Բաժիններ՝

Ուզում եմ ցույց տամ` վախկոտ պատգամավորներն ինչպես էին իրենց պահում հոկտեմբերի 27-ին. Ճոյտը`իր նոր ֆիլմի մասին. news.am

ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերայից առաջ կալանավորվել էր 169 միլիոն դրամի չափով հարկային պարտավորությունները չկատարելու համար, ազատության մեջ հայտնվելուց հետո կրկին լծվել է ֆիլմի ցուցադրության գործին։ Նախկին պատգամավորը պատրաստվում է ֆիլմը ցուցադրել ԱՄՆ–ում, ապա` Ֆրանսիայում:

Ինչո՞ւ չստացվեց ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում, իսկապե՞ս դրա ցուցադրությունն արգելված էր, եւ ինչ նոր ֆիլմ է նկարելու Հակոբ Հակոբյանը։ Այս թեմաների մասին NEWS.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ։

Պարոն Հակոբյան, «Հիշողություն» ֆիլմը ընդամենը մեկ անգամ փակ դիտում ունեցավ Հայաստանում, մինչդեռ հայտարարել էիք, որ 1915 դահլիճում ցուցադրելու եք ֆիլմը: Ի՞նչն է պատճառը։ Իսկապե՞ս դա առնչություն ուներ Ձեր կալանավորման հետ:

Ոչ, ոչ, դա ընդհանրապես կապ չուներ: Ձերբակալությունը հարկային մարմինների հետ էր կապված, հաշվապահը շփոթել էր, եւ երեք տարի նույն ձեւով շփոթմամբ աշխատել էր, մենք տեսանք ու համոզվեցինք, որ այո, մեր հաշվապահն է սխալվել, վճարեցինք տուգանքներն ու դարձանք սպիտակ մարդ: Սպասում ենք, որ ֆիմն ապրիլին ցուցադրենք Հայաստանում, բայց մինչեւ այդ ուզում ենք Ամերիկայում ցույց տանք։

Իսկ հաշվապահը պատժվե՞ց։

Մենք բոլորս տեսանք, որ հաշվապահը մեղք չուներ, որեւէ դիտավորություն չկար, որ մի բան արած լիներ ու շահույթ ստացած լիներ: Պարզապես օրենքը մի քանի տարի առաջ փոխվել էր, հաշվապահը չէր նայել նոր օրենքը ու նախկինով էր արել իր հաշվետվությունները։ Դիտավորություն չկար, պարզապես էդքան էր հասկացել օրենքը, չէր ըմբռնել։

Իսկ այդ միլիոնավոր տուգանքները, որը, ինչպես Դուք եք ասում. հաշվապահի սխալի հետեւանքն էր, ո՞վ վճարեց:

Մենք ամբողջ գումարը վճարեցինք, կարողացանք…

Իսկ ինչո՞ւ ֆիլմը Հայաստանի կինոթատրոններում չի ցուցադրվում:

Կարեւոր է, որ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ հայտնեն, քանի որ կարող է` մեզ մոտ նենց բաներ կան, որ դիտողությունից, ուղղությունից հետո կարող է փոխվեն, ձեւափոխվեն:

Այսինքն ֆիլմը դեռ վերջնական չէ՞:

Վերջնական է, բայց մինչեւ ցուցադրությունը դեռ վերջնական չէ, քանի որ դահլիճներում դեռ չի գնացել, կարող ենք նայել, շտկել, մարդիկ, ովքեր կինո սիրում են, հետաքրքություն ունեն, թող ուղղության տան, միգուցե մեզ մոտ վրիպակներ կան։

Մշակույթի նախարարը տեսել է ֆիլմը, առաջարկներ չի՞ արել:

Մշակույթի նախարարը նայել է, բայց որեւիցէ վատ բան չի ասել: Գեղարվեստական կինոն կարող է լինել չափազանցություն, հորինվածք, յուրաքանչյուր սցենարիստի ու ռեժիսորի երեւակայության արդյունք: էնպես չի, որ կարող է շատ ճիշտ լինի ամեն ինչ: Հիմա նայեք Փարաջանովի գործերը, որեւիցէ մեկը չէր նայում, բան չէր անում, բայց հետագայում էդ մարդը մահացավ ու դարձավ հայտնի ռեժիսորներից, հիմա ունենք թանգարան, արտասահմանյան երկրներում ավելի շատ են դիտում, քան մենք: Հիմա ամեն ինչ ունի իր ժամանակը:

Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ էիք ուզում նկարել։

Ես Հոկտեմբերի 27-ին դահլիճում պատգամավորների պահվածքն եմ ուզում ներկայացնեմ, որ հասարակությունը տեսնի` ինչպիսի պատգամավորներ ենք ունեցել: Ֆիլմի գաղափարը կա, ես կփորձեմ: Դրա մասին ես նախ հաղորդումներով կխոսեմ, հարցազրույցներ կտամ, հետո կակտիվացնենք: Ես ուզում եմ ներկայացնեմ, որ կան վախկոտ, քծնող մարդիկ, այնպիսի մարդիկ, ովքեր մինչեւ էսօր պատգամավոր են, բայց հոկտեմբերի 27-ին ինչպես էին իրանց պահում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս