«Ինչ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի տեղը Բաղրամյան 26-ում Բալաբեկ Վլասյանը լիներ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում ԿԲ 2015 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում տնտեսության, դրամավարկային քաղաքականության մասին խոսելիս առաջին հարցն է՝ «իյա, իրո՞ք, ՀՀ-ում կա տնտեսությո՞ւն, տնտեսական զարգացո՞ւմ, դրամավարկային քաղաքականությո՞ւն»: Ըստ նրա՝ դասական իմաստով տնտեսությունն այն համակարգն է, որ տվյալ պետության ու հանրության կարիքների համար անհրաժեշտ արդյունք է ստեղծում: Ն.Փաշինյանը նշեց, որ այս տեսակետից հայկական իրականությանը նայելու դեպքում ՀՀ-ում շատ մեծ վերապահումով է հնարավոր տնտեսություն անվանել:

Ն.Փաշինյանի խոսքով՝ անցած տարի բյուջեի ներքին աղբյուրների եկամտային մասը կազմել է մոտ 2.7 մլրդ դոլար և մոտ նույնքան դոլար ստացել են ՀՀ քաղաքացիները արտասահմանից՝ իրենց հարազատների ուղարկած գումարներից. «Բյուջեի առյուծի բաժինը ձևավորվում է տրանսֆերտների հաշվին: Օրինակ՝ ՀՀ քաղաքացի Վարդանը գնում է ՌԴ, Վարդանի կինը խանութից ձեթ ու շաքարավազ է գնում, ՀԴՄ-ից գոյանում է հարկ, հարկից աշխատավարձ է տրվում ուսուցչին, ով խանութից ձեթ ու շաքարավազ է գնում: Այսպես գոյանում է ՀՀ բյուջեի ներքին եկամուտների զգալի մասը: Եվ ՌԴ մեկնած քաղաքացին, մեր պայմանական Վարդանը, իր կնոջը գումար չուղարկի, այդ կինը չունի այլ եկամուտ, որ գնա խանութ և գնի ձեթ ու շաքարավազ, որ դրանից համապատասխան հարկեր առաջանան: Այսինքն՝ քաղաքացի Վարդանը պետք է անպայման գնա Ռուսաստան փող ուղարկի, որ բյուջե գոյանա: Այսինքն՝ ՀՀ-ում իրավիճակը կախված է ոչ թե կառավարությունից, ԿԲ-ից կամ այլ գերատեսչությունից, այլ Վարդանից, թե Վարդանը ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից ինչքան փող կուղրակի Հայաստան»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի տնտեսական երկնիշ թվերով աճը ու հայտարարեց, որ դա Քոչարյանի տնտեսագիտական հանճարից չէր, այլ նրանից, որ ՌԴ-ում մեր Վարդանի գործերը եռակի, քառակի անգամ լավ էին և նա կրկնակի ավելի շատ գումար է ուղարկում ՀՀ. «Եթե Ռոբերտ Քոչարյանի տեղը Բաղրամյան 26-ում Բալաբեկ Վլասյանը լիներ, հարց է՝ ավելի լա՞վ կլիներ, թե՞ ավելի վատ: Դա կախված է նրանից, թե Վլասյանի ախորժակը ինչքան կլինի, Աստված հոգին լուսավորի, Քըրք Քըրքորյանի փողերն ուտելու»:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ ամենաէականն այն է, որ Վարդանի ու կնոջ տարածական բաժանությունը հետևողականորեն վարվող կառավարման մոդելի քաղաքականություն է, որի համահեղինակները հավասարապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Նրա խոսքով՝ դրա նպատակն է, որ քիչ մարդ մնա ՀՀ-ում, որի մասին լեզվի սայթաքումով ասեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ինչքան քիչ մարդ մնա ՀՀ-ում, այդքան հեշտ կլինի նրանց ոստիկանական ուժերով «կանտրոլի տակ պահել»: Ն.Փաշինյանը նշեց, որ շատ մարդ մնալու դեպքում, նրանք երկրի քաղաքական կյանքին ավելի մեծ մասնակցություն կունենան՝ իր բացասական հետևանքով իշխանության համար:

Սակայն, ըստ Ն.Փաշինյանի այս համակարգն այնպես է ստեղծվել, որ Վարդանի ուղարկած փողերը հոսեն իշխանամերձ օլիգարխների գրպանը և մենաշնորհը պատահական չի ստեղծվել. «Իսկ հիմնական գումարը իշխանական օբշակն է, որի ծախսումով նրանք պահում են պետական իշխանությունը՝ սափրագլուխների ու կրիմինալի բանդաներ պահելով: Բա էդ որ կրակում, սպանում են, չեն պատժվում, ինչի՞ շնորհիվ է»:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ այս իշխանությանը ձեռք չի տալիս, որ ձևավորվի անկախ ազատ գործարար խավ, որովհետև այն կարող է ընդդիմությանը ֆինանսավորել, իսկ դա մեծ վտանգ է իշխանության համար, չի կարելի. «Քանի դեռ ՀՀ-ում չի ձևավորվել իշխանություն, որի համար կյանքի ու մահու խնդիր չէ ընտրություններում պարտվելն ու իշխանությունից հեռանալը, ՀՀ-ում ո՛չ տնտեսություն կարող է լինել, ո՛չ էլ դրամավարկային քաղաքականություն»:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս իշխանության պամաններում ոչ ոք չի գա ՀՀ-ում ներդրում անի, այլ կգնան ներդրում կանեն այնպիսի երկրներում, որտեղ ռիսկերը հաշվարկվում են Դոու Ջոնսի գործակցով, ոչ թե Սաշիկ Սարգսյանի 50%-անոց հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս