Մնաց մնացածը

Երեկ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջապես ավարտվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու հարցի քննարկումները։ Քվեարկությունը կկայանա արդեն ԱԺ հաջորդ` հոկտեմբերի 5-8-ը կայանալիք քառօրյա նիստերի սկզբում։

Կենսական, բայց ոչ պարտադիր
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից։ «Խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով` պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ։ Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ։ Ինչպես ասում են` իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար` ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ ներկայումս դրանում առաջարկվող փոփոխությունները ո՛չ որևէ մեկի սեփականություն է, ո՛չ որևէ մեկի համար են, ո՛չ էլ որևէ մեկի դեմ»,- ասաց Գ.Սահակյանը։

Ըստ նրա` դրանք ուղղված չեն քաղաքական մի ուժի կողմից իշխանության պահպանմանը, այլ պետք է ապահովեն կայուն ընթացք դեպի զարգացում, և դրանից ելնելով էլ` Սահմանադրական հանձնաժողովը ներկայացված առաջարկությունները քննարկում է` անկախ նրանց հեղինակների քաղաքական դիրքորոշումից և կուսակցական պատկանելությունից։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին ու խմբերին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, ինչը ենթադրում է նաև բացասական անդրադարձ, մերժում ու քննադատություն. «Այս տեսանկյունից հասկանալի է դեմ կողմերի դիրքորոշումը, որոնք փորձում են ինչ-որ անվանումով շարժում ձևավորել։ Սա էլ է տեղավորվում սահմանադրական փոփոխությունների շրջանակներում, ազատությունների ու ժողովրդավարության շրջանակներում։Մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին, այո, մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, «ոչ» ենք ասում քաղաքացիական ներուժը ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող գործիչների կողմից ժողովրդի զգացումների վրա խաղացող ու թատերախաղով զբաղվողներին, բայց «այո» ենք ասում քաղաքացիական ակտիվությանը, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործողության»,- ասաց Գ.Սահակյանը` ցանկություն հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունները դիտարկվեն` որպես կարևոր գործընթաց, որն ուղղված է ժողովրդավարական պետության կառուցմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իշխանության ճիշտ բաժանմանը, քաղաքական ու տնտեսական կայուն զարգացման համար իրավական հիմքի ձևավորմանը։

«Կողմ»-երով
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ի սկզբանե կողմ էր փոփոխություններին ու շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը։ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի որակմամբ` հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում։ Դիմելով քաղաքական մեծամասնությանը` Մինասյանը խորհուրդ տվեց ԱԺ ամբիոնից քիչ հայտարարել, թե խորհրդարանական ընդդիմությունը դեմ է, քանի որ, որքան դեմ փաստարկներ ներկայացվում են ընդդիմության մի հատվածի կողմից, դրանից ավելի շատ դեմ արտահայտվողներ, թեկուզ` ստվերային, կարող եք գտնել իշխանությունների մեջ։

Կարդացեք նաև

Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տեղապտույտից դուրս գալու համար. «Ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանր պայմաններում կարո՞ղ է, արդյոք, հաղթահարման ուղղություններ առաջարկել այս Սահմանադրությունը, թե՞ այն որևէ առնչություն չունի ստեղծված վիճակի հետ։ Այս հարցադրումը որքան օբյեկտիվ է և տրամաբանական, այնքան էլ պարունակում է դեմագոգիա, և, օգտվելով այդ իրավիճակից, «ոչ» ասողները հաճախ փորձում են վկայակոչել կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը և այլն։ Բայց եթե մարդիկ փորձեն լուծել այս ամենի դրդապատճառները, կտեսնեն, որ դրանց ակունքները թաքնված են այն համակարգում, որը կա՛մ հնարավորություն է տալիս այդպիսի վիճակ առաջանալու, կա՛մ առնվազն չի պաշտպանում ՀՀ քաղաքացուն։ Գործող Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ժողովրդի կամքը լիարժեք իրականացնել»։

Ա.Մինասյանի խոսքով` «ոչ» ասողները նսեմացնում են փոփոխությունների իրական արժեքը` շահարկելով անվտանգության հարցը. «Փոփոխությունները չպետք է անձնավորել, փոփոխություններում անձը, մարդը երկրորդական նշանակություն ունի, որովհետև յուրաքանչյուր անձ, անհատ մահկանացու է, հավերժ են ազգը, ժողովուրդը և հայրենիքը»։

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կիսվեց վերջին շրջանում իր բացահայտումներով։ Նա պարզել է, որ հայ ժողովուրդը «լիքը փրկիչ» ունի, ու հանրապետությունը «վխտում» է փրկիչներով, սակայն բոլորը շատ պարզունակ բաղադրատոմս ունեն. «Մեկն ասում է` գրիր` «այո», կփրկվես, մյուսն ասում է` գրիր` «ոչ», ու կփրկվես։ Եթե այդքան պարզ էր, այս 25 տարի ինչո՞ւ չէինք կարողանում հասկանալ, որ այդպես է»։

Պատմական ակնարկ կատարելով` Ա.Արզումանյանը թվարկեց Խորհրդային Միությունից ժառանգած արատները` ուժային պետություն, անհանդուրժողականություն այլակարծության նկատմամբ, և այլն։ Նա հիշեցրեց, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միասնական դաշինքով «Ժառանգության» հետ միասնական ցուցակն են կազմել, միասին մասնակցել են «Նոր Հայաստան» վերտառությամբ նախընտրական ծրագրի մշակմանն ու ընդունմանը։ Ըստ նրա` այդ ծրագրում ասվում է` «մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ են արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում` փոփոխություններ այսօր, և ոչ թե` վաղը, տեսանելի արդյունքներ գործով, և ոչ թե՝ խոսքերով»։ Ա.Արզումանյանը նաև հիշեցրեց, որ ընտրողներին խոստացել են իրականացնել սահմանադրական փոփոխություններ` անցում կատարելով պետական կառավարման խորհրդարանական մոդելի։

«Հավատարիմ մնալով նախընտրական ծրագրին` բավականին դրական մոտեցում ունեմ անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի»,- հայտարարեց Ա.Արզումանյանը։

Հանրապետականը, բնականաբար, կողմ է փոփոխություններին։ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցրեց` սա հենց այն Սահմանադրությունն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել խաղաղ ու անցնցում իշխանափոխություն։

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում խորհուրդներ տվեց ընդդիմադիրներին։ Նա նշեց, որ ՀԱԿ-ը չի կարողանում անգամ իր խմբակցության նիստ անցկացնել, իր խմբակցության 7 անձին վերահսկել, եկել է այստեղ ու «ՀՀԿ խմբակցության վրա է մատ թափ տալիս»։

Վ.Բաղդասարյանը «քարկոծեց» նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը` նշելով, որ այդ խմբակցության 5 անդամներից 4-ը կամ կողմ են այս փոփոխություններին, կամ դեմ չեն, մինչդեռ խմբակցության անունից «դեմ» ելույթ է հնչում։ «Այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում։ Այդ 4 հոգին քեզ չեն կարողանում համոզել, ուրեմն քո մեջ ինչ-որ բան կատարվում է։ Մարդն ինչքան անխելք պետք է լինի, որ հայտարարի, թե սահմանադրական բարեփոխումների զեկույցը տապալվեց։ Սա պատմական քննարկում էր։ Ինչքան չկամություն պետք է լինի մարդու մեջ, որ նման հայտարարություն անի»,- իրեն չզսպեց Վ.Բաղդասարյանը։

«Դեմ»-ով
«Ժառանգություն» խմբակցությունից նախագծին դեմ է միայն Զարուհի Փոստանջյանը, ով շուտով զբաղեցնելու է խմբակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնը։
Խոսելով կուսակցության անունից` Զ.Փոստանջյանն արձանագրեց, որ «բովանդակային» քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում։ Նա ՀՀ-ն անվանեց «վասալային պետություն», իսկ գխավոր «վասալը» ձեռնարկել է «սահմանադրական բարեփոխումներ» օպերացիան. «Սրանք են այն մերժելի, ոչ քաղաքական խաղի կանոնները, որով ղեկավարվում են Սերժ Սարգսյանն ու բոլոր անհատներն ու միավորումները, որոնք փորձում են ստեղծված իրավիճակում իրենց համար օգուտ որսալ»։

Զ.Փոստանջյանի կարծիքով` պետք է համահայկական օրակարգ մշակվի, անցումային արդարադատություն իրականացվի, որով առաջինը պետք է անցնեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև պետք է ժամանակավոր կառավարություն ստեղծվի, որը կպաշտոնավարի մոտ 6 ամիս, և այդ ընթացքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Նրա հայտարարությունը, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, հարուցեց ՀՀԿ-ականների հեգնանքը` «ո՞վ ա Ժառանգությունը, «Ժառանգություն» ասելով` հասկացեք Զարուհի Փոստանջյան»։
ՀԱԿ խմբակցությունը ևս «մեկումեջ» է դեմ։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեծամասնությանը խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանի հետ միասին հրաժարական տալ` հանուն ժողովրդի։ Նա կրկնեց ՀԱԿ դիրքորոշումը` Սերժ Սարգսյանն իշխանությունը չի զիջի, փոփոխությունների նպատակը նրա վերարտադրությունն է, որի դեմ պետք է պայքարի ժողովուրդը։

«Մոլորված»-ներով
ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ «կողմ»-ի ու «դեմ»-ի ճամփաբաժանին են։ ՕԵԿ խմբակցության անունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը լրացուցիչ կհայտնի, թե ինչպես են քվեարկելու` կախված նրանից, թե իրենց առաջարկությունները կներառվե՞ն նախագծում, թե՞ ոչ։

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի ասել, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ասել է, որ դրա ժամանակը չէ։ Ըստ նրա` իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր ու իրավիճակներ չկան, իսկ այս տեսքով նախագծին գուցե և կողմ լինեն։

Տեսանյութեր

Լրահոս