«Ընտրական համակարգի առանցքներից մեկն անձնագրերում դրվող դրոշմակնիքն է, հիմա այդ հենասյունը հանում եք ու այլ հենասյուն չեք դնում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկն արդեն իսկ արմատական է: Այս մասին այսօր ԱԺ նիստում օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ ընտրակեղծիքները բացառելու մեր ընտրական համակարգի առանցքներից մեկն անձնագրերում դրվող դրոշմակնիքն է ու հիմա այդ կարևոր հենասյունը հանվում է ու ոչ մի այլ բան չի առաջարկվում: Ն.Փաշինյանի խոսքով՝ ստացվում է, որ դիտորդներն ու վստահորդները չեն կարողանա իմանալ՝ տվյալ անձն այլ տեղամասում քվեարկե՞լ է, թե՞ ոչ:

«Հիմա այդ դրոշմակնիքը 180 հազար քաղաքացու դեպքում չի գործելու: Այս հենասյունը հանում եք ու այլ հենասյուն չեք դնում,- ասաց Ն. Փաշինյանը՝ նկատելով, որ աշխարհում կա պրակտիկա՝ մատը հատուկ չջնջվող թանաքով թանաքոտելը, որին ոչինչ չի խանգարում և դա կիրառելու համար ո՛չ ժամանակի խնդիր կա, ո՛չ ֆինանսների,- Հասկանալի է, թե ում է պետք այդ կրկնաքվեարկությունների բազայի ստեղծումը»:

Օրինագծերի համահեղինակ Հովհաննես Սահակյանը հակադարձեց, թե սրանով ընդամենը վերացնում են հակասահմանադրական դրույթն ու թույլ ենք տալիս, որ միայն ID քարտ ունեցող քաղաքացիները կարողանան քվեարկել: Հանրային վստահությունը բարձրացնելու համար, ըստ Հ. Սահակյանի, Ն. Փաշինյանի մեկ օբյեկտիվ ելույթը կարող է ավելի շատ ազդել, քան հազար ու մի կնիք: Նրա խոսքով՝ մատերի թանաքոտելու փորձն ինքն ուսումնասիրել է և, օրինակ՝ Հնդկաստանում այն շատ ավելի բացասական հետևանքներ է ունեցել, մասնավորապես՝ մատների թանաքը կարող է այլ քաղաքացու անցնել, բենզինով, ացետիլենով կարող են ջնջել ու կրկին գնալ քվեարկության, այրվածքներ է առաջացնում: Հ. Սահակյանը նաև նկատեց, թե Վրաստանում էլ մատները թանաքոտում էին ու հետևանքը շատ ավելի վատ էր:

«Վրաստանում ձեր տեսակետից, իրոք, շատ վատ էր՝ վերջին 10 տարում երկու անգամ իշխանություն է փոխվել և ձեր տեսակետից դա վատ է»,- հեգնեց Ն. Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ անձնագրերից դրոշմակնիքներն անգամ սովորական ջրով էին ջնջում. «Եթե Դուք նկատի ունեք, որ ձեր իշխանության օրոք ինչ երաշխիքներ էլ մտցնեն կրկնաքվեարկությունը բացառելու, մեկ է՝ այդ ընտրակեղծիքները դուք սենց թե նենց անելու եք, կարելի է ուղիղ էդպես էլ ասել, առանձնապես չքննարկենք ու չանհանգստանանք: Բայց խոսքը նրա մասին է, որ զուտ դե յուրե դուք հանում եք երաշխիքը կամ կռվանը ու տեղը ոչինչ չեք առաջարկում ու սրանից բխում են համապատասխան հետևություններ ու ձեզ համար դրանից ոչ մի վատ հետևանք չի բխում»:

«Մենք ունենք համապատասխան գործիքակազմ, որի միջոցով վերահսկողություն իրականացնելու ենք»,- ի պատասխան հայտարարեց Հ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս