«Լրացուցիչ ցուցակում ընդգրկված մարդը ստորագրեց, գնաց մտավ քվեախցիկ, այդ պահին քարտուղարուհուն զանգ եկավ, քարտուղարուհին ասաց՝ ստոպ, չքվեարկել». ՀԱԿ անդամ

9/17 ընտրատեղամասի նախագահ Արմենուհի Մանուկյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ)` պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե մինչև այժմ նույնականացման քարտով քանի՞ մարդ է քվեարկել, և հասցնո՞ւմ եք հսկել, որպեսզի կրկնակի քվեարկություններ չլինեն, ասաց, որ դեռ հաշվառում չեն արել, թե նույնականացման քարտով քանի մարդ է քվեարկել.

«Բնականաբար, հասցնում ենք հսկենք, որովհետև իրենք հասցեներով են քվեարկում: Մինչ այժմ մեզ մոտ խախտումներ չեն եղել, եղել է շփոթմունք՝ մի քույրը քվեարկել է մյուս քրոջ փոխարեն: Մենք դա արձանագրել ենք»:

Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու համար գալիս են խմբերով, կոնկրետ քիչ առաջ էլ 4-5 երիտասարդներ այդպես քվեարկեցին, նա պատասխանեց. «Եթե իրենք գրանցված են որոշ մարզերում և բնակվում են քաղաքում, ապա, բնականաբար, միասին են գալիս, ես դա խախտում համարել չեմ կարող: Իրենց իրավունքն է. կուզեն՝ երկուսով կգան, կուզեն՝ երեքով»:

Մեզ հետ զրույցում ՀԱԿ-ի վստահված անձ Գարիկ Ասատրյանն անդրադառնալով լրացուցիչ ցուցակներով քվեարկության դեպքերին՝ ասաց.

«Մենք տրամաբանորեն հասկանում ենք, որ սա սարքած բան է, կարող է՝ այս մարդիկ նաև իրենց համայնքներում են մասնակցում հանրաքվեի: Գալիս են մարդիկ, որոնք ապրում են շրջաններում, աշխատանքի համար եկել են քաղաք ու ապրում են Մաշտոցի պողոտայում:

Որքանո՞վ է դա տրամաբանական. մարդը գալիս է քաղաք՝ աշխատանք գտնելու, ու ապրում է Մաշտոցի պողոտայում: Մենք էլ գիտենք, թե Հայաստանում որքան է աշխատավարձը: Սրանց արածն անբացատրելի է: Լրիվ նոր տեխնոլոգիաներ են կիրառում: Օրինակ՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկված մարդը ստորագրեց, գնաց մտավ քվեախցիկ, այդ պահին քարտուղարուհուն զանգ եկավ, քարտուղարուհին ասաց՝ ստոպ, չքվեարկել: Սա ի՞նչ է նշանակում:

Հանձնաժողովի նախագահը տեղյակ է, բայց ոչինչ չի անում: Եղել են դեպքեր, երբ մարդը եկել է ընտրության, բայց չի կարողացել ընտրել, որովհետև իր փոխարեն արդեն ընտրած են եղել: Մի քանի նման դեպք եղել է: Մենք դիմեցինք հանձնաժողովի նախագահին, որպեսզի արձանագրություն կազմի, իրենք դիտմամբ ձգձգում են, այդ մարդիկ թողնում-գնում են»:

Մեր ներկայությամբ ՀԱԿ-ի վստահված անձը հանձնաժողովի նախագահին ասաց, որպեսզի խախտում արձանագրի, քանի որ որոշ երիտասարդներ երկրորդ անգամ են եկել քվեարկության, իսկ հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ նրանք իրենց մորն են ուղեկցում, այլ քվեարկության չեն եկել:

Տեսանյութեր

Լրահոս