Ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը
Ռուսաստանի և Թուրքիայի միջև կան մի շարք համագործակցության ծրագրեր, և եթե Ռուսաստանը որոշի պատժամիջոցներ կիրառել, ապա մենք պետք է կարողանանք օգտվել այդ իրավիճակից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ մենք կարող ենք մի քանի ոլորտներում շահեկան դիրքեր զբաղեցնել.
«Վերջին 20 տարում Թուրքիան Ռուսաստանում մոտ 900 խոշոր շինարարական օբյեկտներում իր մասնակցությունն է ունեցել: Հունվարի 1-ից նախատեսում են, որ թուրքերն այլևս չեն կարողանալու այդ շինարարության օբյեկտների վրա աշխատել, այսինքն՝ նոր աշխատողներ ներգրավելու առումով և վիզային ռեժիմի առումով ունենալու են դժվարություններ: Հայաստանը ոչ միայն Հայաստանի ներսում կարող է փորձել իր առավելություններն օգտագործել, այլ նաև Ռուսաստանում աշխատող մեր հայերը, որոնք ևս զբաղվում են շինարարությամբ, կունենան որոշակի բաց դաշտ և կկարողանան այդ շինարարական նախագծերից օգտվել»,- ասաց նա:
Հաջորդը, ըստ տնտեսագետի՝ տուրիզմի բնագավառն է: Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը փորձի Թուրքիայի հանգստյան գոտիներում դադարեցնել տուրիստական հոսքերը, Թուրքիայի կորուստները կազմելու են մոտ 7 մլրդ դոլար. «Պետք է մտածենք նաև ռուսական տուրիստներին ներգրավելու խնդրի մասին: Այս հարցում առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում Եգիպտոսը, Իսրայելը և անգամ Իսրայելի կողմից սկսվել է հզոր մարքետինգային ծրագիր իրականացվել, որպեսզի հնարավորության դեպքում ռուսական տուրիստներին կարողանա ներգրավել իր երկրում և նրանց տուրիստական ծառայություններ մատուցել: Բնականաբար, տուրիստական ծառայություններ մատուցելու առումով ևս Հայաստանը պետք է փորձի ակտիվ լինել»:
Ինչ վերաբերում է Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանին, ապա, ըստ տնտեսագետի՝ այստեղ ծրագիրը դադարեցնելու հետ կապված որոշակի մտավախություններ կան և, ամենայն հավանականությամբ, չեն դադարեցնի. «Բայց եթե դադարեցնեն, ճիշտ կլինի, որ Հայաստանը նաև այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործի և ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության հետ կապված հարցերը փորձի առաջ մղել: Սա կլիներ ամենամեծ շահեկան կողմը, որը մենք կարող էինք ապահովել դրա արդյունքում»:
Անդրադառնալով արտահանվող ապրանքներ խնդրին, բանախոսն ասաց, որ Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ մրգեր, ցիտրուսեղեն էր արտահանվում դեպի Ռուսաստան և ըստ նրա՝ այս շուկայում, հատկապես՝ մրգերի մասով, Հայաստանը կարող է որոշակի դերակատարում ունենալ. «2014թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն դոլարի ընդհանուր արտադրանք, մեկ տարի անց՝ 2015թ. հունվար-հոկտեմբերի դրությամբ ունենք 179 մլն դոլար, այսինքն՝ մենք միայն ռուսական շուկայում մեկ տարվա ընթացքում 74 մլն դոլարի արտադրանք քիչ ենք արտահանել: Դա նշանակում է, որ մենք ռուսական շուկայում արտահանման տեսանկյունից ունենք խնդիրներ, և սա որոշակի առումով շանս է ու հնարավորություն՝ այդ շուկան ետ բերելու համար»:
Տնտեսագետը, սակայն, նկատեց, որ չպետք է մոռանանք ռուսական ռուբլու գերարժեզրկված լինելու հանգամանքը. «Դա ստիպում է, որպեսզի արտահանողների համար լինեն դժվարություններ այդ շուկայում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք մրցունակ գներ պետք է կարողանանք առաջարկել, որը շատ դժվար է լինելու: Այս շուկայում ևս փորձում են մրցակցել Եգիպտոսը, Իրանը, Մարոկկոն: Իհարկե, այստեղ ցիտրուսային մրգերի առումով մենք մրցակցելու տեղ չունենք, բայց մյուս մրգերի ու բանջարեղենների առումով կարող ենք որոշակի դիրք զբաղեցնել:
Ուղղակի խնդիրն այն է, որ մեր արտադրական ենթակառուցվածքներն ու գյուղատնտեսական ոլորտի այդ ջերմոցային տնտեսություններն այնքան հզոր և առաջանցիկ տեմպերով չեն զարգանում, որպեսզի միանգամից կարողանան ադապտացվել, ու այդ շուկան կարողանանք գրավել: Դա մեզնից ժամանակ է պահանջելու: Ձմռան ամիսներին էլ ունենք տեղափոխման խնդիրներ՝ Լարսի ճանապարհի հետ կապված, և ժամանակ է պետք, որպեսզի այդ շուկայում կարողանանք մեր դիրքերը որոշակի առումով ամրապնդել: Միանգամից ակնկալել, որ մենք կունենանք մեծ արդյունքներ սկզբնական շրջանում, ճիշտ չի լինի:
Թուրքիայի կորուստներն այս ամբողջ գործընթացներից հաշվարկվում են մոտ 20 մլրդ դոլար, որը կկազմի Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 3%-ը»: