Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածները միջնորդում են դռնփակ նիստ անցկացնել
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հակոբյանների հայցի քննությունն ընդդեմ դերասան Վարդան Պետրոսյանի: Հակոբյանները Վարդան Պետրոսյանից պահանջում են գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսեր, ինչպես նաև՝ փաստաբանին վճարված գումարներ:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հայցվոր Հակոբյանների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել դռնփակ՝ Տաթևիկ Հակոբյանի անձնական կյանքի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ռուբեն Բալոյանի խոսքով՝ ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ դատական քննությունն անցկացվում է դռնփակ` միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այդ թվում՝ դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: «Գտնում ենք, որ Տաթևիկ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը պարունակում են անձնական գաղտնիք, ուստի և անհրաժեշտ է պաշտպանել երիտասարդ աղջկա անձնական կյանքը հասարակության լայն զանգվածի անհարկի քննարկումներից, անհրաժեշտ է հարգել հայցվորի զգացմունքերը՝ թույլ չտալով, որպեսզի նրա առողջական խնդիրները դառնան մի խումբ անձանց PR-ի և այլ կերպ ներկայանալի լինելու միջոց»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Պատասխանող Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, դիրքորոշում հայտնելով միջնորդության վերաբերյալ, ասաց, որ միջնորդությունն արվեց հիմնականում այն պատճառաբանությամբ, որ դատավարության ընթացքում շոշափվելու է որոշակի տեղեկատվություն Տաթևիկ Հակոբյանի անձի վերաբերյալ: Նա նշեց, որ որպես փաստաբան, ով մասնակցել է նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի քննությանը, կարող է ասել, որ Ռուբեն Բալոյանը հակասում է ինքն իրեն: Նրա խոսքով՝ մամուլում հրապարակված են բացառապես Ռուբեն Բալոյանի կողմից ներկայացված ապացույցները Տաթևիկ Հակոբյանի առողջության վերաբերյալ. «Եթե պարոն Բալոյանն այդպիսի մտավախություն ուներ, ի՞նչ տրամաբանություն կա քաղաքացիական գործը դռնփակ անել՝ այն դեպքում, երբ քրեական գործով ամբողջը հրապարակային է եղել, դատավարությանը մասնակցել են լրատվական միջոցները, և պարոն Բալոյանն ու Դատախազությունն են հրապարակել այդ բոլոր ապացույցները»: Փաստաբանն ասաց, որ բոլոր ապացույցները, որոնք Ռուբեն Բալոյանը ներկայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, կցված են եղել քրեական գործին, հրապարակվել են Ռուբեն Բալոյանի կողմից. «Այսօր էլ ասում են, որ այդ հրապարակումները խանգարում էին իր վստահորդին: Ես՝ ոչ թե որպես իրավաբան, այլ՝ որպես հասարակ քաղաքացի, տրամաբանական հռետորիկ հարց եմ ցանկանում հնչեցնել՝ եթե խանգարում էին, ինչո՞ւ էիք, պարո´ն Բալոյան, հրապարակում նախորդ նիստերում, ինչո՞ւ էիք խախտում Տաթևիկ Հակոբյանի անդորրը, ինչո՞ւ էր այդ աղջկա անձնական կյանքի վերաբերյալ նման տեղեկություններ հրապարակում, ինչո՞ւ այն ժամանակ չէին միջնորդում նիստը դռնփակ անցկացնել»:
Բացի դա՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իրենց միջև Տաթևիկ Հակոբյանի առողջական ծախսերի հատուցման հետ կապված վեճ չկա. նրա խոսքով՝ դրա մասին ասել են առաջին իսկ օրվանից: Նրա խոսքով՝ այն գումարը, որը չի հատուցվի ապահովագրական ընկերության կողմից, Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ կհատուցի: Միևնույն ժամանակ, փաստաբանն ասաց, որ, եթե այդ հարցի վերաբերյալ վեճ կլինի, կողմնակից են, որ դռնփակ նիստ անցկացվի. «Վեճը վերաբերում է իր կողմից պահանջված փաստաբանական ծախսի գումարին, որը կազմում է հայցապահանջի 70-80 տոկոսը, այսինքն՝ Տաթևիկ Հակոբյանի գումարի վերաբերյալ իրենց պահանջը կազմում է 663 հազար 213 դրամ, մնացած 2 մլն 550 հազար դրամը կազմում է Ռուբեն Բալոյանի պահանջած գումարը: Այսինքն՝ այս պահին հայցադիմումով Ռուբեն Բալոյանի պահանջած գումարի 80 տոկոսը կազմում է փաստաբանի ծախսերի համար գանձվելիք գումարը: Չեմ կարծում, որ փաստաբանի ծախսերի համար գանձվելիք 2 մլն 550 հազար դրամ գումարի վեճի վերաբերյալ դատավարությունն իրենից գաղտնիք է ներկայացնում»:
Արձագանքելով Նիկոլայ Բաղդասարյանին՝ Ռուբեն Բալոյանն ասաց, որ տվյալներն ինքն է հրապարակել, ունեցել է դրա իրավունքը: «Չէինք սպասում, որ այդ հրապարակումը շոուի կվերածվի, և անհարկի մեկնաբանություններ կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներին խնդրել է նրա առողջական վիճակին չանդրադառնալ, դա որոշակիորեն պահպանվել է: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ Տաթևիկ Հակոբյանի առողջական ծախսերի հատուցման մասով վեճ իրականում կա՝ նշելով, որ այդ մասով պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումն իր մեջ ձևական մոտեցումներ է պարունակում: Նրա խոսքով՝ վեճ եղել է նաև վերաքննիչ դատարանում, որտեղ իրենք հայցից ամբողջությամբ հրաժարվել են և Վարդան Պետրոսյանի առջև դրել ընդամենը մեկ հարց. եթե Տաթևիկ Հակոբյանն այսուհետ անհրաժեշտ բուժումներ ստանա, պարտավորվո՞ւմ եք այդ վնասը հատուցել: «Հարցը դրվել է վերաքննիչ դատարանում, ընդ որում, դրվել է իրենց առաջարկով, որպեսզի կազմվի երկկողմ պայմանագիր: Ես ընդամենն առաջարկել եմ եռակլողմ պայմանագիր, այսինքն՝ այդ պայմանագրի մեջ ես ներառել եմ նաև այն բուժհաստատությունը, որտեղ պետք է իրականացվեր բուժումը»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ վերաքննիչ դատարանում իրենց առաջ պայման է դրվել, որ պայմանները կընդունվեն, եթե իրենք վճռաբեկ բողոք չներկայացնեն, իսկ իրենք վճռաբեկ բողոք են ներկայացրել: Նա նշեց, որ իրենք կհրաժարվեն փորձաքննության պահանջից, եթե Վարդան Պետրոսյանը կպարտավորվի կրել տուժողի՝ բժիշկների ցուցումով և համաձայնությամբ բուժման հետագա ծախսերը: Հայցվորների մյուս ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն էլ ասաց, որ Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի գումարն ըստ էության բաժանել են երկու խմբի. առաջինն այն ծախսերն են, որոնք արդեն իսկ կատարվել են, բայց կան նաև ծախսեր, որոնք պետք է կատարվեն՝ կապված վերականգնողական բուժման հետ:
Ի պատասխան՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Ռուբեն Բալոյանն ասաց, որ իրենք հրաժարվել են հայցից, ինքը մասնակցել է վերաքննիչ դատարանում եղած նիստերին, նման բան չի եղել: Նրա խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ հայցվոր կողմը չի դիմում ապահովագրական ընկերությանը՝ գումարները ստանալու համար: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանն ինքը կներկայանա հաջորդ դատական նիստին և կհայտնի, որ պատրաստ է վճարել այն գումարները, որոնք չի վճարի ապահովագրական ընկերությանը:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ հարցում են կատարել, դիմել են ապահովագրական ընկերությանը. նրա խոսքով՝ այս ընթացքում այն բուժումները, որոնք Տաթևիկ Հակոբյանը պետք է անցներ, ուղղակիորեն կապված են որոշակի կուրսերի հետ, սակայն իրենք պատասխան են ստացել, որ երկաթյա ձողի գումարը կհատուցվի, իսկ նշված կուրսերի համար ներկայացված տեղեկագիրը ենթակա չէ հատուցման: Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ հայցադիմումում ներառվել է նաև պահանջ՝ պարտավորեցնել Վարդան Պետրոսյանին վճարել Տաթևիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը. նրա խոսքով՝ նշված չէ, թե որքան գումար է պահանջվում. «Ես՝ որպես կողմ կամ կողմի փաստաբան՝ ուզում եմ ընդունել այս պահանջը կամ չընդունել, ինչպե՞ս վարվեմ»: Նրա խոսքով՝ եթե գումարային արտացոլում չկա, դատարանն այս մասով հայցը չպետք է վարույթ ընդուներ:
«Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը (ընկերությունն այս գործով ներգրավված է՝ որպես երրորդ անձ) նշեց, որ ապահովագրական ընկերության կողմից Տաթևիկ Հակոբյանի մասով մոտավորապես 1.5 մլն դրամ արդեն իսկ հատուցվել է. «Օրենքով սահմանված է հատուցման կարգ, պայմաններով նախատեսված են այն դեպքերը, այն բուժման միջոցները և միջոցառումները, որոնք ենթակա են հատուցման: Այստեղ, ճիշտն ասած, մեզ համար անհայտ է այն հանգամանքը, թե ինչո՞ւ, օրինակ, նույն տեսակի բուժման համար, միջոցի համար՝ տուժող Տաթևիկ Հակոբյանը կամ նրա ներկայացուցիչը դիմել են ապահովագրական ընկերություն, ստացել են հատուցում, իսկ դրա ինչ-որ մասը, որը նույն գործընթացի շարունակական կրկնվող տարբերակն է, դրա հետ կապված չեն դիմել ապահովագրական ընկերություն, չեն օգտվում այդ իրավունքից, և ներկայումս դատարանի միջոցով են հայց ներկայացրել»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ նույն բուժման միջոցը, թեկուզ նույն դեղատեսակը բուժման տարբեր փուլերում կարող են հատուցման ենթակա կամ հատուցման ոչ ենթակա լինել:
Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց հետաձգել դատական նիստը և հնարավորություն ստեղծել, որ տուժողները համապատասխան դիմում ներկայացնեն ապահովագրական ընկերությանը՝ նշելով, որ օրենքով սահմանված եռամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում գումարը կարող է ընդհանրապես չհատուցվել:
Հայցվորների ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն առարկեց միջնորդության դեմ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահին ցանկություն չունեն դիմելու ապահովագրական ընկերությանը, քանի որ ժամանակին արդեն դիմել են:
«Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչն էլ ասաց, որ ապահովագրական ընկերությունն ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցումը մերժելու վերաբերյալ կայացնում է որոշում. դա սահմանված կարգ է. «Թող կողմն օրենքով նախատեսված կարգով դիմի ապահովագրական ընկերություն, համապատասխան մասնագետները կնայեն, կտան որոշում հատուցման կամ հատուցման մերժելու: Երբ կմերժվի, այդ ժամանակ մեզ ներգրավեն դատական պրոցեսի մեջ, համամիտ եմ»: Նա նշեց, որ ներկայացված գումարների հետ կապված խնդիրներ կան. «Ներկայացվել է, օրինակ, հայցապահանջ Տաթևիկ Հակոբյանի կողմից՝ հիվանդասենյակի համար 84 հազար դրամ գումար վճարելու համար, այսինքն՝ որ Վարդան Պետրոսյանը կամ նրա պատասխանատվությունն ապահովագրած ընկերությունը հատուցի: «Ռեսո» ապահովագրական ընկերությունը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության միջոցով 470 հազար 400 դրամ «Արմենիա» բժշկական կենտրոնին հատուցել է 42 օր հիվանդասենյակի արժեք՝ օրական 11 հազար 200 դրամի չափով: Ժամանակահատվածը համընկնում է դուրսգրման օրվա հետ: Հիմա այս 84 հազարը, որն իրենք վճարել են հիվանդասենյակի համար, որի՞ն է վերաբերում, ներառվո՞ւմ է դրա մեջ, թե՞ ոչ»:
Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը: