Համաճարակաբանական հսկողությունը կրկնակի ուժեղացվել է
Օրերս Արմավիրի մարզում աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին: Իսկ հունիսի 16-ին «Արմավիր բժշկական կենտրոնում» գրանցվեց երեխայի մահ:
Երեխան Ջրաշեն գյուղից էր:
Երեկ պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում հոսպիտալացված անձանց վիճակը, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ասաց. «Նախ՝ առաջինը եկեք խոսենք այն երկու փոքրիկների մասին, որոնք դեռևս հոսպիտալացված են Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում: Հունիսի 18-ին ես այնտեղ եմ եղել, ինքս եմ զրուցել, տեսել երեխաներին: Երեխաների վիճակը բավականին լավ է, երեխաներն արդեն վազվզում են, ամեն ինչ լավ է, պարզապես սպասում ենք լաբորատոր կրկնակի բացասական հետազոտությունների արդյունքներին, որպեսզի կարողանանք երեխաներին արդեն դուրս գրել:
Իհարկե, այս օրերի ընթացքում երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ են ընդունվում հիվանդանոց, որոնք միմյանց հետ համաճարակաբանորեն կապ չունեցող անձինք են՝ տարբեր գյուղերից, քաղաքի տարբեր հատվածներից, տարածաշրջանի տարբեր մասերից, որը տրամաբանական է և շատ օրինաչափ այս սեզոնի համար, քանի որ ընդհանրապես աղիքային վարակները շուրջտարին արձանագրվում են: Ավելին՝ հիմա ամառային սեզոն է, և աղիքային վարակների մի փոքր աշխուժացում կարող է նկատվել՝ իհարկե, մեր ունեցած ֆոնային ցուցանիշներին համապատասխան:
Ընդունված յուրաքանչյուր դեպքի համար կատարվում է մանրամասն համաճարակաբանական հետազոտություն, որպեսզի պարզվեն բոլոր գործոնները, որոնք հիվանդության առաջացման են հանգեցրել՝ կլինի սննդային, ջրային թե կոնտակտային: Ինչպես նշեցի, ընդունված հիվանդներն իրար հետ բացարձակապես որևէ կապ և առնչություն չունեն, նրանք առանձին արձանագրված հիվանդներ են, ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Այսօր համաճարակաբանական հսկողությունը կրկնակի ուժեղացվել է, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի, և նախարարությունը ցանկացած պահի իրազեկ լինի՝ ինչ իրավիճակ է այնտեղ, և հիվանդների ինչպիսի շարժ է նկատվում: Բոլոր հիվանդները վերցվել են հսկողության տակ, բոլորը հոսպիտալացված են, բոլորի նկատմամբ կատարվել են լաբորատոր հետազոտություններ, համաճարակաբանական հետազոտություններ»:
Նրա խոսքով՝ Արմավիրում հոսպիտալացված հիվանդների վիճակը թեթև և միջին ծանրության է, բոլորի վիճակը վերահսկվում է, դրական տեղաշարժ կա, սահմանված է ռենիմատոլոգների հերթապահություն, որպեսզի ըստ անհրաժեշտության` ժամանակին ապահովվի երեխաների խորհրդատվություն նեղ մասնագետների կողմից: Նա նշեց, որ օրական 2-3 անգամ թարմացված տեղեկություն են ստանում. «Օրական 2-3 անգամ թարմացված տեղեկատվություն ենք ստանում, իրազեկ ենք լինում հիվանդների վիճակին, նրանց դինամիկային, բուժմանը, կազմակերպված կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներին, և պարբերաբար այցելություններ են լինում»:
Լիանա Թորոսյանն ասաց, որ տնային օջախներից ջրային նմուշներում շեղումներ չկան. նախօրոք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նաև լրացուցիչ նմուշառումներ են կատարվում մի քանի կետերից, ուժեղացվել է հսկողությունը, հսկողության տակ են և քիմիական, և մանրէաբանական ցուցանիշները, մինչ հունիսի 18-ը վերցված ջրերի նմուշներում շեղումներ չեն արձանագրվել:
Անդրադառնալով «Արմավիր» բ/կ-ում երեխայի մահվան դեպքին՝ Լ. Թորոսյանն ասաց, որ նա ընդունվել է աղիքային գանգատներով՝ լուծ, փսխում, ջերմություն. «Այնտեղ կազմակերպվել են համապատասխան միջոցառումները, բայց երեխայի վիճակը կտրուկ վատացել է՝ ելնելով ինտոքսիկացիոն որոշակի գործընթացներից և երեխայի առողջական վիճակից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, բայց, ինչպես գիտեք, ցավոք սրտի, երեխայի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Եվ քանի որ այս պահին գործը գտնվում է այլ գերատեսչությունների, այլ մասնագետների, այսպես ասեմ՝ վարման ներքո, ավելին այսօր ասել չեմ կարող»: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր էր` այդքան ժամանակում նման ելք առաջանալ, Լիանա Թորոսյանը պատասխանեց. «Հիմա դուք մի հարց եք տալիս ինձ, որին ես կդժվարանամ պատասխանել, քանի որ մեզ լիարժեք պատասխաններ կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, կպարզաբանվի, թե երեխայի մոտ ինչ է եղել, ինչ խնդիրներ են եղել, և թե հետազոտությունների, թե նրանց դիտարկումների արդյունքում կկարողանանք որոշակի տեղեկատվություն տրամադրել»:
Աղիքային վարակներից զերծ մնալու համար՝ Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց մրգերն ու բանջարեղենը մանրամասն լվանալ հոսող ջրով. «Սննդամթերքը պետք է պահել փակ տարաներում, որովհետև միջատները, ճանճերը կարող են կեղտոտել սննդամթերքը, փչացող և հատկապես շուտ փչացող սննդամթերքը պետք է պահպանել միայն սառնարանային պայմաններում, պետք է հստակ տարանջատել կիսաեփ, եփված և հում սննդամթերքը: Իհարկե, պետք է խուսափել սնվել այնպիսի սննդամթերքով, որոնք պատրաստվում և վաճառվում են ոչ պատշաճ պայմաններում, որտեղ չկան սառնարանային պայմաններ, հոսող ջուր, այդ թվում՝ տաք ջուր:
Պետք է պահանջատեր լինենք ինքներս մեր անձի նկատմամբ, հատկապես անձնական հիգիենայի պահպանման առումով: Կեղտոտ ձեռքերի գործոնը ևս կարող է նպաստել աղիքային վարակների առաջացմանը՝ ինքնավարակման առումով: Եվ կարևոր պայմանը, որ պիտի այսօր հնչեցնեմ. եթե կան աղիքային գանգատներ՝ լուծ, ջերմություն, թուլություն, սրտխառնոց կամ փսխում, պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, այլ անպայման պետք է դիմել բժշկական օգնության, որպեսզի բժիշկը գնահատի անհատի կլինիկական վիճակը և որոշի՝ հոսպիտալային պայմաններում է պետք բուժումն անցկացնե՞լ, թե՞ դա ընդամենը ստամոքսաղիքային խանգարման երևույթ է:
Մյուսը, որ պիտի հորդորեմ մեր բնակչությանը, ցանկացած վարակիչ հիվանդության կանխարգելման ուղղությամբ մակերեսների խոնավ մշակումն է: Թեկուզ հենց մեր կենցաղային ժավելը, որ մեր ժողովուրդն օգտագործում է: Թույլ լուծույթներով կարելի է անընդհատ մակերեսները, դռների բռնակները, ծորակի պտուտակները, հատկապես սանհանգույցներ մաքրել, ախտահանել, որը նաև շատ կարևորվում է այն ընտանիքներում, որտեղ կան փոքրիկ երեխաներ: Իսկ արդեն սնվելուց առաջ և զուգարանից հետո ձեռքերը լվանալու մասին, կարծում եմ, անհրաժեշտություն չկա հիշեցնելու»: