Դատարանը մերժեց Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Փաստաբանը խնդրել էր վերցնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի՝ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքն անհիմն է: «Դատարանն ասում է, որ այդ հարցն ինքն այս պահին չպետք է քննության առարկա դարձնի, այն քննության առարկա կդառնա ըստ էության գործը քննելիս, սակայն մեր բողոքում ներկայացվել էին բազմաթիվ դեպքեր և կոնկրետ օրինակներ, երբ առաջին ատյանի դատարաններն անդրադարձել են այս հարցին և որոշում կայացրել:

Իրավունքի տեսակետից իրականում վիճելի է՝ դատարանն արդյո՞ք պետք է այս հարցը քննության առնի, թե՞ ոչ այս փուլում, սակայն մենք կարող ենք արձանագրել մի բան՝ Հայաստանի Հանրապետությունում տարբեր գործերով տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ կներկայացնի գործ, երբ նման իրավիճակում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այլ կերպ է վարվել.

«Պետք է հասկանանք, թե ինչու վճռաբեկ դատարանն իր տեղում չի գտնվում: Ինչու կոնկրետ գործերով, եթե անհրաժեշտություն է լինում, իրենք քննում են գործը, և որոշում է կայացվում, Դատախազությունը կոնկրետ գործերով, երբ բողոք է ներկայացվում, քննում է և որոշում է կայացնում, Նիկոլայ Բաղդասարյանի գործով լրիվ այլ ընթացակարգեր են գնում: Երկու ընթացակարգերն էլ վճռաբեկ դատարանն օրինական է դիտում: Ես կարծում եմ, որ արժե բողոքել զուտ այն նկատառումով, որ ցույց տանք, որ Հայաստանում օրենքի միատեսակ կիրառություն գոյություն չունի: Եթե կարիք է լինում, դատավորները մինչդատական փուլում քննության են առնում, վերացնում են նման որոշումները, իսկ եթե կարիք չի լինում, ասում են, որ այս հարցը քննարկման առարկա չպետք է դառնա: Ես ուզում եմ հարցնել վճռաբեկ դատարանին՝ ինչո՞ւ է այսպիսի վիճակ Հայաստանում, այսինքն՝ անձով պայմանավորված՝ պայմանավորված են ընթացակարգեր»: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակնհայտ է, որ այս ամենը կապված է իր փաստաբանական գործունեության հետ:

Կարդացեք նաև

Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: «Ես կարծում եմ, որ, եթե Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հետապնդումները շարունակվեն, ապա սա լուրջ վտանգ է ընդհանուր փաստաբանության համար, և փաստաբանները բոլորը պարտավոր են պայքարել, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ այս հետապնդումը դադարեցվի»:

Նշենք, որ որոշման մեջ դատարանը մեջբերել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որի համաձայն՝ քրեական գործը հարուցվում է Քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի կապակցությամբ, այսինքն՝ փաստի առթիվ, և որևէ անձի համար այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում: Հետևաբար, քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ քրեական դատավարությունում որևէ մեկի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում: Ըստ որոշման՝ վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, քանի որ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ անձի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում:

Դատարանը մեջբերել է վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշում, համաձայն որի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները, որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, և որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում, գործն ըստ էության քննելիս, անհնար է կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկելու հարցի կապակցությամբ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված այս իրավական դիրքորոշումները բովանդակային առումով համահունչ են և կիրառելի այս բողոքը քննության առնելիս: Դատարանն արձանագրել է, որ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ռ. Էլիզբարյանի որոշման դեմ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննության առարկա չի կարող լինել, քանի որ բողոք ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում, գործն ըստ էության քննելիս բողոքարկելն անհնար չէ և չի հանգեցնի այդ իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի այն փաստարկին, որ իր գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 145-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, դատարանը գտել է, որ այս բողոքը քննության առնելիս դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, քանի որ այն պետք է դատական քննության առարկա դառնա հետագայում գործն ըստ էության քննելիս:

Նշենք, որ այս որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ 10 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս