Պետք է թույլատրվի խղճի ազատությունը, բայց ոչ հակապետական քարոզչությունը
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:
– Ձեր կարծիքով Հայ Առաքելական եկեղեցին իբրև ազգային եկեղեցի, ինչո՞ւ չի կարողանում արգելել աղանդների գրանցումը և գործունեությունը Հայաստանում:
– Չի կարող, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից: Եկեղեցին պետական կառույց չէ: Դա պետական կառույցի գործ է: Ռուսաստանում, Ֆրանսիայում, դեմոկրատական համարվող շատ երկրներում պետականորեն արգելված է աղանդների գրանցումը: Թող որևէ մեկը հայտարարի, թե բանակ չի գնում կրոնական պահանջներից ելնելով, նա քրեական պատասխանատվության կենթարկվի: Աղանդը վերք է, թարախապալար, որը պիտի կտրես, որ մարմինը փրկես: Աղանդավորներն օտարների դրդումով և գումարներով ուզում են մեր տները քանդել: Իրենք էլ չեն մերժում, որ դրսից են ֆինանսավորվում:
4-5-րդ դդ Հայաստանում աղանդները ամենախիստ ձևով արգելվեցին, որովհետև կար գործող իշխանության սատարումը: 7-ից 8-րդ դարերում պավլիկյանների աղանդը հասարակության ճնշման ներքո Հայաստանից «արտագաղթեց» և տարածվեց Բյուզանդիայում:
Մենք ամբողջ հասարակությամբ պետք է պայքարենք աղանդների դեմ, քանի որ դա չարիք է: Մի երևույթ է, որ մարդուն, անհատին պարտադրում է չենթարկվել պետական օրենքներին: Իսկ եթե մարդ պետական օրենքներին չի ենթարկվում, դա եկեղեցու գործը չէ, դա պետության գործն է: Տրամաբանական կլինի, որ Հայ Առաքելական եկեղեցին հայտարարվի որպես պաշտոնական եկեղեցի: Պետք է թույլատրվի խղճի ազատությունը, բայց ոչ հակապետական քարոզչությունը:
– Այսօր շատերը բողոքում են, որ շատ են կառուցվում եկեղեցիներ: Չկա՞ արդյոք եկեղեցաշինության կարիք:
– Եկեղեցիները կառուցվում են ոչ պետական միջոցներով: Հարկատուների վճարված գումարներով չեն կառուցվում: Անհատներն են գումար տրամադրում՝ եկեղեցիներ կառուցելու համար: Ինչո՞ւ պետք է մերժել եկեղեցի կառուցելու մարդու ցանկությունը:
Եկեղեցին անհրաժեշտ է: Եկեղեցին աղոթքի տուն է: Մարդիկ եկեղեցի են գնում, բարիանում են, դատարկվում են, լիցքավորվում են:
Երևանի համար այսօր գործող եկեղեցիները եռակի քիչ են: Ժամանակին, երբ Երևանը փոքրիկ գյուղաքաղաք էր, ավելի շատ եկեղեցի ուներ, քան այժմ: Մայրաքաղաքի տարածքն է մեծացել, բնակչության թիվն է հիսունապատկվել:
– Եկեղեցիներն անվանակոչելու հետ կապված ևս մարդիկ պարբերաբար աղմուկ են բարձրացնում: Դա ունի՞ էական նշանակություն:
– Աղմուկ բարձրացվեց Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու անվան հետ կապված: Հայ քաղքենին բորբոքված էր, թե ինչու անունը պետք է լինի Սուրբ Աննա: Չգիտեն Աստվածաշունչ: Չգիտեն, որ Սուրբ Աննան Սուրբ Մարիամի մայրն է եղել:
Եվ կառուցողի ցանկությունն է դա եղել, քանի որ իր մոր կամ կնոջ անունն է:
1922 թվականին Լոնդոնում Գալուստ Գյուլբենկյանը հրաժարվում է եկեղեցու կառուցման համար հայ համայնքի նվիրաբերած գումարներից, որպեսզի անձամբ, իր տրամադրած ֆինանսներով այն կառուցվի և իր հոր պատվին եկեղեցին անվանակոչվի Ս. Սարգիս:
Դրա համար հրաժարվե՞նք եկեղեցի ունենալուց:
– Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, եկեղեցական տոներն ինչպե՞ս նշելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Խոսքը Թարգմանչաց, Բուն Բարեկենդան, Վերափոխման, Սուրբ Խաչի և շատ այլ եկեղեցական տոների մասին է:
– Եկեղեցական տոներին անհրաժեշտէ հաղորդել ազգային գունավորում: Սուրբ Սարգսին պատրաստվող հուշանվերները, ձևավորվող և կազմակերպվող զանազան ազգային սովորություններ և միջոցառումներ, բարեկենդանի դիմակահանդեսը, ազգային խաղերը և այլն:
Տեառնընդառաջի գեղեցիկ խարույկներ վառվեն Հանրապետության հրապարակում, որը խորհրդանշում է վառած ջահերով Տիրոջ դիմավորումը: Նայած ինչպես մեկնաբանել: Այո, եկեղեցական տոների մի մասը գալիս է հեթանոսական շրջանից: Բայց գեղեցիկ կերպով ազգային ավանդությունները լրացնում են քրիստոնեական տոները:
– Ձեր մաղթանքը Ձեր ուսանողներին, երիտասարդներին և նրանց ծնողներին:
– Մեր երիտասարդությանն ավելի մեծ համբերություն եմ ցանկանում:
16-րդ դարի բանաստեղծ Սիմեոն Ապարանցու խոսքերով եմ դիմում մեր երիտասարդին՝ կարևորը չվհատվեք: Մի կորցրեք հույսի թելը: Կգան նոր գարուններ, կգան նոր ժամանակներ: Մի հեռացեք Հայաստանից, մնացեք այնտեղ, որտեղ գտնվում է հայերի սրբության սրբոցը՝ Սուրբ Էջմիածինը: Նրա շուրջը համախմբվենք:
Շարունակելի…