Էստոնիան և Լատվիան խոսել են ՌԴ հետ բանակցությունների համար եվրոպական բանագնաց նշանակելու անհրաժեշտության մասին
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան Euronews հեռուստաալիքին տված առանձին հարցազրույցներում խոսել են Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու նպատակով եվրոպական հատուկ բանագնաց նշանակելու մասին։
«Այո, մեզ իրոք դեսպանորդ է պետք: Հարցը, հավանաբար, այն է, թե ով կլինի դա: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ տարբերակներ ունենք», -մեջբերել է հեռուստաալիքը Լատվիայի վարչապետի խոսքը։
Էստոնիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ ընտրված հատուկ դեսպանորդը պետք է լինի «խոշոր եվրոպական երկրից», որին վստահում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հատուկ դեսպանորդի նշանակման աշխատանքն «արդեն սկսվել է տեխնիկական մակարդակով։
Հունվարին Politico պարբերականը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Եվրամիության երկրները քննարկում են հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, որը կարողանա ԵՄ-ի անունից երկխոսություն վարել ռուսական կողմի հետ: Այդ դերի համար հնարավոր թեկնածուների թվում նշվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
