Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կանցկացվի Ճապոնական ֆիլմերի փառատոն
Նոյեմբերի 27-29-ը Երևանում, Գյումրիում և Էջմիածնում անցկացվելու է Ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս մասին հայտնի դարձավ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսից, որին մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, Կինոյի, անիմացիայի և հեռուստատեսության ֆակուլտետի դեկան Անտեա Երզնկյանը և Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիա Նիկոյանը:
Ասուլիսի բանախոս, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հույս հայտնեց, որ Ճապոնական ֆիլմերի փառատոնին ներկայացված ֆիլմերը կամուրջ կհանդիսանան ավելի լավ ճանաչելու ճապոնացիներին և ճապոնական մշակույթը: Դեսպանը տեղեկացրեց, որ այս տարվա փառատոնին ներկայացվելու են թվով հինգ ֆիլմ. «Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մեծ արձագանք է ստացել ճապոնիայում, և ես ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը նույնպես կարող է հաղորդակից լինել ճապոնական ֆիլմերի ընտրանուն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ճապոնական մշակույթի օրերը Հայաստանում շարունակական բնույթ են ունենալու, դրանք պարբերաբար կներկայացվեն արվեստի ամենատարբեր դրսևորումներով և միջոցառումների տեսքով»:
Դեսպան Է. Տագուչին ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարի՝ հունվար ամսին, Երևանում կկազմակերպվի ճապոնական ֆիլմերի ևս մեկ փառատոն, որն ամբողջությամբ նվիրված կլինի կնոջ թեմային:
Հանդիպմանը ներկա «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի ճապոնացի երաժիշտ Իրիե Յոսկեն: Բանախոսի փոխանցմամբ, փառատոնին զուգահեռ՝ կիրականացվեն նաև մշակութային այլ ծրագրեր:
Կինոյի, անիմացիայի և հեռուստատեսության ֆակուլտետի դեկան Անտեա Երզնկյանը փառատոնի իրականացման հիմքում կարևորեց գիտական, մշակութային և կրթական փորձի փոխանակման գաղափարը: Վերջինս կարևոր է համարում նաև փառատոնի շրջանակներում ուսանողների համար ընձեռված հիանալի հնարավորությունը՝ ծանոթանալու ճապոնական մշակույթի բարձրարժեք դրսևորումներից մեկին՝ կինոյին:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն «Նրբագեղ բառերի պարտեզը», «Երկաթուղային բեռնատար», «Նաբիի սերը», «Կյանքն Ագա գետի վրա» և «Waterboys» ֆիլմերը:
Ֆիլմերի ցուցադրությունները կկայանան Երևանի «Մոսկվա» կ/թ-ում, ինչպես նաև Գյումրիի «Հայրենիք» կ/թ-ում և Էջմիածնի քաղաքապետարանում:
Մուտքն ազատ է:
Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության: