Դատարանը քննում է փաստաբանի բողոքը. ինչում են մեղադրում Նիկոլայ Բաղդասարյանին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց քննել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
Փաստաբանին օրերս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով. փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, տարածելու մեջ:
Ներկայացնելով իր բողոքը՝ փաստաբանը նշեց, որ ինքը տեղեկություն ապօրինի չի հավաքել և ապօրինի չի տարածել: Այսպես, անձի կողմից բողոք ներկայացնելուց հետո քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն դատախազի կողմից այն վերացվել և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին: Որոշ ժամանակ անց որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն դատախազի կողմից այս որոշումը ևս վերացվել է. այժմ Նիկոլայ Բաղդասարյանն ու նրա պաշտպանները բողոքարկել են այդ որոշումը:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործերից մեկով իրականացրել է ամբաստանյալի պաշտպանությունը: Նա հարցում է կատարել բժշկական հաստատություն՝ պարզելու համար՝ արդյոք քրեական գործով ցուցմունք տվող անձանցից մեկը տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե՞ ոչ:
Բժշկական հաստատությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ նկատի ունենալով, որ պահանջվող տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է պարունակում: Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանի միջոցով ստանա այդ տեղեկատվությունը. նրա միջնորդությունը բավարարվել է, դատարանը ստացել է փաստաթուղթը, իր գործընկերն այն փոխանցել է իրեն:
Ներկայացնելով իր բողոքը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատախազն ու քննիչը պետք է հիմնավորեն, որ իր գործողություններն օրենքով արգելված են եղել, սակայն իր գործողություններն արգելված չեն օրենքով:
Բացի դա՝ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն անձի անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև անձնական բնույթի այլ տվյալներ, դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն»:
Սակայն Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դատարանը, որը ստացել է այդ տեղեկատվությունը, իրեն չի ներկայացրել որևէ պահանջ՝ այդ փաստաթուղթը չհրապարակելու մասին: Բացի այդ՝ միջնորդություն չի եղել դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ մինչ իր կողմից այդ տեղեկատվությունը հրապարակելն այն արդեն հրապարակված է եղել այլ անձանց կողմից:
Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատախազը բողոքը մերժելու կամ բավարարելու համար ունեցել է 7-օրյա ժամկետ, սակայն բաց է թողել այն, որոշումը կայացվել է 14 օր անց, իսկ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր:
Դատական նիստին ներկա դատախազն էլ ասաց, որ բողոքն անհիմն է, չպատճառաբանված, իր որոշման մեջ հստակ նշված է, որ պաշտպանն ապօրինի կերպով ձեռք է բերել անձի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակել: Ըստ նրա՝ փաստաբանը չնշեց որևէ հանգամանք, որ օրինական ձևով է ստացել տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ իր կողմից կայացված որոշումը պատճառաբանված է, օրինական, այժմ գործի նախաքննությունը շարունակվում է:
Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 15-ին: