«Ինչպես «պայքարել» խուճապի դեմ» . «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հիշո՞ւմ եք, 2008 թվականին, երբ պարզ էր, որ սկսվում է համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում էր «ճգնաժամ» բառը չօգտագործել, որպեսզի երկրի ներսում խուճապ չսկսվի: Հիրավի, երբ աշխարհի հարյուրավոր բանկեր չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, դա կարելի է նաեւ անվանել «ժամանակավոր դժվարություններ», բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվի: 1970-ականներին նույնիսկ այսպիսի խորհրդային անեկդոտ կար:
Հարց` ի՞նչն է սոցիալիզմի ժամանակ մշտական: Պատասխան` ժամանակավոր դժվարությունները: Բայց երբ ասվում է` «ճգնաժամ», դա մի կողմից՝ կարող է իսկապես խուճապ առաջացնել, եւ մարդիկ վազեն բանկոմատների մոտ` իրենց փողերը հանելու, իսկ մյուս կողմից` ստիպում է պետություններին ու նույն բանկերին արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ինչը, ի վերջո, տեղի ունեցավ: Հիմա համաճարակն է:
Եթե մի քանի հարյուր հոգի հիվանդ է գրիպով, եւ առնվազն 11 հոգի (երեկվա դրությամբ) դրանից մահացել է, ապա ի՞նչ կփոխվի նրանից, եթե դա կոչվի համաճարակ: Խուճապի ո՞ր տեսակն է այդ դեպքում ակնկալվում: Մարդիկ գրոհելու են դեղատները եւ անիմաստ դեղե՞ր են գնելու: Բայց հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը՝ ես խիստ կասկածում եմ, որ քաղաքացիների մեծ մասը հնարավորություն ունենա 20 հազարանոց դեղեր գնելու: (Ուրիշ հարց, որ պետք է հորդորել մարդկանց՝ եթե նույնիսկ նրանց միջոցները բավարարում են, ինքնուրույն չբուժվել): Եթե խուճապի նշան է փողոցներում շնչադիմակներով ման գալը (մենք հիմա նման եզակի դեպքերի ականատեսն ենք), ապա դրա մեջ, կարծում եմ, որեւէ բացասական բան չկա: Բայց եթե հնչի «համաճարակ»՝ ներկայումս «արգելված» բառը, ապա առողջապահության նախարարությունն, ըստ երեւույթին, ստիպված կլինի արթնանալ ներկայիս relax վիճակից եւ իր հիմնարկներում գործուն միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց կյանքը փրկելու, ինչպես նաեւ գուցե ակտիվացնի կանխարգելիչ աշխատանքները»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: