Այն, ինչ պետք էր «ապացուցել»

Եվ այսպես, Deloitte & Touche ընկերությունը երեկ ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։ Այն պետք է պատասխաներ հետևյալ հիմնական հարցին` որքանո՞վ էր հիմնավորված ՀԾԿՀ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացումը, և ունե՞ր արդյոք հանձնաժողովն այլընտրանք։
Պատասխանները սպասելի էին։

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ։ Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար։ Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը` ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- նշվում է հաշվետվության եզրակացության մեջ։

Ըստ էության, ՀՀ իշխանությունները Deloitte & Touche-ից արդեն իսկ ստացան այն, ինչ ցանկանում էին. հիմնավորվեց, որ ՀԾԿՀ որոշումն արդարացված է։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հայտնի խորհրդակցության ժամանակ երկրի նախագահը հենց այս երկու խնդիրն էր առաջ քաշել. «Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին` ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»։

Առաջին հարցի պատասխանը Deloitte & Touche-ից արդեն նշեցինք։ Իսկ երկրորդ հարցի պատասխանը (սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին), իսկական մղձավանջ է հիշեցնում։

Ըստ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ի` եթե կարգավորողը փոխհատուցեր ՀԷՑ-ի կրած գնման լրացուցիչ ծախսերի միայն մեկ երրորդ մասը (այդ պահին գործող մեթոդաբանության համաձայն), դա թույլ կտար սակագինը պահել 33,9 դրամ/կՎտժ մակարդակում (8%-ով պակաս հաստատված մակարդակի համեմատ)։ Սակայն նման որոշումը Հայաստանի էներգահամակարգը կկանգնեցներ ֆինանսական ճգնաժամի եզրին։ 2015թ. կեսին ՀԷՑ-ի ժամկետանց պարտավորությունն արտադրողների նկատմամբ կազմում էր 23 մլրդ դրամ (համակարգի անհրաժեշտ համախառն հասույթի 10%)։

Մեծածավալ վարկերի առկայության պայմանում (Պարտք/EBITDA = 8` նորմատիվային 4-ի դիմաց), 2015թ. վերջին Ընկերությունը ստիպված կլիներ դեֆոլտ հայտարարել։ Սրան անխուսափելիորեն կհաջորդեր արտադրողների ֆինանսական ճգնաժամը, որոնք կկարողանային ՀԷՑ-ից ստանալ պարտքերը, լավագույն դեպքում, մի քանի տարի անց։
Սա դեռ ամենը չէ։ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն արդարացրել է ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլ նաև ՀԷՑ-ին։

«ՀԷՑ-ի հանդեպ հնչած մեղադրանքների արդարացիությունը գնահատելու համար մենք վերլուծեցինք սակագնի կառուցվածքը` նպատակ ունենալով բացահայտել այն հոդվածները, որոնք գտնվում են Ընկերության ղեկավարության վերահսկողության ներքո»,- նշվում է հաշվետվության մեջ։

Մեղադրանքների մեծ մասը, հիշեցնենք, վերաբերում էին ՀԷՑ-ի շռայլ ծախսերին։ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն այս կապակցությամբ գրում է. «ՀԾԿՀ կողմից հաստատված ուղղակի ծախսերը (աշխատավարձի ֆոնդ, ցանցերի շահագործում, մաշվածություն, անհրաժեշտ շահույթ և այլն), որոնց մասնաբաժինը սակագնում կազմում է ընդամենը 23%։ Ինչպես մեզ պարզ դարձավ, վերջին 5 տարիների ընթացքում այդ ծախսերն աճել են 13%-ով` կրկնակի անգամ ցածր մնալով սղաճի մակարդակից։

Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի ուղղակի ծախսերը դիտարկվող ժամանակահատվածներից որևէ մեկում չէին կարող առաջ բերել վերջնական սակագնի նման կտրուկ աճ»։ Ըստ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ի` 1 կՎտժ արժեքի աճը 2013թվականին պայմանավորված է եղել առավելապես առաջին անգամ (2009թ.-ից ի վեր) «սակագնային» աշխատավարձի բարձրացմամբ, ոլորտի` առանց բացառության, բոլոր ձեռնարկություններում։ Էներգետիկայի ոլորտում աշխատավարձերը բարձրացվեցին 40%-ով և հավասարեցվեցին պետական հատվածի միջին մակարդակին։ Վերջնական սակագնի` 6,7 դրամ/կՎտժ աճից 1,8-ը պայմանավորված է ՀԾԿՀ նման որոշմամբ։

Այսինքն` շռայլությունների և ճոխությունների մասով մեղադրանքը «ջրվեց»։ Լավ, իսկ ի՞նչը պատճառ դարձավ, որ ՀԷՑ-ը հայտնվի ծանր ֆինանսական վիճակի մեջ և ստիպված լինի սակագին բարձրացնել։

Այդ հարցին ի պատասխան` նշվում է, որ վերջին երկու տարիներին սակագնի բարձրացումը գործնականում պայմանավորված է եղել հավասարապես երկու գործոնների ազդեցությամբ` գնվող էներգիայի թանկացմամբ և երկրում էլեկտրաէներգիայի արտադրության պլանավորված և փաստացի կառուցվածքներում անհամապատասխանությունների արդյունքում պակաս ստացված սակագնային մարժայի փոխհատուցմամբ։

Ըստ հաշվետվության` սակագնի վրա ճնշումներ են գործադրվել նաև այնպիսի գործոնների կողմից, ինչպիսիք են գազի ծախսերի կրկնապատկումը` պայմանավորված դրամի 25% արժեզրկմամբ, և կայանների վերազինման ուղղությամբ ներդրումների մեծացումը (13,5-ից հասնելով 20 մլրդ դրամի)։

Այսինքն` ի՞նչ` ՀԷՑ-ն այստեղ ամենևին մեղավորություն չունի՞, և ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվել է իրենից անկախ գործոնների ազդեցությա՞մբ։ Ոչ, «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն, այդուհանդերձ, մի թեթև խոսել է նաև ընկերության սխալի մասին` սխալ կանխատեսումներ անելը։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ` օպերատորի վերջին երեք տարիներին թույլ տված սխալները հանգեցրել են նրան, որ ՀԷԿ-երի կողմից էժան էլեկտրաէներգիա արտադրելու վերաբերյալ կանխատեսումային ծավալները գերագնահատված են եղել` անոմալ 2009-2012թթ.-ից հետո ջրառատության մակարդակի նվազման ֆոնի վրա։ Սա ստիպել է ՀԷՑ-ին ծավալների պակասորդը լրացնելու համար էլեկտրաէներգիա գնել Հրազդանի ՋԷԿ-ից, որը էներգահամակարգում ունի «սահմանափակող» կայանի դեր` վճարելով խոշոր ՀԷԿ-երի գինը 3-5 անգամ գերազանցող սակագին։ Հրազդանի ՋԷԿ-ից լրացուցիչ գնումների համանման իրադրություն է արձանագրվել նաև 2013թ.-ին, երբ էժան էլեկտրաէներգիա արտադրող մեկ այլ կայան` Հայկական ԱԷԿ-ը, 88 օրով ուշացրել է երկրորդ էներգաբլոկի` վերանորոգումից դուրսբերումը։

2012թ.-ից մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում, էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների բեռնավորման վերաբերյալ համակարգի Օպերատորի սխալ կանխատեսումների և ՀԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների նախատեսվածից երկար տևողության արդյունքում, ՀԷՑ-ը պակաս է ստացել 37 մլրդ դրամ սակագնային մարժա։
Ու այսպես, տարեցտարի, ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի ձեռքբերման փաստացի ծախսերը գերազանցել են ՀԾԿՀ կողմից հաստատված ծախսերը։ Դրա հետևանքով ընկերության ֆինանսական վիճակը շարունակաբար թուլացել է, և ստեղծվել է Հայաստանի էներգահամակարգի ապակայունացման սպառնալիք։

«Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն հիշեցնում է, որ երբ 2014թ. սկզբին Ընկերության վարկային պորտֆելը գերազանցեց նրա ակտիվների 60%-ը, այն ստիպված էր կասեցնել էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին (հատկապես` պետական հսկողության ներքո գտնվող) վճարումները։

Եթե պարզ ասենք` սա նշանակում է` վերջ։ Ճիշտ է` առջևում դեռ 2 փուլ էլ կա, սակայն գլխավոր հարցերի պատասխանները տրված են։

Պետք է ձգենք գոտիները, հոսանքի համար ավելի թանկ վճարենք, քանի որ կառավարությունն այլևս բոլոր հիմքերն ունի էլեկտրաէներգիայի թանկ սակագինն ուժի մեջ թողնելու համար։ Բողոքի հուժկու ալիք, ինչպես եղավ հունիսին, դժվար թե ունենանք։ Այս ամենի մեջ, սակայն, կա միայն մի փոքրիկ լուսավոր կետ` առաջիկա 2 տարիներին հոսանքի թանկացում դժվար թե լինի։ «Կարգավորողն ունի բոլոր հնարավորությունները` կանխել սակագնի աճը 2016-2017թթ.։ Դրա համար բավարար կլինի ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագիրը բաշխել երկու սակագնային տարվա միջև և մեծացնել «Հրազդան-5»-ի ծանրաբեռնվածությունը»,- նշվում է հաշվետվության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս