Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ
Նոյեմբերի 16-22-ը՝ հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ «Ինքնաբուժման նպատակով մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ», «հակաբիոտիկները պետք է կիրառել միայն բժշկի նշանակմամբ», «խորհուրդ մի՛ տվեք ձեզ նշանակված հակաբիոտիկը մեկ ուրիշին»:
Մեկ շաբաթ շարունակ՝ նոյեմբերի 16-22-ը, այսպիսի կարգախոսներով մեր երկրում կանցկացվի հակաբիոտիկների իրազեկման համատարած քարոզարշավ: Առողջապահության ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ այսօր արդեն հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար լուրջ խնդիր է. «Ամբողջ աշխարհում այն հասնում է վտանգավոր բարձր մակարդակների՝ թուլացնելով մեր կարողությունները՝ պայքարելու վարակիչ հիվանդությունների դեմ, և խափանելով առողջապահության ու բժշկության բնականոն առաջընթացը»:
Այդ իսկ նպատակով աշխարհում մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը:
Առողջապահության նախարարության հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որն անցնում է «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, առաջին անգամ միացել է նաև Հայաստանը:
Նախարարության մասնագետի խոսքերով, ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հուլիսի 8-ին թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը», որը ներառում է ԱՀԿ-ի եվրոպական ծրագրի մոտեցումներն ու սկզբունքները: Ռազմավարության մեջ ներառվել է 7 ուղղություն, որից առաջինը միջգերատեսչական համագործակցության ապահովումն է. «Այս ամենը միայն առողջապահության ոլորտի խնդիրը չէ, այն նաև առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, համատեղ աշխատելու ենք Կրթության և գիտության նախարարության և այլ համապատասխան մարմինների հետ»:
Քանի որ, Քրիստինա Գյուրջյանի խոսքերով՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է. «Անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև աճը խթանելու համար, և դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով»:
Այս առնչությամբ էլ, ինչպես մեր զրուցակիցը նշեց, 2014 թվականին Գյուղնախարարության հետ համատեղ կերի մասին օրենքում մշակել են սահմանափակող մեխանիզմներ, որոնց համաձայն` հակաբիոտիկները չեն կարող կիրառվել` որպես քաշը հավաքող միջոց:
Քրիստինե Գյուրջյանն ասաց, որ քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում: Ըստ նրա` մեկնարկած քարոզարշավի նպատակն է` հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը: Սակայն Քրիստինե Գյուրջյանը կարծում է, որ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին` բժիշկներն ու դեղագետները: Այդ իսկ պատճառով, ռազմավարության շրջանակներում, ԱՀԿ-ի աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է ազգային դասընթաց՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, համաճարակաբանական հսկողության և հակամանրէային դեղերի զգայնության որոշման թեմաներով:
Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանից էլ՝ ութ միջազգային փորձագետ, որոնցից մեկը, Քրիստինե Գյուրջյանի խոսքերով, եղել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հակամանրէային դեղերի նկատմամբ պայքարի ծրագրի ղեկավարը:
«Դասընթացը բաղկացած էր երկու մասից: Առաջին օրը մասնակցել են մոտ 100 մասնագետ՝ վարակաբաններ, վիրաբույժներ, համաճարակաբաններ, մանրէաբաններ և այլ մասնագետներ, որոնք առնչվում են հակաբիոտիկների նշանակման հետ:
Մասնակիցները հրավիրվել են բոլոր մարզերից և Երևանից: Առաջին օրը ներկայացվել է գլոբալ ծրագիրը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ռազմավարությունը: Եռօրյա դասընթացի ժամանակ ներկայացվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության լաբորատոր հետազոտման միջազգային մեթոդաբանությունը, որին մասնակցել են կլինիկական մանրէաբանները և կլինիկական համաճարակաբանները՝ մոտ 40 մասնագետ, որոնց տրամադրվել է մեծ թվով նյութեր»,- պարզաբանում է տիկին Գյուրջյանը:
Անդրադառնալով հիմնախնդրին, նախարարության մասնագետն ասաց, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է. «Վարակիչ հիվանդությունները տասնամյակներ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար` նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ»:
ԱՀԿ-ն հաշվարկել է և պարզել, որ, եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրիլիոն դոլար:
Մասնագետները գտնում են, որ հակաբիոտիկների պատշաճ օգտագործման շնորհիվ միայն հնարավոր կլինի պահպանել դրանց ազդեցությունը: Միաժամանակ, քարոզարշավի միջոցով անհատների, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը կհրավիրվի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրին, ինչը կնպաստի մոտեցումների փոփոխմանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով, միայն բժշկի ցուցումով:
Մեր երկրում այսօր դեռևս խնդիր է հակաբիոտիկների՝ դեղատներում ազատ, առանց դեղատոմսի վաճառքը: Այս խնդիրը, սակայն, կկանոնակարգվի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ:
Նշենք նաև, որ աշխարհի պետությունների միայն մեկ քառորդն այսօր ունի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր՝ ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին: Այնուամենայնիվ, առողջապահության ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրի վերաբերյալ քաղաքական վերաբերմունքը գնալով մեծանում է: