Բաժիններ՝

Աղբանոց՝ բաց երկնքի տակ

Աղբահանությունն ու աղբի վերամշակման թեմաները դարձել են մեր հասարակական կյանքի պարբերական ուղեկիցները: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մամուլում պարբերաբար հայտնվում էին Երևանի հիմնական աղբավայրից գազի կորզման ծրագրեր: Ընդ որում, մեկը մեկից սրսուռ, անիրագործելի ծրագրեր: Բնականաբար, դրանք այդպես էլ չէին իրագործվում: Հիմա արդեն դժվար է հիշել, թե երբ առաջին անգամ խոսվեց աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին: Հետո արտասահմանից (կարծեմ` Ճապոնիայից) մասնագետներ հրավիրվեցին:

Նրանք ուսումնասիրեցին ոլորտը ու հայտարարեցին, որ աղբի վերամշակումը տնտեսապես ձեռնտու չէ: Պատճառն այն էր, որ մեր երկրում «արտադրվող» աղբի ֆիզիկական ծավալը բավարար չէր նման տնտեսական ձեռնարկություն հիմնելու և աշխատեցնելու համար: Ավելին` աղբարտադրության գործընթացը տարեցտարի կրճատվում էր: Մի կողմից` բնակչությունն էր պակասում:

Մյուս կողմից՝ բնակչության աղքատացման պատճառով կրճատվում էին թափվող կենցաղային աղբի ծավալները: Արտասահմանցի մասնագետների կարծիքով, աղբի վերամշակման, կամ պակաս հակահիգիենիկ ձևակերպմամբ` ռեսուրսների կրկնակի օգտագործման ձեռնարկության շահավետ աշխատանքի համար հարկավոր էր տարածաշրջանի երկրներից կազմակերպել այդ կրկնակի օգտագործման ռեսուրսի ներմուծում: Բայց բոլորն էլ հասկանում էին, որ կրկնակի օգտագործման ռեսուրս ասածն ամենասովորական աղբն էր: Հիշում եմ` ինչ զգացմունքային էր մեր հասարակական արձագանքը: Այն արտահայտվում էր մեկ հարցով` «Հարևան երկրներից զիբի՞լ ներկրենք»: Եվ այդ հարցին տրվում էր մեկ պատասխան՝ «Թույլ չենք տա Հայաստանը վերածել տարածաշրջանի երկրների աղբանոցի»: Հետո թեման կարծես փակվեց, ու Հայաստանը կամաց-կամաց սկսեց վերածվել սեփական արտադրության աղբանոցի:

Հանուն ճշմարտության` պետք է ասել, որ Երևանում և շրջակայքում այս գործընթացը վաղուց էր սկսվել: Սովետաշենի այրվող աղբանոցի ծուխը քամին երբեմն մինչև մայրաքաղաքի կենտրոն էր հասցնում: Իսկ հիմա, ով մեկ անգամ անցել է Էջմիածին-Աշտարակ ճանապարհով, կամ մոտեցել է որևէ գետափի, գիտի, թե ինչ է աղբանոցը: Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի դարձել է օդում ճախրող պոլիէթիլենային տոպրակների երկիր: Մայրաքաղաքում պարբերաբար անդրադառնում էին ռեսուրսների կրկնակի օգտագործման խնդրին: Որոշ գործարարներ զբաղվում էին այդ ոլորտով:

Բայց նրանք միշտ բողոքում են, որ մինչև աղբահանությունը մայրաքաղաքի աղբամանները կրկնակի «մշակում» են անցնում: Այդ «մշակումն» աղքատ բնակչության մի հատվածի համար գոյատևման հարց է լուծում: Նրանք աղբամաններից հավաքում են վերամշակման ենթակա ամեն ինչ` մետաղյա բոլոր իրերը, որոնք հնարավոր է հանձնել մետաղի ընդունման կետերին: Հացն ու մյուս սննդամթերքը որպես անասնակեր` գնում են իրենց գյուղմթերքը մայրաքաղաք վաճառելու բերած գյուղացիները: Այս ամենի արդյունքում ռեսուրսների կրկնակի օգտագործման ոլորտը գործարարների համար դառնում է պակաս հրապուրիչ: Ու հիմա աղբամշակման խնդիրը նորից դարձավ քննարկվող խորհրդարանական թեմա: Ահագին բան պարզեցինք: Նախ պարզվեց, որ կառավարությունը որոշել է Հայաստանն ազատել աղբից: Ազատել՝ առայժմ մեկ-երկու մարզի մասշտաբով: Ուստի խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկից 3,5 մլն եվրո վարկ վերցնելու և 3,5 մլն եվրո դրամաշնորհ ստանալու առաջարկ:

Այդ գումարները պետությունը վերցնելու է և տրամադրի Կոտայքի մարզի 7 համայնքների: Ըստ վարկավորման պայմանավորվածության, համայնքները պարտքը պիտի վերադարձնեն 15 տարվա ընթացքում: Հայտնի բան է` մեր խորհրդարանը երբեք չի մերժում կառավարության խնդրանք-պահանջները: Հետևաբար` ընդդիմադիր պատգամավորների մտավախությունը որևէ իմաստ չունի: Նախ մեր կառավարությունը խոստանում է, որ վարկը համայնքապետարաններին փոխանցելուց հետո «կիսամյակային կտրվածքով հետևելու է վարկային պարտավորությունների կատարմանը»: Եվ եթե 15 տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները քոռուփուչ անեն վարկային միջոցները, դրանք կվերադարձվեն պետբյուջեից:

Հրապարակվեց, որ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 80 հազար տոննա աղբ: Այս քանակը բավարար չէ աղբամշակման հին ծրագրերը վերաթարմացնելու համար: Մոտավորապես 3,5 անգամ պակաս է աղբամշակման ոլորտը բիզնեսի համար հրապուրիչ դարձնելու համար: Հետևաբար` ընտրվել է վարկ վերցնելու ու երկրի արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհը: Ափսոս, որ նույնիսկ խորհրդարանին չբացատրեցին, թե այդ 7 մլն եվրոյով համայնքապետարաններն ինչ են անելու: Հուսանք, որ «Վոլվո» կամ «Մերսեդես» թանկուկրակ բեռնատարներ չեն առնելու համայնքների աղբը հավաքելու ու աղբանոց տեղափոխելու համար:

Մինչդեռ նման եզրակացություն անելու բոլոր հիմքերը կան: Հարցը խորհրդարանին ներկայացնող ԱԻ փոխնախարարը նշեց, որ «Հայաստանի մարզերում աղբի վերամշակումը դեռևս բիզնես չէ»: Դժվար է չհամաձայնելը: Հատկապես, եթե գիտենք, որ այդ ոլորտն անգամ մայրաքաղաքի ու երկրի մասշտաբով բիզնես չէ: Բայց կարող էր, չէ՞, որևէ պատգամավոր փոխնախարարին հարցնել՝ «Լավ, եթե բիզնես չէ, ապա ինչի՞ հաշվին են Կոտայքի ընտրյալ համայնքներն ապահովելու վարկի վերադարձելիությունը»:

Թե՞ 3,5 մլն պարտքն այն թիվը չէ, որ անհանգստացնի մեր պատգամավորներին: Անցած շաբաթ նրանցից մեկը հարցազրույցում ասել էր, որ ինքը մի ձախողակ գործարարի 8,5 մլն դոլար է պարտք տվել` առանց գրավոր պայմանագիր փաստաթղթի:

Սեփական փողերն այսպես տնօրինող անձանց էլ վստահել ենք երկրի տնտեսությունը: Ուստի այսօրվանից պիտի պատրաստ լինենք նոր ու լրացուցիչ 3,5 մլն եվրոյանոց պարտքը բյուջեի հաշվին վերադարձնելու իրողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս