«Ինձ համար՝ ոչ մի տարբերություն». Վալերի Պերմյակովը՝ նիստն արտագնա անցկացնելու մասին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ վերսկսվեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Այս դատական նիստը, ինչպես նախորդը, անցկացվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ավետիսյանների հարազատները սկսեցին աղմկել, երբ դատական նիստերի դահլիճ մտցվեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովը: «Ինչի կբռնեք, կպաշտպանեք, թողեք», «հլը սրան աշե, ինչխ է էդքան մարդ սպանել»,- արձագանքեցին հարազատները:

Դատավորը դատավարության մասնակիցներից ճշտեց՝ արդյո՞ք բացարկի միջնորդություն ունեն դատախազին: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններն ասացին, որ այս փուլում բացարկ չունեն: Դատավոր Հարություն Մովսեսյանը բացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհարցրեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովից ու նրա պաշտպանից: Այս մասին բարձրաձայնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, ինչից հետո դատավորը դիմեց պաշտպանական կողմին. թե Վալերի Պերմյակովը, թե նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը բացարկի միջնորդություն չներկայացրին:

Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն արձանագրեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում ներկա էին ռուս զինծառայողներ, ովքեր այս դատական նիստին ներկա չեն՝ չնայած դատարանը մերժել էր իրենց միջնորդությունը՝ նրանց դատական նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ: Նա ասաց, որ, փաստորեն, կան մարդիկ, ովքեր որոշում են նրանց ներկայության հարցը, ամեն դեպքում կարևոր է, որ նրանք այս դատական նիստի ընթացքում ներկա չեն: Արթուր Սաքունցը նաև հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով քրեական գործով քննությունն անցկացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Արթուր Սաքունցն ասաց, որ 102-րդ ռազմաբազայում դատական նիստ անցկացնելու որոշումը դատավորը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում զնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, գտնում եմ, որ սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Այլ խոսքով՝ սույն գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում»։

Կարդացեք նաև

Արթուր Սաքունցն ասաց, որ նման պատճառաբանությամբ դատարանը, ըստ էության, կասկածի տակ է դնում բոլոր այն գործերով կայացված դատական ակտերը, որոնք արտագնա նիստով չեն անցկացվել, երբ ամբաստանյալը ՀՀ որևէ քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրել.

«Դատարանը փաստորեն գտնում է, որ տվյալ ակտերը՝ ոչ արտագնա նիստերով անցկացված գործերով, ընդունվել են արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, կամ նման ակտերը չեն բխում արդարադատության արդյունավետության շահերից: Ավելին, ինչպե՞ս է պատկերացնում հարգելի դատարանը հետգայում վերաքննիչ դատարանի կողմից դատական նիստերի անցկացումը ռուսական բազայի տարածքում, եթե առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվի վերաքննիչ դատարան և նույն հիմնավորմամբ: Գտնում ենք, որ դատարանի նման մեկնաբանությունն առարկայազուրկ է, քանի որ այդ պարագայում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտում նույնիսկ առերևույթ առկա չէ»:

Արթուր Սաքունցն ասաց, որ արտագնա դատական նիստ չանցկացնելու պարագայում Վալերի Պերմյակովի արդար դատաքննության իրավունքի խախտում չի կարող առաջանալ: Ավելին, Արթուր Սաքունցի խոսքով՝ դատական նիստերի դահլիճում պատշաճ պայմաններ ապահովված չեն ոչ դատավարության մասնակիցների, ոչ լրատվամիջոցների, ոչ էլ քաղաքացիների համար. իրենք վստահ չեն, որ պատշաճ պայմաններ կան դատարանի համար՝ խորհրդակցական սենյակ: Ներկայացուցիչը նշեց, որ վստահ չեն՝ արդյո՞ք դատավորը միայնակ է խորհրդակցական սենյակում, թե՞ ոչ:

Արթուր Սաքունցն ասաց, որ Վալերի Պերմյակովը մեկուսացված է ապակեպատ վանդակում, ներկայում էլ պահվում է ձեռնաշղթաներով, զրկված է իր պաշտպանների հետ հաղորդակցման անմիջական հնարավորությունից, իսկ դատարանի կողմից Վալերի Պերմյակովին տրվող հարցերի պատասխանները լսելի չէին դատավարության մասնակիցներին. «Նման պայմաններում ամբաստանյալին պահելը Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է»: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց լսելի չէ, թե ընթացքում ինչ է թարգմանում թարգմանիչը.

«Մենք չեն կարողանում տեսնել Պերմյակովի դեմքը, միմիկան՝ հարցերի պատասխանելու ժամանակ, որն էական նշանակություն ունի դատավարության մասնակիցների համար՝ պատկերացում կազմելու նրա պատասխանելու ժամանակ հնարավոր հոգեբանական, զգայական ապրումները և ընդհանրապես վիճակը»: Ներկայացուցիչն ասաց, որ դատավորը մերժել է ռուս զինծառայողներին դուրս հանելու վերաբերյալ միջնորդությունը: Նրա խոսքով՝ դեպի ռազմաբազա տանող ճանապարհը ոստիկանական խիստ հսկողության ներքո է, տուժողների իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին թույլ չէր տրվում ոտքով մոտենալ ռազամաբազայի անմիջական տարածքին:

Արթուր Սաքունցն ասաց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց ակնհայտ է դարձել, որ Վալերի Պերմյակովին՝ ՌԴ կալանատանը գտնվելը խախտում է ոչ միայն Պերմյակովի՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, այլևս նախաքննության պատշաճության էական թերություն է հանդիսացել: Նրա խոսքով՝ նման եզրահանգման հանգում են՝ ուսումնասիրելով նախաքննության ընթացքում Վալերի Պերմյակովի ցուցմունքները, որոնք մեկը մյուսի հետ հակասության մեջ են գտնվում: «Մասնավորապես, թե զինվորական ծառայությունը լքելու և Ավետիսյանների բնակարան հասնելու հանգամանքը, թե Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության հանգամանքը, թե Ավետիսյանների բնակարանից մինչև Հայաստանի և Թուրքիայի սահմանը հասնելու և ձերբակալվելու պահը տրված ցուցմունքները մեկը մյուսին հակասում են»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ ՌԴ կայազորային կալանատունն իր չափանիշներով չի կարող համապատասխանել քրեակատարողական հիմնարկի պահանջներին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերին, եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտում է:

Վալերի Պերմյակովի նկատմամբ հսկողություն են իրականացնում նաև այն անձինք, որոնք հավանական հանցավոր գործողության վերաբերյալ տեղեկատվության են տիրապետում. «Իրար հակասող, այնուհետև փորձաքննությունների եզրակացություններին համապատասխանեցված ցուցմունքները Պերմյակովի՝ զորամասի կալանատանը գտնվելու հետևանք են»: Արթուր Սաքունցն ասաց, որ ՌԴ կայազորային կալանատունը ՀՀ օրենսդրությամբ մեկուսարան չի հանդիսանում:

Արթուր Սաքունցն ասաց, որ ռազմաբազայի անձնակազմն այդ մեկուսարան ազատ ելք ու մուտք ունի, կարող են ճնշումներ և սպառնալիքներ գործածել այնտեղ պահվող մեղադրյալի կամ կասկածյալի վրա: Ըստ նրա՝ ռազմաբազայի տարածքում նիստ անցկացնելով՝ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննությանը, քանի որ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը կաշկանդված կլինի իրականությանը համապատասխանող ցուցմունք տալ: Արթուր Սաքունցն ասաց, որ ՀՀ-ն ունի բոլոր միջոցները՝ արդյունավետ կերպով ապահովելու ամբաստանյալ Վալերի Պերմյակովի ներկայությունը և դրանով երաշխավորելու նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Արտագնա դատական նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումն իրենք համարում են անվստահություն ՀՀ իրավասու մարմինների և նրանց կողմից իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը միացավ միջնոդրության պահանջին,՝ նշելով, որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի Վալերի Պերմյակովը չգտնվի վանդակում, քանի որ գոյություն ունեն ՄԻԵԴ նախադեպային որոշումներ, այդ թվում՝ ՀՀ-ի վերաբերյալ. դա է պատճառը, որ ՀՀ դատարաններում այլևս վանդակներ չկան: Նա նշեց, որ դատական նիստը պետք է կայանա ՀՀ դատարանում, բացի այդ՝ իրենք տեսնում են դատարանի կաշկանդվածությունը, ինչը չի լինի ՀՀ դատարանում: Նա ասաց, որ գործի հրապարակայնության խնդիր կա, իսկ այժմ լրատվամիջոցների համար ապահովված չեն անհրաժեշտ պայմաններ, այդ պայմաններում հնարավոր չէ աշխատել: Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենց համար անհասկանալի է դատարանի որոշման պատճառաբանությունը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ որևէ կիրավական հիմնավորում գոյություն չունի՝ նիստը արտագնա՝ ռազմաբազայում անցկացնելու համար: Նա ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետությունը հավելյալ ծախսեր անի դատավարությունը ռազմաբազայում անցկացնելու համար: Փաստաբան Երեմ Սարգսյանը միացավ միջնորդության պահանջին՝ նշելով, որ խորհրդակցական սենյակի գաղտնիության պահպանումը պետք է ապահովվի: Սակայն նման պայմաններում իրենց անհանգստացնում է այդ հարցը: Նա նշեց, որ իրենց համար խիստ կարևոր է Վալերի Պերմյակովի հարցաքննությունը, սակայն նման պայմաններում, երբ նա գտնվում է վանդակում, ձեռնաշղթաներով, խանգարելու է նրան, որ նա հարմարվի իրավիճակին:

«Ինձ համար՝ ոչ մի տարբերություն»,- միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց Վալերի Պերմյակովը:

Դատավորը կես ժամով ընդմիջում հայտարարեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս