«ՀՀ իշխանությունների ցանկությամբ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտանգության ոլորտը չի շրջանցվի». եվրոպացի փորձագետ
«ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցությունները հուսադրող են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի չստորագրումից երկու տարի անց՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Հայտնի չէ, թե երբ կավարտվեն բանակցությունները, և ինչ բովանդակություն կունենա նոր փաստաթուղթը:
Դելքուռը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպական միության համատեղ աշխատանքը հուսադրող է:
Ըստ ֆրանսիացի փորձագետի՝ լավատեսության առիթ կա, քանի որ Հայաստանը՝ լինելով ԵՏՄ անդամ երկիր, բանակցում է ԵՄ-ի հետ, ինչը նշանակում է, որ սա համաձայնեցված է նաև Ռուսաստանի Դաշնության հետ: «Սա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս այդքան էլ հիվանդագին չի ընկալում «Արևելյան գործընկերությունը» կամ համոզված է, որ Հայաստանի կողմից չհամաձայնեցված լուրջ քայլեր չեն նախաձեռնվելու Եվրոպական միության ուղղությամբ: Սակայն, այնուամենայնիվ, նոր աշխատանքը վկայում է ստեղծված որոշակիորեն բարենպաստ պայմանների մասին, ինչը Հայաստանը կարող է օգտագործել իր օգտին»,- նշեց Լոռ Դելքուռը: Ինչ վերաբերում է ապագա փաստաթղթին, ապա, ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանին բարեփոխվելու ևս մեկ հնարավորություն է տալիս:
«Փաստաթղթի բովանդակությունը, որքանով ես գիտեմ, ենթադրում է բարեփոխումներ մի շարք ոլորտներում, որոնք օգտակար կլինեն Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի համար: Հետագայում սա կարող է ՀՀ-ԵՄ ավելի խորը համագործակցության հիմք դառնալ` միևնույն ժամանակ օգնելով Հայաստանին՝ փոքրացնել իր կախվածությունը Ռուսաստանից, հատկապես, որ այսօր Ռուսաստանն այդքան էլ կենտրոնացած չէ իր ինտեգրացիոն պրոյեկտների վրա»,- ասաց եվրոպացի փորձագետը:
Նա նաև գտնում է, որ ԵՄ-ի որդեգրած նոր մոտեցումների պայմաններում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին նաև այն ոլորտներում, որոնք Հայաստանը ցանկանում է: Այսինքն, ըստ նրա, այդ հարցերը կարող են ներառվել բանակցությունների օրակարգում: «Հարցեր, ինչպիսին անվտանգությունն է, տնտեսական համագործակցությունը, կարող են քննարկվել և ՀՀ-ԵՄ հարաբերություններում օպտիմալ տեսք ստանալ, ինչը լայն քննարկումների թեմա է Հայաստանում: ԵՄ-ի որդեգրած նոր Հարևանության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ԵՄ-ին ճկունություն ցուցաբերել, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ առաջարկել, հավակնել նրան, ինչը ցանկանում է: Հայաստանի ցանկությամբ այդ ոլորտը կարող է չշրջանցվել ԵՄ-ի կողմից»,- ասաց Լոռ Դելքուռը: Վերջինիս կարծիքով՝ բանակցությունները երկար ընթացք չեն ունենա, քանի որ կողմերը պարզապես վերամշակում են արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագիրը՝ այն հարմարեցնելով նոր իրողություններին և համաձայնագրից դուրս թողնելով այն կետերը, որոնք հնարավոր չէ զարգացնել ԵՄ-ի հետ՝ լինելով ԵՏՄ անդամ: