Վահան Համազասպյանը՝ Տարոն Մարգարյանի հետ ունեցած կոնֆլիկտի և Տիգրան Սարգսյանի պատճառով Սպիտակում 300 մլն դոլարի ներդրում անելու հնարավորությունը կորցնելու մասին
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ նոր Սահմանադրությունը չի օգնի աշխատատեղերի խնդիրը լուծելուն.
«Նոր Սահմանադրության մեջ կա միայն մասնավոր սեփականության ձևը, չկան սեփականության պետական, կոլեկտիվ և այլ ձևեր (Նախագծի 10-րդ հոդվածը (Տնտեսական կարգը) սահմանում է. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Այն հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը-Ռ.Մ.): Բացի այդ՝ Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե թղթի վրա գրված գեղեցիկ շարադրություն, այլ գործող օրենք: Չկա Սահմանադրության մեջ ոչ մի կետ, որ վերաբերի պետական պաշտոնյաների, ղեկավարների՝ տարբեր արարքների համար պատասխանատվություն կրելուն»:
Իր ասածը Վ. Համազասպյանը փորձեց ապացուցել երկու օրինակներով. «Ես հիմա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կոնֆլիկտ ունեմ՝ բնակարանի հետ կապված: Շինարարական սխալ թույլտվություն են տվել և խախտել ընտանիքիս իրավունքները Սահմանադրության 14 կետերով: Բացի այդ՝ վարչական տուգանք էին գրել մեզ վրա: Ես կարողացա դատարանով ապացուցել, որ Տարոն Մարգարյանը սխալ է, այդ վարչական տուգանքը հանվեց իմ վրայից, բայց հիմա պայքարում ենք, որ իմ սահմանադրական իրավունքները պահպանվեն: Տարոն Մարգարյանը ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև դիմեց երկրորդ դատարանին, իսկ հիմա երրորդ դատարանին է դիմում: Եթե Տարոն Մարգարյանը Սահմանադրությունը չի պահպանում, հաշվի չի առնում քաղաքացիների սահմանադրական, օրինական նորմերի պահպանման խնդիրը, ապա ինչ Սահմանադրություն էլ գրեք՝ չի օգնի:
Երկրորդ օրինակն այն է, որ 3 տարի առաջ հայտնվեց շվեյցարացի մի գործարար, որը պատրաստ էր 300 մլն դոլարի ներդրում կատարել աղետի գոտի Սպիտակում, որպեսզի զարգանա արևային էներգիայի տեխնիկան: Աշխատանքները բաժանվեցին 3 էտապի: Առաջին էտապում պետք է Սպիտակի մեր պալիգոնը կարգի բերվեր՝ 100 մլն եվրո գումարով, և Սպիտակում կա շվեյցարական թաղամաս, որը պետք է հելիոֆիկացվեր՝ շվեյցարական կողմի միջոցներով. ուղղակի բնակիչներին տրվեր 20 կ/վտ-անոց արևային սարքեր: Այդ խնդիրը լուծելու հաջորդ էտապը կլիներ 300 մլն դոլարի ներդրումը՝ գործարան կառուցելու համար: Այս խնդրի համար, ըստ Սահմանադրության, պահանջվում էր վարչապետի համաձայնությունը: Սպիտակի քաղաքապետի հետ միասին դիմեցինք վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը նամակ ուղարկեց նախարարություններ, որ կարծիքներն իմանա, իսկ դրանք խիստ դրական էին: Դրանից հետո պետք է նամակ տար, որպեսզի գործն սկսվեր, բայց չտվեց: Նամակը պետք է լիներ մոտավորապես այն բովանդակության, որ Հայաստանի կառավոարությունը դեմ չէ, որպեսզի շվեյցարական կողմը բարեգործական հիմունքներով ներդրում կատարի և կազմակերպի շվեյցարական թաղամասի հելիոֆիկացիան և արևային պալիգոնի ստեղծման խնդիրը: Ամեն անգամ զանգում էի, և մի անգամ աշխատակիցն ասաց՝ «Լավ էլի, մի ստիպեք, որ ձեզ բացատրենք մեր ներքին խոհանոցը…»: Այստեղից հարց է առաջանում՝ եթե նրանք ունեն իրենց ներքին խոհանոցը, բա մեր ինչի՞ն է պետք Սահմանադրությունը: Հիմա Տիգրան Սարգսյանն այլևս վարչապետ չէ, բայց ամեն տարի չէ, որ ինձ պատահում է 300 մլն դոլարի ներդրում անող գործարար: Այսինքն ՝ Տիգրան Սարգսյանի մի նամակի պատճառով ես կորցրեցի Սպիտակի աղետի գոտում 300 մլն դոլարի ներդրում կատարելու հնարավորությունը»: