«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն իրականում ունի վնասված ընդամենը երկու հենարան, որը կոնստրուկտիվ տեսակետից իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում. ճարտարապետ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չպետք է զոհ գնա բիզնես-ծրագրերին: Շինության պահպանության համար ահազանգերը հասարակության տարբեր շրջանակներում շարունակվում են: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ այս թեմայի շուրջ խոսեցին հրավիրված բանախոսներ, «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը, և ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
«60-70-80-ականներին ավանդական թամանյանական ճարտարապետության հիմքերի վրա Երևանում ստեղծվեց ճարտարապետական շատ յուրահատուկ մի շերտ, որ հիմնականում հաջողությամբ հարում էր եվրոպական և համաշխարհային ճարտարապետության զարգացման տենդենցներին: Սրանք դարձել էին մեր քաղաքի սիմվոլիկ պատկերները, որոնք հիմա արդեն հետևողականորեն քանդվում են: Ամեն ինչ սկսվեց սև քարակերտ Աբովյան փողոցից, Երիտասարդական պալատից, հիմա հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանը խորհրդանշող, կարելի է ասել, պատմական նշանակություն ունեցող կառույցին:
Ամենացավալին այն է, որ այդ թվականներին ստեղծված հայկական ճարտարապետությունը միջազգային արենայում ունի մեծ համարում, էլ չեմ ասում, որ դրանք խորհրդանշում են 60-70-80-ականների մեր մշակութային կյանքը, որը քանդելով, հողին հավասարեցնելով՝ հիմնահատակ քանդում են նաև այդ տարիների ողջ մշակութային աուրան: Չէ՞ որ դրանք խիստ փոխկապակցված բաներ են, բայց կան մարդիկ, որ, ըստ երևույթին, այս մասին պատկերացում անգամ չունեն, և իրենց նեղ բիզնես շահերը կարող են գերակա դիրք գրավել նման գլոբալ իրավիճակում: Ցավոք սրտի, մենք այսօր նահանջում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում սրտնեղած ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ բանախոսի՝ նմանօրինակ անորոշ իրավիճակներից խուսափելու համար խիստ անհրաժեշտ են նախապես կազմակերպվող քննարկումները, կան հարցեր, որոնց պարագայում միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք ոչ ոք չունի, օրինակ, որևէ մեկը դեռ չի բացատրել, թե ինչու է անպայման անհրաժեշտ քանդել «Զվարթնոցի» կառույցը: «Ես լսեցի Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքն այն մասին, որ կառույցի վիճակը գնահատվել է՝ որպես խախուտ: Ես չեմ կարող վիճարկել, թե այնտեղ որևէ խնդիր չկա, բայց հարց եմ տալիս՝ մի՞թե եղած խնդիրները չեն կարող լուծվել այլընտրանքային ճանապարհով՝ վերականգնելով կառույցի վնասված հատվածները, միաժամանակ պահպանել դրա ամբողջական տեսքը: Մեզ փաստեր են պետք, նորից եմ կրկնում՝ միայն փաստեր: Ես լսել եմ նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքը, ըստ որի՝ Ֆրանսիայում ապրող հայ ճարտարապետներից մեկը ներկայացրել է միանգամից մի քանի նախագիծ, որի հիման վրա կարելի է շատ ավելի քիչ ֆինանսական միջոցների ներդրմամբ պարզապես վերանորոգել կառույցի որոշակի հատվածները՝ պահպանելով կառույցն ամբողջությամբ»,- ասաց պարոն Միլիտոնյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը, շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներն այսպես ձևակերպեց. «Դեռևս 1994 թվականից մենք առաջարկել ենք կառույցի վերանորոգման նախագիծը, որը կիսատ մնաց, երբ հայտնվեց նոր սեփականատերը, Շենքի ուսումնասիրության կոնստրուկտորական էքսպերտիզան արված է: «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն իրականում ունի վնասված ընդամենը երկու հենարան, որը կոնստրուկտիվ տեսակետից իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում: Եթե հարց են բարձրացնում, թե շենքը չի բավարարում սեյսմիկ պահանջներին, ապա այստեղ նման թեզի առաջ քաշողներին պետք է հիշեցնել, որ Հայաստանում կառուցված շենքերի 90 տոկոսը չի բավարարում այդ պահանջներին, և դա պայմանավորված է նրանով, որ 70-80 ականներին առկա աշխատանքներում կիրառվում էին շինարարական բոլորովին այլ նորմատիվներ»:
Անդրադառնալով տնտեսական կողմին՝ ճարտարապետը նշեց, որ, անկասկած, ավելի ձեռնտու է կատարել վերանորոգման աշխատանքներ, քան հիմնովին քանդել կառույցը. «Միայն այդ կառույցի քանդումն արդեն զգալիորեն ավելի շատ ֆինանսական միջոցների վատնում է ենթադրում, քան այն վերակառուցելը, ասեմ ավելին, միայն այդքան շինարարական աղբը ռեալիզացնեն՝ արդեն հսկա գումար է»: Ճարտարապետը վստահեցրեց, որ առաջարկներ եղել են, և ոչ եզակի հնարավորություններով, թե ինչպես կարելի է մաքսիմում օպտիմալ հնարավորությունների սահմաններում շենքը բերել ժամանակակից նորմատիվներին:
«Ցավոք սրտի, սեփականատերն այդ առաջարկների կողմն անգամ չի նայում: Պարզապես իրենք ունեն իրենց առջև նպատակադրված խնդիր և պատրաստվում են ամեն գնով իրականացնել այդ խնդիրը: Ֆրանսիայում ապրող հայ ճարտարապետներից մեկը միայն վերջին 4 ամսվա ընթացքում միանգամից 3 հնարավոր տարբերակներ է առաջարկել, թե ոնց կարելի է առանց կառույցը քանդելու՝ վերանորոգել այն, բայց այդ տարբերակներն անգամ չեն էլ քննարկվել: Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է…»,- ասաց ճարտարապետ Մհեր Չերքեզյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ Ճարտարապետների միությունում ունեցած քննարկումից հետո միության նախագահի գլխավորությամբ ամիսներ առաջ դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, առաջարկով՝ «Զվարթնոցի» կլոր շենքը ներառելու պատմամշակութային հուշարձանների ցուցակում, որը դրա պահպանման համար որոշակի հնարավորություններ կարող էր ապահովել: «Մշակույթի նախարարությունում առաջարկին ընթացք չտրվեց միայն այն պատճառաբանությամբ, որ ըստ իրենց՝ հայտնի չէ, թե այդ կառույցը վարչական ո՞ր տարածքի մաս է կազմում՝ Երևանի՞, թե՞ Արմավիրի մարզի: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս ամենը միտումնավոր բնույթ չի կրում»,- հռետորական հարցով ավարտեց իր խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի տարածած այն հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
Ըստ Թարխանյանի` այդ թույլտվությունը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Դրանից հետո Երևանի քաղաքապետարանը շտապեց պարզաբանել, որ որևէ շինարարական կազմակերպության «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն չի տրվել, և օդանավակայանի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ՝ կլոր մասնաշենքն արտաքին փոփոխության կամ որևէ ապամոնտաժման աշխատանքների չի ենթարկվելու:
Տեղեկացնենք նաև, որ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է՝ որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։