«Ի՞նչ տարբերություն ինձ համար, թե աթոռը որտեղ կլինի, միևնույն է` այդ աթոռն է ամեն ինչ որոշում». Ստյոպա Սաֆարյան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը, ասաց, որ բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների միջև, որովհետև, ըստ նրա՝ «Ոչ»-ի ճամբարը չբերեց այնպիսի լուրջ փաստարկ, որ այս փաթեթը ժամանակավրեպ ու առաջադիմական չէ.
«Հիմնական փաստարկն այն էր, որ սա վատ է, որովհետև նախաձեռնել են իշխանությունները, և սրանով իշխանություններն ինչ-որ չար նպատակ են հետապնդում՝ վերարտադրվելու և այլն: Երկուսն էլ բովանդակության հետ կապ չունեն և ընդունելի չեն»:
Սակայն, նրա կարծիքով՝ «այո» պետք է ասել մի քանի պատճառներով. «Նախ՝ սա իսկապես առաջադիմական փոփոխությունների փաթեթ է: Մենք տասնամյակներ շարունակ խոսել ենք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին, բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում՝ հիմա դեմ արտահայտվողները, խոսել են խորհրդարանական համակարգի առավելությունների, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության և տարբեր այլ դրույթների մասին, որոնք արդեն իսկ տեղ են գտել փոփոխությունների փաթեթում: «Ոչ» ասելիս մեր հասարակությունը պետք է իմանա, որ կամա թե ակամա կողմ է քվեարկում գործող Սահմանադրությանը»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համակարծիք չէր նրա հետ. ««Ոչ» ասողները չեն խուսափել մտնել բանավեճի մեջ: Նախ «Ոչ»-ից մարդիկ կան, որոնք կողմ են նախագահական կառավարմանը և անկախ ամեն ինչից «ոչ» են ասելու, մարդիկ կան, որ այո, կողմ են եղել խորհրդարանական կառավարմանը բայց այսօր «ոչ» են ասում, այդ թվում՝ ես: Եթե մենք խոսել ենք համամասնական ընտրակարգի անհրաժեշտության, խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին, չենք խոսել՝ կայուն մեծամասնության մասին, խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, որը մեր պատկերացմամբ այլ սկզբունքներով պիտի ձևավորվեր, չենք խոսել մարդու իրավունքների բաժնում տոտալ հետընթացի մասին, ինչն առկա է առաջարկվող տարբերակում:
Անհրաժեշտ չենք համարել, որ երաշխիքներ ստեղծվեն՝ հերթական անգամ քաղաքական պրոցեսում հաղթողն ստանում է ամեն ինչ վիճակի մասին: Թեպետ գիտեմ՝ ինչ եք պատասխանելու, բայց միայն կայուն մեծամասնության թեզն արդեն բավարար է:
Հետևաբար, ցավում եմ, որ գործընթացն այնպես է տարվել, որ այո, նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն կողմ են եղել խորհրդարանական կառավարմանը, չեն կարող ուղղակի այս տարբերակին «այո»ասել:
Միակ բանը, որի հետ Ս. Սաֆարյանը համաձայն էր Լ. Մարտիրոսյանի հետ՝ այն էր, որ երկու բան է առաջարկվում՝ կա՛մ մնալ այսօրվա վատ Սահմանադրության մեջ, ասելով՝ «ոչ», կա՛մ քվեարկել վատ տարբերակի օգտին և ասել՝ «այո». «Ես «ոչ» եմ քվեարկելու: Ինձ նման մարդկանց համար բան չի փոխվելու, որովհետև նոր Սահմանադրությունն էլ չի փոխելու ու չի բերելու այն, ինչ մենք ուզում էինք, այս Սահմանադրությունն էլ, որը բազմիցս քննադատել ենք: Այսինքն՝ ի՞նչ տարբերություն ինձ համար՝ ուժի կենտրոնը մնում է Բաղրամյան 26-ում, թե Բաղրամյան 19 կամ Մելիք Ադամյան է տեղափոխվում: Ի՞նչ տարբերություն ինձ համար, թե աթոռը որտեղ կլինի, միևնույն է, այդ աթոռն է ամեն ինչ որոշում: Գործող և առաջարկվող համակարգը նույն արատներն ունեն, երկուսն էլ չունեն իշխանության տրանջատման, իշխանությունների զսպման մեխանիզմ»: