«Ժողովուրդը հասկացավ, որ Սիրիայից եկածները մնալու են հայրենիքում, տուրիստներ չեն»
Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Հալեպի շուկայում արևելյան բույր է տարածվում հենց համեմունքների խանութից: Հալեպից Երևան ժամանած Սարգիս Քիրազյանն ասում է, որ արևելյան խոհանոցի բոլոր համեմունքներն ունեն, իսկ որակը երաշխավորված է:
Մեր զրուցակիցը պատմեց, թե ինչպիսին էր կյանքը Սիրիայում մինչև պատերազմը, ու ինչպես պատերազմի պատճառով վերադարձան հայրենիք.
«Մինչև պատերազմի սկսվելը կյանքը նորմալ էր Սիրիայում: Ժողովուրդն իր ծախսին համեմատ աշխատավարձ էր ստանում: Այստեղի աշխատավարձից շատ բարձր չէր, բայց ապրելակերպն էր էժան: Եթե այստեղ ամսական պետք է 200 հազար դրամ ծախսես, որ ապրես, ապա այնտեղ կկարողանայիր 80 հազարով կարիքներդ հոգալ, նաև կոմունալ վճարումներ կատարել:
Հայաստանում առաջին խնդիրը, որ ունեցանք, լեզվի արտասանության տարբերությունն էր: Բացի այդ, այստեղ մեծ մասի մեջ այն մտածելակերպը կա, որ եթե մեկն արտասահմանից է եկել, ուրեմն հետը գումար է բերել, և ինչը որ արժե 100 դրամ, պետք է գնի 500-ով:
Հետո ժողովուրդը հասկացավ, որ ոչ, Սիրիայից եկածները մնալու են եկել, այսինքն՝ տուրիստներ չեն, որ գան մեկ շաբաթ մնան, և, եթե սա 100 դրամ է, 500 ասենք, կառնի-կգնա:
Սիրիայում հեռու էինք այս գործից, զբաղվում էինք մետաղի մշակմամբ, բայց ունեինք ընկերներ, ծանոթներ, ովքեր այս գործով էին զբաղվում: Նրանց խորհուրդներն ու փորձառությունը մեզ օգնեց՝ այստեղ այս գործով զբաղվել: Մետաղի արտադրությունը Հայաստանում խնդիր է, դրա համար որոշեցինք համեմունքների վաճառքով զբաղվել:
Հայաստանում ենք արդեն երեք տարի, իսկ այս գործով զբաղվում ենք մոտ 9 ամիս: Երկու տարուց ավելի հիմնական աշխատանք չունեինք, տարբեր գործեր էինք անում:
Հիմա ծայրը ծայրին հասցնում ենք: Մեկ ամիս՝ մի քիչ պակաս, մեկ ամիս՝ մի քիչ ավելի, մեկը մյուսին լրացնում է: Եթե գործն առաջ գնա, կմնանք Հայաստանում, բայց եթե ետընթաց լինի, պետք է լուծումներ փնտրենք: Հարկային դաշտի հետ կապված խնդիրներ չունենք, որքան վաճառում ենք, այդքան էլ վճարում ենք, օրենքը բոլորիս համար է»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է Սիրիայում մնացած հայերի վիճակը.
«Կան շրջաններ, որ ապահով են ռմբակոծությունից, բայց այդտեղ էլ կան հոսանքի, ջրի խնդիրներ: Կան մարդիկ, որոնց հարցնում ենք, թե՝ ինչո՞ւ չեք ցանկանում դուրս գալ Սիրիայից, ասում են, որ գնալու տեղ չունեն: Հայաստան գալ չեն ուզում, քանի որ գիտեն, որ մեծ մասն աշխատանք չունի»:
Համեմունքների խանութում տեսականին մեծ է: Սարգիսն ասում է, որ հաճախորդների մեջ կան ինչպես՝ սիրիահայ, այնպես էլ՝ սփյուռքահայ ու տեղացի հայեր. «Աշխատում ենք որակի հաշվին, այսինքն՝ կարող է գները մի փոքր բարձր լինեն, բայց դա որակի հաշվին է: Հայաստանում ունենք ընկերներ, ովքեր օճառ են արտադրում, համագործակցում ենք և վաճառում նաև իրենց արտադրանքը»:
Այս խանութում կարելի է գտնել արևելյան խոհանոցին բնորոշ յուրահատուկ համ ունեցող զահթարը, որն օգտագործվում է հիմնականում Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում:
«Զահթարը բույսերի և համեմունքների խառնուրդ է: Օրինակ, նախաճաշի համար այն բացում ես ձեթով, քսում հացին, պիցցայի խմորին, դնում ես ջեռոցը, հանում ու վայելում պանրի, զեյթունի հետ: Տարբեր տեսակներ կան՝ եփվող, չեփվող: Ունենք զեյթուններ, որոնք բնական ճանապարհով են մշակված, այս տեսականին միայն մենք ենք ներմուծում: Զեյթունը դառն է լինում, խանութներից գնվածը քաղցրանում է քիմիական հավելումներով, իսկ մեզ մոտ աղաջրում է քաղցրանում, ինչը բնական ճանապարհն է: Ունենք հունական «ծամոն-խունկ», որն ուտելու համար է:
Սիրիայում դա հիմնականում օգտագործում էին այն մարդիկ, ովքեր սեռական հարաբերության տկարություն ունեին: Այն օգտագործվում է նաև խմորեղենների մեջ՝ մանրացված տարբերակով, որովհետև համեղ բույր ունի»:
Մեր զրուցակիցն ասաց, որ շուկան ունի գովազդի կարիք.
«Դիմեցինք քաղաքապետարան, որպեսզի մետրոյի մուտքի մոտ գովազդային պաստառ դրվի, բայց պատասխան չենք ստացել»:
Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ ինչ-որ զբոսաշրջիկներ են այցելել խանութ, շնորհավորել՝ ասելով, թե լավ է, որ Սփյուռքի նախարարությունն աջակցում է սիրիահայերին, որ այդպիսի գործ անեն, բայց իրականում որևէ աջակցություն չի եղել, և շուկայում բոլորը վարձակալել են տաղավարներն ու սկսել իրենց գործունեությունը:
Տեսանյութը՝ Անի Քեշիշյանի