ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 գերիների
Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 գերիների։ Այս մասին X-ի իր էջում արված գրառման մեջ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնեցին փոխանակել 314 գերիների՝ հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումը։
Այս արդյունքը ձեռք է բերվել խաղաղության բանակցությունների շնորհիվ, որոնք մանրամասն էին և արդյունավետ։ Չնայած դեռևս զգալի աշխատանք կա անելու, սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը տալիս է շոշափելի արդյունքներ և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- հայտարարել է Ուիթքոֆը։ Նա նշել է, որ քննարկումները կշարունակվեն, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ բանակցությունները հյուրընկալելու համար, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս համաձայնությունը հնարավոր դարձնելու գործում իր առաջնորդության համար։
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 4-ից մեկնարկել էին ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
