ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում, քանի որ համաձայնագիրն ունենալու է նաև անվտանգության բաղադրիչ, ինչպես խոստացել էին Մոգերինին և Հահնը»,- նման կարծիք հայտնեց Արկադյուշ Սառնան՝ շարունակելով չբացառել, որ ԵՄ-ն, անկախ ապագա համաձայնագրից, կփորձի քայլեր ձեռնարկել միջնորդական առաքելությունն ակտիվացնելու ուղղությամբ, քանի որ հակամարտությունը ԵՄ-ի տեսանկյունից վտանգավոր է, և հակամարտության սանձազերծումը կարող է ճակատագրական լինել: «Ուստի չեմ բացառում, որ լուրջ առաջարկներ լինեն ԵՄ պաշտոնյաների կողմից, առաջարկներ, որոնք կարող են իրականացվել համաձայնագրերից դուրս, պայմանավորվածությունների մակարդակում՝ աջակցելով ՄԽ ջանքերին»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս