Սիրիայում ստեղծված իրավիճակը չի սպառնում Ռուսաստանի հետ պատերազմով. Սպիտակ տուն
Սիրիայում ստեղծված իրավիճակը չի վերածվի լայնամասշտաբ կոնֆլիկտի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նախագահը (ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման) հասկացրել է, որ իրավիճակը Սիրիայում չի վերածվի այսպես կոչված «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև»,- ասել է նա:
Էռնեստը նաև ընդգծել է, որ «Ռուսաստանի համար կա մտավախություն՝ կապված սիրիական կոնֆլիկտում ավելի խորը ներգրավվածության հետ»:
Նա, մասնավորապես, կրկնել է միտքը, որ Ռուսաստանում կա «մեծաթիվ մուսուլմանական համայնք», որին կարող է դուր չգալ փաստը, որ Մոսկվան ռմբակոծում է Սիրիայի մուսուլմաններին:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական օպերացիան Սիրիայում տվյալ պահին կառուցողական չէ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային արշավում:
«Նախկինում մենք արտահայտել ենք մեր անհանգստությունը Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ, որը հակասում է ԴԱԻՇ-ի դեմ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային պայքարին»,- հավելել է նա: