Ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցի իրական նպատակը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: 168.am-ի հարցին, թե ո՞րն էր Լավրովի այցի իրական նպատակը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններն այն որակի են, որ նման այցելություններն ուղղակի կարող են նաև ամենօրյա լինել:

«Այդտեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց, իհարկե, կա ենթատեքստ, իրավիճակ, որը լուրջ փոփոխության է ենթարկվում շատ ինտենսիվ կերպով, կան իրադարձություններ, որ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, որտեղ ՌԴ-ն շատ գլխավոր դերակատարություն է այսօր ստացել: ՀՀ-ն այն երկիրն է, որ ունի համայնք տարբեր երկրներում, որոնց անվտանգությունը կապված է տեղի ուենցող իրադարձությունների հետ, որ չափազանց կարևոր են»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ըստ նրա՝ Լավրովի այցի ընթացքում քննարկվել է նաև Ղարաբաղի խնդիրը. «Շատ կարևոր և ժամանակին եմ համարում Լավրովի՝ որպես համանախագահ երկրի արձագանքը ԵԽԽՎ խայտառակ, աննախադեպ փաստաթղթին: Նման բան չի եղել պատմության մեջ, որ միակողմանի մեղադրանքներ և գովասանք լինի մյուս կողմին: Կոնֆլիկտի մեջ միշտ պարիտետ է պահվել: Դա Միլիմեջլիսի հայտարարություն է և ուղղակի անթաքույց, լիարժեք միջամտություն է Մինսկի խմբի գործընթացին: Պահանջում են, որ Մինսկի խումբը վերանայի գործընթացն ու վերանայի ի օգուտ Ադրբեջանի: Սա ուղղակի վտանգավոր վիճակ է ստեղծում: Սա փորձելու են օգտագործել Մինսկի բանակցություններում, որը Ռուսաստանը հայտարարեց, որ իր համար անընդունելի է լինելու, որ Ադրբեջանը չփորձի դրսից բերած ինչ-որ մի փաստաթուղթ օգտագործի ՄԽ-ում»:

Ա.Ռուստամյանը չհամաձայնեց, որ Լավրովը եկել էր ԼՂ շրջակա տարածքները հանձնելու հարցը քննարկելու համար. «Եռանախագահող մարմինը 5 հայտարարություն է արել լուծման և, չեմ կարծում, որ այդ շրջանակից դուրս կգան»:

Մեր հարցին, թե արդյոք պատահակա՞ն էր, որ Լավրովի այցից անմիջապես հետո ռուսական մամուլում հակահայկական, տարածքները հանձնելու և ԼՂ-ին Ադրբեջանի կազմում ինքնորոշում տալու մասին հոդված է տպագրվում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ համանախագահների հայտարարությունները չեն բացառում տարածքների հանձնումը, բայց «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հասկացությունն աղավաղված է, սա նշանակում է նախ՝ տարածք, հետո կարգավիճակի մասին խոսակցություն, ինչը որ միշտ պաշտպանել է Ադրբեջանը. «Հենց դրա մասին խոսք գնաց, մենք դրան դեմ պետք է լինենք, որովհետև դա արդար լուծում չէ, չի կարող աղավաղվել այն միջազգային սկզբունքը, որով հակամարտությունները լուծվել են»:

Տեսանյութեր

Լրահոս