Բաժիններ՝

Հնդկաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի առաջին մասը գրեթե պատրաստ է

Հնդկաստանը և ԱՄՆ-ն գործնականում ավարտել են առևտրային համաձայնագրի առաջին մասի մշակումը. կողմերը պատրաստվում են այս թեմայի վերաբերյալ համատեղ հայտարարություն հրապարակել չորս-հինգ օրից: Ւստ Hindustan Times-ի՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը։

Նախարարի խոսքով՝ «երկկողմ համաձայնագրի առաջին մասը գրեթե պատրաստ է»։

Միևնույն ժամանակ Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ իշխանություններն առաջվա պես իրենց առջև խնդիր են դրել ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նա նշել է, որ այս առումով կառավարությունը հանձնառու է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ռազմավարությանը՝ հաշվի առնելով շուկայական պայմանները և միջազգային իրադրությունը։

Ջայսվալը հավելել է, որ Հնդկաստանը պատրաստ է նավթ գնել Վենեսուելայից։

«Մենք Վենեսուելայի հետ գործընկերային հարաբերությունների երկար պատմություն ունենք։ Մենք պատրաստ ենք նրանից և այլ վայրերից նավթ գնել՝ կախված շահութաբերությունից», – ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նոր որևէ բան չի տեսնում նավթի և նավթամթերքի ներմուծումը դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի պլաններում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Թրամփը նշել էր, որ Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս