Բաժիններ՝

Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին. Արման Ծատուրյան

Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ տնօրեն Արման Ծատուրյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա թանգարանի երեք աշխատակիցների մասնակցությամբ ամփոփեց անցած՝ 2015 թվականը:

Ասուլիսին ներկա բանախոսներն էին Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը, գիտական քարտուղար Արմինե Գաբրիելյանը, ինչպես նաև մամուլի և հանրահռչակման բաժնի ղեկավար Անի Ավագյանը: Թեև Արման Ծատուրյանն Ազգային պատկերասրահի տնօրեն է նշանակվել ամիսներ առաջ, իսկ թանգարանները, օրենքի համաձայն՝ ունեն Մշակույթի նախարարության կողմից նախապես հաստատված աշխատանքային պլանների ծրագիր, որ կազմվում է 1 կամ 1,5 տարի առաջ, ապա ստացվում է, որ պարոն Ծատուրյանն այսօր լրագրողների հետ ամփոփեց նախկին տնօրենների կողմից կազմված և իրականացված տարեկան ծրագիրը: Ինչևիցե, Ազգային պատկերասրահն անցյալ տարում աշխատել է հագեցած աշխատանքային գրաֆիկով, որի արդյունքում նկատելիորեն աճել է թանգարանի այցելուների թիվը: Այս մասին փաստեց ասուլիսի բանախոս, գիտական քարտուղար Արմինե Գաբրիելյանը, ով նաև հատուկ կազմված տեսաշարի ուղեկցությամբ հանգամանալից ներկայացրեց անցած տարվա ընթացքում երկրի գլխավոր մշակութային կառույցի՝ Ազգային պատկերասրահի, աշխատանքները. «Ազգային պատկերասրահն ունի, մոտավոր հաշվարկներով՝ տարեկան 60.000 այցելու»:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն անդրադառնալով թանգարանի «լծակներին»՝ ասաց. «Ազգային պատկերասրահն ինչքան էլ իր նշանակությամբ բացառիկ կառույց է և մեծ առաքելություն ունի, բայց և այնպես, չունի մեծ լծակներ: Ինձ թվում է՝ լծակները կկարևորվեն, եթե մենք ներմուծենք սովետական տարիներին արդիական որոշակի կրթական մեխանիզմներ, որպեսզի երկրի կարևորագույն երեք խոշոր թանգարանների այցելուների թիվը չկրճատվի, այլ պարտադիր լինի: Շատերը, ցավոք, Ազգային պատկերասրահը դիտարկում են միայն որպես ցուցասրահ, բայց դա իրականում այդպես չէ ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհի զարգացած շատ երկրներում նույնպես: Սա կրթության և գիտության լուրջ օջախ է, և մենք ուզում ենք, որ մեզ մոտ ևս այդպես լինի»,- ասաց պարոն Ծատուրյանը:

Reporting press conference of the RA National Gallery took place

Կարդացեք նաև

168.am-ն անդրադառնալով տնօրենի կողմից թանգարանային գիտական մասի կարևորման խնդրին, հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ ի՞նչ պատճառաբանությամբ Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, թանգարանի երկարամյա աշխատակից Անուշ Հակոբյանը նոր տնօրենի պաշտոնավարման առաջին եռամսյակում աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց և հեռացավ թանգարանից (մեր ունեցած տեղեկություններով՝ Ազգային պատկերասրահը մինչ օրս չունի թափուր մնացած հաստիքի համար համապատասխան թեկնածու կամ աշխատակից), Արման Ծատուրյանը պատասխանեց. «Ոչ մի պատճառ չի եղել: Առավոտյան իմ կաբինետում նստած սուրճ էի խմում, եկավ Անուշ Հակոբյանն ու ասաց, որ պատրաստվում է հեռանալ Պատկերասրահից: Ասեցի՝ շատ լավ: Ինձ համար էլ նրա այդ որոշումը մեծ անակնկալ էր, բայց ես կարծում եմ, որ ցանկացած հասուն մարդ իրավունք ունի որոշելու և փոխելու իր աշխատանքի վայրը: Նախկին փոխտնօրենի հետ մենք, բնականաբար, զրուցեցինք իր այդ որոշման պատճառների մասին: Պետք է նշեմ, որ վերջինիս որոշումը պայմանավորված էր միայն սեփական ցանկությամբ՝ փոխելու աշխատանքի բնույթն ու վայրը»: Տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենք արդեն երեկվանից ունեն գիտական գծով փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ով թանգարանի աշխատակից, նախկին գիտական քարտուղար Սամվել Հովհաննիսյանն է:

Reporting press conference of the RA National Gallery took place

Անդրադառնալով Ազգային պատկերասրահից տարբեր տարիներին այս կամ այն պայմաններում և ճանապարհներով անհետացած արվեստի բարձրարժեք ցուցանմուշներին՝ թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ինքն այս թեմային լավատեղյակ չէ, գիտի միայն, որ քննության ընթացքի մեջ են մի քանի քրեական գործեր: Նաև հավելեց, որ անվտանգության տեսակետից՝ թանգարանը տեխնիկապես վերազինման կարիք ունի, և իրենք պատրաստվում են կառույցի ներսում՝ ֆոնդերում և միջանցքներում, տեղադրել շուրջ 120 տեսախցիկ, որոնց առկայությունը կարող է վերահսկել և կանխարգելիչ դեր ունենալ նման միջադեպերի բացառման համար: Ասուլիսի բանախոս, թանգարանի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանն այս թեմայով հավելեց. «Ընդհանուր առմամբ, Պատկերասրահի գոյության ընթացքում այստեղից այս կամ այն կերպով անհետացել են թվով ընդամենը 164 թանգարանային նմուշներ: Դրանք հիմնականում անհետացել են կամ ցուցադրությունից, կամ այլ կառույցներում ժամանակավոր ցուցադրման ընթացքում: Մեզ համար շատ ցավալի միջադեպ էր, երբ 2011 թվականին մեր քանդակների պահոցից միանգամից մի քանի թանգարանային նմուշներ անհետացան: Մենք այդ մասին անմիջապես համապատասխան հաղորդագրություն ուղարկեցինք իրավապահներին: Պետք է ասել, որ մինչ այսօր քննության ընթացքում հայտնաբերվել են միայն 4 քանդակներ, որոնք առգրավվել և հետ են վերադարձվել թանգարանի քանդակների պահոց: Մնացած դեպքերը դեռ բացահայտված չեն և գտնվում են քննության ընթացքում»:

Անդրադառնալով Ազգային պատկերասրահի շենքային պայմաններին և դրանց անբավարարությանը, թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց. «Սա վաղուց ծանրացած հարց է, որ բոլորին է անհանգստացնում: Դեռ հստակ որևէ բան ասել չեմ կարող, բայց ամենաբարձր ղեկավար մարմիններում քննարկվում է այս հարցը: Մենք շատ կցանկանայինք՝ գոնե այս տարի սկսեինք լրջորեն զբաղվել այս խնդրով, որովհետև հստակ է, որ ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից թանգարանային նորմատիվներին և մարտահրավերներին: Վստահեցնում եմ՝ այս ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են կատարվում, և հուսով եմ, որ գոնե այս տարի պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի Ազգային պատկերասրահին նոր շենքի տրամադրման մասին»:

Ասուլիսի ընթացում անդրադառնալով թանգարանում կազմակերպվող ցուցահանդեսների թեմային, տնօրեն Ա. Ծատուրյանը նշեց, որ ինքը մտադրված է նկատելիորեն նվազեցնել դրանց թիվը՝ նախապատվությունը տալով ոչ թե քանակին, այլ որակին: Դրան զուգահեռ՝ տնօրենը նպատակ ունի ընդլայնելու թանգարանի գիտական մասի աշխատանքների ծավալը. «Մեր երազանքներից մեկն է, որ մեր թանգարանի վերականգնողական բաժինը կենտրոն դառնա: Այս պահին որոշակի բանակցություններ ենք վարում Ռուսաստանի Ի. Է. Գրաբարի անվան Համառուսաստանյան գեղարվեստական գիտավերականգնողական կենտրոնի հետ՝ այստեղ մասնաճյուղ բացելու շուրջ: Դա կլինի մի հզոր կենտրոն, որի ստեղծման համար ակնկալում ենք նաև ռուսական կողմի ներդրումները: Եթե նախագիծը հաջողվի, մենք կունենանք տարածաշրջանային լավագույն հզոր կենտրոններից մեկը»:
2015 թվականը Հայաստանի Ազգային պատկերասրահի համար նշանակալից էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներով: Անցած տարվա ընթացքում Ազգային պատկերասրահում կազմակերպվել է ընդհանուր առմամբ 19 ցուցահանդես: Թանգարանը սեփական հավաքածուի ցուցանմուշներով մասնակցել է 4 ցուցահանդեսների՝ Ռուսաստանում, Լեհաստանում և Իտալիայում: Պատկերասրահի համար տարին հագեցած էր այլ բնույթի միջոցառումներով նույնպես՝ հուշ-ցերեկույթներ, դասախոսություններ, կրթական ծրագրեր, և այլն: 2015 թվականի ընթացքում Ազգային պատկերասրահ է այցելել 84.165 մարդ, որից 60.822-ը՝ Ազգային պատկերասրահ, 23.343 այցելու գրանցվել է թանգարանի 12 մասնաճյուղերում: Անցյալ տարվա ընթացքում Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է 78 նոր ստեղծագործություններով, վերականգնվել և ամրակայվել է 262 թանգարանային առարկա, կազմակերպվել է 59 ժամանակավոր ցուցահանդես:

Reporting press conference of the RA National Gallery took place

Ասուլիսի ավարտին թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանն ամենայն լրջամտությամբ լրագրողներին կոչ արեց հավանել Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան պրոֆիլը՝ այդպիսով հետևելով թանգարանի ներսում տեղի ունեցող նորություններին: Նա լրագրողներին տեղեկացրեց նաև, որ զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպումներն այսուհետև ավանդական բնույթ են կրելու, և յուրաքանչյուր կես տարին մեկ Ազգային պատկերասրահը լրագրողների ներկայությամբ հաշվետու մամուլի ասուլիսներ է հրավիրելու՝ դրանով իսկ ապահովելով թանգարանի ներսում տեղի ունեցող գործընթացների դեմոկրատիկ պատկերն ու թափանցիկ աշխատաոճը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս