Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի ժամկետի ավարտը վտանգում է միջազգային անվտանգությունը. Գուտերեշ
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍՊ) կրճատման պայմանագրի գործողութան դադարումն աննախադեպ վտանգ է ստեղծում համաշխարհային անվտանգության համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ։
«Ավելի քան կես դար անց առաջին անգամ մենք բախվում ենք մի աշխարհի, որտեղ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի միջուկային զենքի մեծ մասին տիրապետող երկու պետությունների ռազմավարական միջուկային զինանոցների վրա որևէ պարտադիր սահմանափակում չկա։ Դա լուրջ հանգամանք է միջազգային խաղաղության և անվտանգության համար», – Reuters-ի փոխանցմամբ, ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Գուտերեշն ընդգծել է, որ սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունն օգնել է կանխել աղետները, ապահովել կայունություն և բացառել ճակատագրական սխալ հաշվարկների վտանգը:
Միևնույն ժամանակ, Գուտերեշը հայտարարել է, որ այժմ հնարավորություն կա «վերագործարկել և ստեղծել սպառազինությունների վերահսկողության ռեժիմ, որը կհամապատասխանի արագ փոփոխվող պայմաններին»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների դիրքորոշումը՝ կանխելու վերադարձը աշխարհին, որտեղ հնարավոր է միջուկային զենքի անվերահսկելի տարածումը։
«Աշխարհն այժմ սպասում է Ռուսաստանի Դաշնությանը և Միացյալ Նահանգներին՝ խոսքը գործի վերածելու համար», – ասել է Գուտերեշը։
2026 թ. փետրվարի 5-ին լրանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։ Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող էին ունենալ միջուկային զենք կրելու ունակ 800 միավոր համակարգ, սակայն դրանցից միայն 700-ը կարող էին տեղակայվել և պատրաստ լինել օգտագործման, իսկ միջուկային մարտագլխիկների թիվը սահմանափակվում էր 1550-ով: Քանի որ պայմանագիրը վերաբերում էր միայն ռազմավարական և տեղակայված միջուկային զենքերին, երկու երկրներն էլ ունեն ավելի մեծ միջուկային զինանոց: Միջուկային մարտագլխիկների հստակ թիվը պետական գաղտնիք է, սակայն ըստ Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի գնահատումների՝ Ռուսաստանն ունի 5459, իսկ Միացյալ Նահանգները՝ 5177 միջուկային զենք: Երկու երկրներին բաժին է ընկնում աշխարհի միջուկային զինանոցի 86%-ը: 2025 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին կամավոր կերպով ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ամերիկյան կողմն առայժմ չի պատասխանել այս առաջարկին:
