Մտավորականների խորհուրդը դեմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի Մտավորականների խորհրդի դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի և Սահմանադրության նախագծի վերաբերյալ.

«Մենք գտնում ենք, որ ներկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում նոր Սահմանադրություն ընդունելու օբյեկտիվ պատճառներ չկան: Դրանով իսկ փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից՝ սոցիալական անարդարություն, աղքատություն, արտագաղթ, ղարաբաղյան հակամարտություն և այլն:

Նախագծի ընդունմանը պետք է նախորդեին հանգամանալից ու տևական քննարկումներ, երբ լսելի կլինեին հասարակության բոլոր խավերի տեսակետներն ու առաջարկությունները:

Այնինչ, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին իրական հնարավորություն չի տրվում լրջորեն նպաստել նախագծի կատարելագործմանը: Այս հապճեպությունը միայն մի նպատակ ունի՝ ամեն կերպ անցկացնել առաջարկվող, առնվազն՝ վիճելի նախագիծը»:

Նա նշեց, որ չմտնելով նախագծի բովանդակության մանրամասների մեջ, Մտավորականների խորհուրդն անհասկանալի է համարում, թե ինչո՞ւ դրա հեղինակներն անվերապահորեն գերադասում են պառլամենտական կառավարման համակարգը.

«Ոչ միջազգային փորձը, ոչ էլ ՀՀ քսանհինգամյա գոյությունը դրա համար հիմքեր չեն տալիս: Հատկապես, որ այս պայմաններում, երբ հանրապետությունը գտնվում է գրեթե պատերազմական վիճակում, երբ գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը պետք է լինի մշտական գործող: Նման փոփոխությունները դժվարացնում են նաև արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում ՀՀ մասնակցության տրամաբանությունը: Ո՞վ պետք է խոսի հանրապետության անունից՝ վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, ՀՀ նախագա՞հը, թե՞ կառավարող կուսակցության նախագահը: Սրա մասին մեզ ոչինչ չեն ասում»:

Բանախոսն ընդգծեց, որ իրենք չեն ժխտում ընդունելի, դրական երևույթների առկայությունը նախագծում.

«Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մի քանի անհրաժեշտ բարեփոխումների պատճառով հասարակությունը պետք է աչք փակի վտանգահարույց, ազգային արժեհամակարգը և պետական անվտանգությունը խարխլող այս ձեռնարկման հանդեպ: Ուստի գտնում ենք, որ բոլոր վերոգրյալ փաստարկները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է դեմ քվեարկել նախագծին»:

Տեսանյութեր

Լրահոս