Հարավային Կովկասը դարձել է միջազգային ջիհադականության ռեսուրսային տարածաշրջան, բայց Ղարաբաղի հարցը ջիհադական հռետորաբանությունից դուրս է. Արաքս Փաշայան

168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:

– Տիկին Փաշայան, այս օրերին լարված է իրավիճակը Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում՝ պայմանավորված Թուրքիա-Իսլամական պետություն փոփոխվող հարաբերություններով, որոնց ֆոնին, ըստ էության, փոխվում է իրավիճակը ողջ տարածաշրջանում: Ըստ Ձեզ` Հայաստանի համար ի՞նչ վտանգներով է լի «Իսլամական պետությանը» Թուրքիայի հայտարարած պատերազմը, թեև որոշ փորձագետներ կասկածներ ունեն, որ Թուրքիան «խաղ» է սկսել` փորձելով փրկել իր դեմքը և ազատվել երկրի ներսում բուն դրած, որոշակի իշխանություն ձեռք բերած իսլամիստներից:

– Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխություններն իրապես հասկանալու համար դեռ ժամանակ է պետք, ինչպես իրավացիորեն նշում են մեր թուրքագետները: Ընդհանրապես, Հայաստանի փորձագիտական հանրությունը միշտ էլ բացասական է գնահատել ոչ միայն «Իսլամական պետության», այլև տարբեր ջիհադական ռազմաքաղաքական խմբավորումների հետ Թուրքիայի համագործակցությունը՝ համարելով, որ Թուրքիան այդ ռեսուրսը մի ծայրով օգտագործում է Միջին Արևելքում հայկական ներկայության դեմ: Եվ դա խելքին մոտ է: Կարծում եմ, որ իրավիճակը Միջին Արևելքում այլևս այնքան բարդ է ու ճգնաժամային, որ տեղ գտնող իրավիճակային առանձին փոփոխությունները չեն կարող արմատապես շտկել դրությունը: Իսկ Հայաստանի համար ամենակարևորը Միջին Արևելքի հայ համայնքներն են, մասնավորապես՝ ամենաբարդ վիճակում հայտնված սիրիահայ համայնքը: Այնպես որ, իրավիճակը տարածաշրջանում դեռ երկար ժամանակ մնալու է լարված և անկանխատեսելի՝ բոլոր բացասական հետևանքներով:

– Նախկինում չէիք բացառել, բայց քիչ հավանական էիք համարել «Իսլամական պետության» ուղիղ սպառնալիքը Հայաստանի նկատմամբ: Սակայն օրերս Վրաստանում «Իսլամական պետությանը» և նրա առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիին հավատարմության երդում տված խմբավորման անդամ Աբդուլան նշել էր, որ ժամանակի ընթացքում իսլամը կտարածվի նաև Հայաստանում: Ի՞նչ է նախանշում ԻՊ ներկայացուցչի այս դիտարկումը, և ի՞նչ պետք է սպասել, ինչի՞ պետք է պատրաստ լինել՝ հատկապես փոփոխությունների այս շրջանում:

– Այո, ուղիղ վտանգ Հայաստանին չկա: Բայց մենք Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն ենք: Մենք համայնքներ ունենք տարածաշրջանում: Մենք պատերազմի մեջ ենք մուսուլմանական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի հետ, որը ջիհադական ռազմաքաղաքական ռեսուրսը հայկական բանակի դեմ օգտագործելու փորձ ունի: Ինչ վերաբերում է Հայաստանում իսլամի հնարավոր տարածմանը, դա անհեթեթ է հնչում, քանի որ Հայաստանում նման հենք չկա: Այստեղ մուսուլման բնակչություն չկա: Այլ բան է, որ Հայաստանը ներառված է խալիֆայության գաղափարական տիրույթում՝ որպես միջնադարում արաբաիսլամական պետության մի մաս: Իսկ «Իսլամական պետության» նպատակը խալիֆայության նախկին փառքը վերականգնելն է՝ իր աշխարհագրական սահմաններով: Բայց իմ համար հետաքրքրական է մեկ այլ հարց, այն, որ ԴԱԻՇ-ը, Ջաբհաթ ալ-Նուսրան, ռազմաքաղաքական այլ մոլեկրոն խմբավորումներ չեն անդրադարձել Ղարաբաղի հարցին:

Հայտնի է, որ Ադրբեջանը կարողացավ Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնել իսլամական օրակարգի մաս: Մասնավորապես՝ միջազգային համբավ ունեցող ամենահայտնի ու մեծ կառույցներից մեկը՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, քսան տարուց ավելի է, ինչ քննարկում է հայ-ադրբեջանական հակամարտությունը և տարաբնույթ, այդ թվում՝ քաղաքական, աջակցություն ցույց տալիս Ադրբեջանին՝ իսլամական համերաշխության շրջանակներում: Սակայն Ղարաբաղի հարցը ջիհադական հռետորականությունից կարծես դուրս է մնացել: Նույն Ուսամա Բեն Լադենը, ով անդրադառնում էր գլոբալ իսլամական խնդիրներն, նույնպես շրջանցել է Ղարաբաղի հարցը: Իսլամական պետության ձեր նշած զինյալն իր հարցազրույցում կարծես խոսում էր վերացական հարցերի մասին: Այսօր թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային Կովկասը դարձել է միջազգային ջիհադականության ռեսուրսային տարածաշրջան: Պատահական չէ, որ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են այս խնդիրներով:

– ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովն օրերս հայտարարել էր, որ ԱՊՀ երկրների սահմանին կհաստատվի մշտական վերահսկողություն այն անձանց տեղաշարժի նկատմամբ, ովքեր կկասկածվեն ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար: Սա նշանակում է՝ վերահսկողություն գրեթե բոլոր սահմանների նկատմամբ, ըստ էության, թեև դեռ պարզաբանված չէ` խոսքն ինչի մասին է: Այսօր, Ձեր գնահատմամբ, նման միջոցառումների կարիքը կա՞:

–  Անկախ նման հայտարարությունից, պարզ է, որ տևական ժամանակ է՝ ինչ տարածաշրջանի բոլոր պետություններն այս կամ այն կերպ փորձում են ավելի ամրապնդել իրենց ազգային անվտանգության համակարգը: Ընդհանրապես, ամբողջ աշխահում տարիներ շարունակ պայքար է ծավալվում միջազգային ահաբեկչության դեմ: Եվ Ռուսաստանից, այլ երկրներից բացի, նույն Եվրամիության համար ահաբեկչությունը դարձել է ամենասուր մարտահրավերներից մեկը: Բնականաբար, ազգային անվտանգության հետ կապված խնդիրները պետք է նույնպես սուր հնչեղություն ունենան Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս