
Արդյոք Սուրեն Պապիկյանը հիմնավորումներ կներկայացնի՞

2025 թվականի մայիսին բանակին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ հեղինակած իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, չցանկանալով փակագծեր բացել, հայտարարել էր, որ գնալու են պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու ճանապարհով:
«Ինչ վերաբերում է ծառայության 2 տարին 1.5 տարի դարձնելուն, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում: Պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ, և ցանկանում էի, որ այդ փոփոխությունն այս փաթեթի շրջանակում լինի, բայց սրան կանդրադառնանք աշնանը կամ եկող տարի գարնանը: Այս պահին փակագծեր չեմ ուզում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհով»,- շեշտել էր նա:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի վերջին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ զինվորական ծառայության կրճատմանն առնչվող հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել-չկրճատելու հարցը պայմանավորել էր անվտանգային իրավիճակով։
«Զինծառայության ժամկետի կրճատման գնալ, իհարկե, այսօր էլ կարող ենք նման նախագիծ բերել Ազգային ժողով: Եվ ես փորձեմ հիմնավորել, որ դա ճիշտ է, դուք հիմնավորեք, որ դա սխալ է, բայց մենք պիտի ելնենք մեր երկրի և անվտանգության առաջնահերթություններից: Դուք դա որպես քննադատություն եք հնչեցնում, բայց ես խնդրում եմ, որ մենք հաշվի առնենք իրավիճակը: Քննադատությունը լավ է, բայց սրանք այն հարցերն են, որոնց կխնդրեմ վերաբերվել երկրի անվտանգության շրջանակներում: Քննադատություն բարձրացնելիս, դրա շրջանակում հարցին նայեք»,- շեշտել էր պաշտպանության նախարարը, ով ավելի ուշ զորակոչի խնդիրների՝ ծառայությունից խուսափելու նպատակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարումների համատեքստում պետական կառավարման համակարգում, իրենց շրջապատում լյուստրացիա էր խոստացել։
Եվ հիմա 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:
Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»:
Հավելենք, որ պարտադիր զինծառայության մասին հիշատակում կա նաև բանակի կերպափոխման հայեցակարգում, որի հեղինակները, օրինակ, կարծում են, թե պայմանագրային զինվորական ծառայությունն արհեստավարժության ապահովման առումով ենթադրում է առավել նպաստավոր նախադրյալներ, քան պարտադիր զինվորական ծառայությունը:
Նշվում է նաև, որ փուլային եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից անցում է կատարվելու պայմանագրային ծառայությանը, և ոչինչ, որ եվրոպական շատ երկրներ սկսել են վերադառնալ կանոնավոր բանակին և պարտադիր զինվորական ծառայությանը:
Ւնչևէ, որոշվել է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը պայմանագրայինների թվի աճի հաշվին: Այդ դեպքում միգուցե ներկայացնեն պայմանագրայինների աճը հաստատող վիճակագրություն՝ ո՞ր տարվա համեմատ և որքա՞ն է կազմում պայմանագրային ռեսուրսի թվաքանակի ավելացումը:
Երկրորդ, պետք է ներկայացվի, թե ինչն է հիմք կամ հնարավորություն տալիս կրճատել մարտական հերթապահության մեջ ներգրավված անձնակազմին, հատկապես, երբ չենք հրաժարվում ԵԿՄ-ի «ծառայությունից», խստացնում ենք 25-օրյա վարժանքից խուսափելու պատիժը և վարժանքի մասնակիցներին մարտական հերթապահություն վստահում:
Երրորդ՝ եթե ինչ-որ մեկը կարող է այստեղ բերել տարածքային պաշտպանության կազմակերպումն ու համապատասխան ուժերի ստեղծումը, ապա ինչպե՞ս է լուծվելու մարդկային ռեսուրսի քանակի հարցը սակավաթիվ շրջաններում՝ Գեղարքունիքի և Սյունիքի որոշ հատվածներում:
Այսինքն, խնդիրն այստեղ պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը չէ, եթե ունենք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա յուրացրած, զորավարժությունների միջոցով թրծված, բարոյահոգեբանական ամուր վիճակում գտնվող և համապատասխան ծրագրեր անցած նոր զորային կառույց, որը ԳՇ-ն ի վիճակի է կառավարել այսօրվա աշխարհաքաղաքական լուծումներով պայմաններում:
Ըստ այդմ՝ երբ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում էր, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը պետք է դիտարկել երկրի անվտանգության շրջանակում կամ հաշվի առնել անվտանգային իրավիճակը, կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է փոխվել անվտանգային միջավայրում 2024 թվականի հոկտեմբերից մինչև այս պահը, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագի՞րն է մի քանի ամսում անվտանգային իրավիճակ փոխել, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարում է՝ «եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է: Այսինքն, լավագույն դեպքում էսկալացիայի ռիսկը մինիմալ է, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց՝ ոչ զրոյացված:
Իսկ հակառակորդն իր ռազմական պլաններում ոչ մի փոփոխություն չի մտցրել, և անգամ այս տարի Ադրբեջանում ռիսկային համարեցին պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը՝ 18 ամսից 12-ի (բարձրագույն կրթություն չունեցողների համար 18 ամիս է, ունեցողների համար՝ 12):
Հավելենք, որ զինված ուժերում շատ դեպքերում արատավոր երևույթների կրող են պայմանագրայինները, որոնք, այսպես ասած՝ դուրս և ներս են անում, ստանում աշխատավարձ և այլն: Ավելին՝ պատերազմական պայմաններում դասալքության դեպքեր ավելի շատ կարող են լինել պայմանագրայինների, նաև՝ կամավորների, զորահավաքայինների, քան ժամկետային զինծառայողների դեպքում, վկան՝ 44-օրյա պատերազմն է:
Բայց այս ամենը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին քիչ է հետաքրքրում, կարևորը՝ նախընտրական հարմար թեմա են գտել: Ի դեպ, եթե նկատեցիք՝ 18 ամիս ծառայելու են նրանք, ովքեր կզորակոչվեն 2026 թվականի ամռանը: Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին: