«Ովքե՞ր են այդ ոչնչությունները, որ նրանց բնակարաններ տվեցին». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: Թվում է, թե գոնե Շուշանի՝ արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին:

Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին՝ քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին՝ «ժանգոտ կողպեք», հենց դրա համար էլ նրան պաշտոն տվեցին: Իհարկե, մարդկային ստորին բնազդները, այդ թվում՝ նախանձը բորբոքելը ամենահեշտ ճանապարհն է արդարամիտ եւ խիզախ երեւալու: Դա նաեւ որոշ չափով «հասարակական կոնսոլիդացիայի» հասնելու միջոց է:

«Սերը, բարեկամությունը, հարգանքը այնքան չեն միավորում մարդկանց, որքան միասնական ատելությունը որեւէ բանի նկատմամբ»,- գրում էր Սերգեյ Դովլաթովը: Հարց է հնչում՝ «ովքե՞ր են այդ ոչնչությունները, որ նրանց բնակարաններ տվեցին»: Եվ մարդկանց արյունն իսկույն սկսում է եռալ՝ մի՞թե ես ավելի արժանի չեմ, որ ինձ այս կամ այն բանը տան:

Բայց եթե ես ասում եմ, որ այս կամ այն մարդը ոչնչություն է, ուրեմն ես ինձ այնպիսի մեծություն եմ համարում, որ ինձ իրավունք եմ վերապահում որոշել թե ով է մեծություն, ով՝ ոչնչություն: Նման եսակենտրոն մտածողությունն ունի բազմաթիվ բացասական կողմեր:

Անձնական հավակնությունների բարձր մակարդակը խանգարում է որեւէ խնդրի շուրջ համախմբմանը: Վերցնենք թեկուզ իշխանափոխությունը, որն անկախ Հայաստանի ողջ պատմութան ընթացքում ընդդիմության թիվ մեկ նպատակն է եղել: Չխորանալով պատմության մեջ՝ անդրադառնանք այսօրվա վիճակին: Ենթադրենք, «իսկական», «արմատական» ընդդիմության խնդիրը «օր առաջ» իշխանափոխությունն է: Ենթադրենք, բնակչությունն էլ է դա ուզում՝ տատիկ-պապիկները, ինչպես միշտ, չանչեր են ցույց տալիս եւ «թաղում են նրանց բոյը»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս