«Պատերազմ չի կարող լինել, որովհետև դա կլինի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ». Ալեքսանդր Արզումանյան
«Մեր ԱԳՆ-ն ճիշտ է վարվում, որ որևէ հայտարարություն չի անում: Մենք ներքաշված չենք այս կոնֆլիկտում: Ինչ կարող է լինել՝ մենք գիտենք. մեր դարավոր փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական պատերազմներից մենք միայն ահավոր մեծ կորուստներով ենք դուրս գալիս, նույնը լինում է ռուս-թուրքական եղբայրությունից: Մենք պետք է շատ զգուշավոր լինենք, Թուրքիան մեր անմիջական հարևանն է, նա մասնակցություն ունի ԼՂ հակամարտությանը: Ռուսաստանը, անշուշտ, մեր շատ կարևոր ստրատեգիական դաշնակիցն է, բայց այստեղ պետք է լռելյայն դիվանագիտություն վարել, ինչին ականատես ենք լինում»,- այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Օդանավի խոցմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ, այնուամենայնիվ, խախտվել է Թուրքիայի օդային տարածքը, և այս միջադեպն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ սեպտեմբերի 30-ից սկսած, երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծությունները, բազմաթիվ միջադեպեր եղել են Թուրքիայի սահմանի հետ կապված. «Անօդաչու սարքեր էին խոցվել մի քանի անգամ, Թուրքիան բազմիցս հարցը բարձրացրել է միջազգային ասպարեզում, և վերջին միջադեպը եղել էր ինքնաթիռի խոցումից մեկ շաբաթ առաջ, երբ Թուրքիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով թռիչքներից զերծ գոտի հայտարարել այդ տարածաշրջանում, որը բնակեցված է թուրքմեններով, և հայտարարություններ եղան, որ ցանկացած փորձ կկանխվի: Ակնհայտ էր, որ քաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից տրված էր խոցելու հրահանգ, եթե փորձ լինի: Պետք է գիտակցել այդ երկու ռեգիոնալ տերությունների շահերը և շահերի բախումը կոնկրետ տարածաշրջանում»:
Նա նաև նշեց, որ, անշուշտ, այդ օդանավը որևէ վտանգ չէր ներկայացնում, հնարավոր էր անտեսել, բայց ըստ նրա՝ մենք պետք է գիտակցենք Էրդողանի մոտեցումը, հասկանանք, որ նա 4 տարի շարունակ իր ողջ ներուժն օգտագործել է նրա համար, որ Բաշար ալ Ասադին գահընկեց անի ու Սիրիան մասնատի. «Օգոստոսի վերջին աշխարհի բոլոր փորձագետները համամիտ էին այն հարցի հետ, որ Ասադը վերջին շնչի վրա է և շատ շուտով գահընկեց կարվի, ու այդ պահին հայտնվում է Պուտինն ու սկսում փոխել իրավիճակը՝ Ասադին հնարավորություն տալով շարունակել, ու դառնում Թուրքիայի համար 1 թշնամին»:
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն շատ խոհեմ վերաբերմունք ցուցաբերեց. «Թուրքիան ցանկանում էր՝ օգտվելով ՆԱՏՕ-ի կանոնադրությունից, պահանջել՝ սա ճանաչել ագրեսիա անդամ երկրի նկատմամբ և այս միջադեպը ռուս-թուրքական հարթությունից տեղափոխել Ռուսաստան-ՆԱՏՕ հարթություն ու ավելի բարդացնել, ինչը չհաջողվեց, որովհետև ՆԱՏՕ-ի հայտարարությունը բավականին բալանսավորված էր. ընդունելով տարածքի հատման փաստը՝ նաև կոչ էր արվում, որ երկու կողմերը դիվանագիտական լուծումների ձևեր գտնեն: ՀԱՊԿ-ն այստեղ որևէ անելիք չունի, որովհետև ՀԱՊԿ-ն նրա համար է, որ եթե անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակում լինի՝ պատասխանեն, բայց ՀԱՊԿ-ի անդամ երկիրը գնացել երրորդ երկրի տարածքն է հատել, ու խոցել են, ի՞նչ անի ՀԱՊԿ-ն. գնա շարունակի՞ այդ խոցումների պրոցեսը, հարձակվի՞ Թուրքիայի վրա: Այս պահին շատ ճիշտ կլիներ, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որևէ հայտարարությամբ կամ գործողությամբ հանդես չգար»:
Ա. Արզումանյանի կարծիքով՝ այն աստիճանի սրացում չի լինի, որ ականատես լինենք պատերազմի. «Սա ավելի շատ PR պատերազմ է: Երկու ռեժիմները շատ նման են իրար, և երկու նախագահները նույն ամբիցիաներով սնուցվող, կայսերապաշտական մոտեցումներով խոսում են իրենց նախկին կայսրությունների վերարտադրման մասին: Այսինքն՝ ցար-սուլթան հարաբերությունների ոլորտում ենք մենք, և երկուսն էլ անում են հայտարարություններ, որն ըստ իրենց՝ հարիր է սուլթանին կամ ցարին: Շատ մեծ բախում չեմ սպասում, բայց նաև պետք է մեր ներքաշվածությունը շատ չափված-ձևված լինի և շատ զգուշավոր:
Պատերազմ չի կարող լինել, որովհետև դա կլինի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ, ինչը ենթադրում է միջուկային զենքի օգտագործում. ամբողջ աշխարհը դա քաջ գիտակցում է, և այս պրոցեսը կարող է ոչ թե՝ առճակատման տանել ՆԱՏՕ-ի հետ, այլ ընդհակառակը՝ Ռուսաստանին ներքաշել ՆԱՏՕ: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի վերականգնման որոշումը շատ կարևոր պատգամ է, որ ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանին ներքաշել իր մեջ»: